Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռեւս սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ բոլոր մարմիններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ ՊՈԱԿ-ն է պետական բյուջեից ամենաշատ միջոցներ կլանողն ու ինչ գործառույթներ է այն իրականացնում: Կառավարության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ 2016 թվականին ամենաշատ գումարը՝ 1 մլրդ 201 մլն 479 հազար 400 դրամ, հատկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` անտառպահպանական ծառայությունների համար: Նկատենք, որ այդ միջոցներն ավելին են, քան նախատեսված է 2017 թվականի բյուջեով հատկացնել, օրինակ, ափյուռքի նախարարությանը:
Ի վերջո, ինչ գործառույթներ է իրականացնում այս ՊՈԱԿ-ը: «Հայանտառ»-ը ապահովում է ՀՀ պետական անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը, օգտագործումը, հաշվառումը, գույքագրումը, անտառային կադաստրի վարումը, անտառների արտադրողականության եւ անտառային հողերի բերրիության բարձրացումը, անտառային պաշարների կայուն օգտագործումը, ինչպես նաեւ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները` բնափայտի մթերում, կողմնակի անտառoգտագործում եւ դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում եւ այլն: Սա ՊՈԱԿ-ի գործունեության՝ «Հայանտառ»-ի պաշտոնական կայքում տեղ գտած ներկայացումն է: Արդյոք վերը նշված բոլոր գործառույթները այս ՊՈԱԿ-ը բավականաչափ արդյունավետ է իրականացնում, թե այստեղ եւս առկա է վարչապետ Կարեն Կարապետյանի նշած իրավիճակը՝ «էֆեկտիվ չեն, իզուր աշխատավարձ ենք տալիս», թերեւ պարզ կդառնա ՊՈԱԿ-ների օպտիմալացման գործընթացի ավարտին: Բայց մինչ այդ ընդամենը մեկ հիշեցում այս ՊՈԱԿ-ի մասին:
Դեռեւս 2013 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ` յուրացնելով խոշոր չափի գումար: Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար այն անձինք, ովքեր պարտավոր են հսկելու եւ ստուգելու կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:
Այսքանից հետո նշենք միայն, որ 2014թ.-ին այս ՊՈԱԿ-ին տարեկան հատկացումը կազմել է շուրջ 971 մլն դրամ: Ստացվում է` չարաշահումներն ամենեւին չեն մտահոգել հայրենի կառավարությանը այս ՊՈԱԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու որոշում կայացնելիս:
Վահագն Հակոբյան