Արսինե Խանջյանը կամ Սերժ Թանկյանը իրենց դիտորդական շարժմամբ ապրիլին գալու են Հայաստան. ինչ նոր խարդախություն են մտածել ընտրակեղծարարները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին «Արդարություն Հայաստանում» անվամբ ստորագրահավաք նախաձեռնած հայտնի սփյուռքահայ արվեստագետները՝ Սերժ Թանկանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը, երեկ հայտարարեցին, որ պատրաստվում են սփյուռքում համախոհների խմբեր ձեւավորել, որոնք 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ կգան Հայաստան եւ որպես դիտորդներ կմասնակցեն ընտրությունների վերահսկողության գործընթացին:

Արդյոք Սփյուռքը պետք է ունենա մասնակցություն Հայաստանի քաղաքական կյանքում: Անկախության հռչակման առաջին իսկ օրվանից, իսկ գուցե եւ դրանից էլ առաջ առկա այս հարցի պատասխանը մինչ օրս էլ հստակ չի ձեւակերպվում ՀՀ իշխանության կողմից: Եթե Տեր-Պետրոսյանն ամեն կերպ փորձում էր իր իսկ ձեւակերպմամբ՝ «նարինջ ուտողներին» հեռու պահել ՀՀ ներքաղաքական կյանքից, ապա Ռոբերտ Քոչարյանը տեսանելի հարթությունում կարծես թե փորձում էր բացել ներքաղաքական դարպասները Սփյուռքի առջեւ՝ հնարավորություն տալով Հայաստանում ամրապնդվել եւ ընդլայնվել ինչպես ավանդական կուսակցություններին, այնպես էլ սփյուռքյան ազդեցիկ կազմակերպություններին:

Սակայն, բնականաբար, այդ ամենն արվում էր չափի մեջ, եւ մինչ Սփյուռքում մտածում էին, որ իրենք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանական համակարգի վրա, տարիների ընթացքում կամաց-կամաց տեղի էր ունենում հակառակը: Եվ արդեն այսօր՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման փուլում, այնպիսի մի իրավիճակ է, երբ սփյուռքյան հեղինակավոր կառույցներն ու ավանդական ուժերը բացառիկ լոյալություն են ցուցաբերում ՀՀ իշխանությունների հանդեպ՝ մշտապես աչք փակելով երկրում առկա ապօրինությունների վրա:Դա, բնականաբար արդարացվում է ղարաբաղյան հիմնախնդրով եւ դրա հետ կապված պսեւդոհայրենասիրական զեղումներով:
Սակայն այս ամռանը «Սասնա ծռերի» գործողություններից հետո կարծես թե բոլորի համար ակնհայտ դարձավ, որ նաեւ Սփյուռքի հետ հարաբերությունները փոփոխության կարիք ունեն: Եվ լոյալ թեւը՝ ի դեմս Գլոբալ հայերի, հայտարարեց երկիրը շենացնելու, իսկ ահա ընդդիմադիր հատվածը՝ ՀՀ իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում բանեցնելու մտարադրության մասին:

Սակայն իրականում թե՛ մեկը եւ թե՛ մյուսը մեծ հաշվով ձախողվելու են, քանի որ ինչ էլ անեն, ի վերջո, դեմ են առնելու Հայաստանի՝ արմատապես կոռումպացված համակարգին, որը մի կողմից կլանելու է լոյալ «գլոբալների» ներդրումներն ու երկրի հնարավոր տնտեսական առաջընթացի հնարավարությունները, մյուս կողմից էլ ավելի դեգրադացնելով քաղաքական դաշտը՝ զրոյացնելու է ընդդիմադիր սփյուռքահայերի ջանքերի ՕԳԳ-ն, քանի որ ստացվելու է, որ Արսինե Խանջյանը կամ Սերժ Թանկյանը իրենց դիտորդական շարժմամբ գալու են իշխող ՀՀԿ-ի ընտրակեղծարարներից պաշտպանելու ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ձայները:




Լրահոս