ՊՈՒՏԻ՞ՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրեցին հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին պայմանագիրը։ Քաղաքական աղմուկի մեջ սույն համաձայնագրի կնքման փաստն ու դրա առանցքային մանրամասները բավարար ուշադրության չարժանացան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ջանքերով հայ-ռուսական վերոնշյալ համաձայնագիրը արդեն իսկ հրապարակվել է։

Թվում է՝ վատ գաղափար չէ միասնական զորախմբի ստեղծումը, որ կարող է կատարել տակտիկական կամ մարտավարական այնպիսի առաջադրանքներ, որոնց պետական զինված ուժերի պաշտոնապես մասնակցելը կարող է ասոցացվել պատերազմի հասկացությանը։ Ինչպես հայտնի է՝ պետությունները գերազանցապես խուսափում են պաշտոնապես պատերազմ հայտարարելուց։ Վերջապես, երբ պետական զինված ուժերը ներգրավվում են որեւէ ռազմական արշավի մեջ, դա միջազգային հանրության շրջանում ստեղծում է պատերազմի էֆեկտ՝ դրանից բխող տարատեսակ ճնշումների ու սանկցիաների դարպասները լայնորեն բացելով։ Օրինակ՝ եթե հայ-ադրբեջանական հակամարտության թեժ պահերին ՀԱՊԿ-ը ներքաշվի, դա կարող է նշանակել անվտանգության դաշինքի կողմից ագրեսորին զսպելու պատասխանատու գործողություն՝ միջազգային կամ առնվազն տարածաշրջանային ռազմա-քաղաքական հետեւանքներով։ Մինչդեռ եթե հայ-ռուսական առանձին զորախումբն է լինում ագրեսիային արձագանքողը, իրավիճակը հարաբերականորեն փոխվում է։
Ըստ Մոսկովյան համաձայնագրի՝ հայ-ռուսական միացյալ զորախումբը ձեւավորում է ՀՀ-ում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի եւ Հայաստանի ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի միավորմամբ։ Հատկանշական է՝ միացյալ զորախմբի հրամանատար նշանակելու իրավասությունը պատկանելու է ՀՀ նախագահին, որը պարտավոր է իր նշանակումը համաձայնեցնել ՌԴ նախագահի հետ։ Եթե խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գերագույն շտաբի պետին, ապա պատերազմական դրության պայմաններում նա ենթակա է դառնում ՀՀ ԳՇ պետին եւ ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի հրամանատարին։ Անպատկերացնելի է, թե ինչպիսի անհեթեթ իրավիճակ կարող է առաջանալ, եթե այսպիսի կիսված պատասխանատվությունն առերեսվի իրականության հետ։ Հետաքրքիր է՝ ինչ են մտածել պայմանագրի ստեղծմանը մասնակցած ՀՀ ՊՆ մասնագետները, երբ միացյալ զորախմբի հրամանատարի ուղղակի վերադաս են ճանաչել ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հրամանատարին՝ պատասխանատվությունը կիսելով ՀՀ ԳՇ պետի հետ։ Ինչպե՞ս պիտի հանգուցալուծվի իրադրությունը, եթե ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հրամանատարը հրահանգի զորքերին շարժվել, ենթադրաբար, Վրաստանի ուղղությամբ, իսկ ՀՀ ԳՇ պետը կտրականապես հակառակվի դրան։ Ավելի իրատեսական մեկ այլ սցենարի դեպքում, երբ ադրբեջանական ուժերը դիվերսիոն հարձակում ձեռնարկեն ՀՀ պետական սահմանների ուղղությամբ, եւ ՀՀ ԳՇ պետը վճռի ագրեսորին խաղաղեցնել այս զորախմբի միջոցով: Ինչքանո՞վ է հավանական, որ ՀՀ ԳՇ պետի հրահանգը կկարողանա հաղթահարել ՌԴ ԶՈՒ հարավային օկրուգի հրամանատարի որոշումը։
Հավանաբար տրամաբանական հանգուցալուծում չգտնելու միտումով էլ փաստաթղթի հեղինակները երկնել են մեկ այլ խառնիճաղանջ տարբերակ։ Պարզվում է՝ զորախմբին հրաման կարող են տալ ՀՀ եւ ՌԴ նախագահները։ Պարզ է, որ նախագահական մակարդակի խնդիրը կարող է վերաճել միայն այն դեպքում, եթե ԳՇ պետերը համաձայնության չհանգեն։ Սակայն այս դեպքում էլ են գերակայում անորոշությունն ու անհստակությունը, թե ինչպես պիտի հանգուցալուծվեն նախագահների հակասությունները միացյալ զորախմբի կիրառելիության պարագայում։ Բնական է, որ նախագահների հակասությունների պարագայում զորախումբը չի կարող գործունեություն ծավալել իրավական տեսանկյունից։ Սակայն որքանով է անհավանական, որ ՌԴ նախագահի կամայական ցանկությունն անկատար կմնա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վասալ-սյուզերենային կացությունում։ Ըստ էության, հայ-ռուսական զորախմբի ստեղծումը դաշինք է երկու անհավասար ուժերի միջեւ, եւ հաշվի առնելով երկուստեք հարաբերությունների պատմությունն ու ներկայիս մակարդակը՝ կասկած չկա, որ ռուսական կողմը լինելու է հրաման արձակողը, հայկականը՝ հլու կատարողը։ Դրա փաստական դրսեւորումն արդեն իսկ տեսանելի է ռուսերենի՝ որպես միացյալ զորախմբի գործունեության կազմակերպման գրագրության պաշտոնական միակ լեզու դառնալու պայմանով։
Թեեւ միացյալ զորախմբի ստեղծումը փաստաթղթում հիմնավորվում է լավագույն նպատակներով, դեռեւս հստակ չէ, թե ինչ կշահի դրանից Ռուսաստանը։ Իսկ որ այս նախաձեռնությունը բացառապես հետապնդում է ռուսական շահերն ու հետաքրքրությունները, կասկած չկա։ Ըստ էության, Հայաստանը նման զորախմբի կարիքը չուներ։ Նույնիսկ շեշտադրումը, թե զորախումբը կարող է գործարկվել իրավական վտանգի առկայության պարագայում, որեւէ լուրջ հույս չի կարող ներշնչել։ Պարզապես բացառված է, որ ՀՀ-ի անվտանգության միակ սպառնալիքը համարվող Ադրբեջանի դեմ ռուսները համաձայնեն օգտագործել սույն զորախումբը։ Ինչպես կարող է Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառել ու Հայաստանի շահերի համար ներքաշվել իր դաշնակցի դեմ ռազմական առճակատման մեջ։
Վերջապես, անհայտ է, թե ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների վերջնական ուժի մեջ մտնելուց հետո հայկական կողմից ով է ՌԴ նախագահի հետ հավասարապես որոշում կայացնելու իրավասությամբ օժտվաժ լինելու՝ խաղաղ ժամանակներում թիվ մեկ զինվորական համարվող ԳՇ պե՞տը, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար դարձող վարչապե՞տը, ռազմական ոլորտը համակարգող պաշտպանության նախարա՞րը, թե՞ ԶՈՒ ԳՇ պետ նշանակող, սակայն քաղաքականապես որեւէ լուրջ ազդեցությունից զրկված նախագահը։
Ինստիտուցիոնալ կարգավորումներից զատ՝ բարձրանում է նաեւ Պուտին-Սարգսյան հարաբերությունների հարցը, որտեղ երկրորդը շնորհակալ է առաջինից ամեն ինչի համար, նույնիսկ արեւոտ եղանակի։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ
Երեկ ավելի քան երեք տասնյակ փաստաբան դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պարզելու՝ արդյոք հանձնաժողովի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 27-ին թիվ 8001/07 Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում արձանագրվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի կողմից թույլ է տրվել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին խախտում»,- գրել են փաստաբանները: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ իր աղբյուրներից պարզեց, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից վարույթ չի հարուցվել մինչ այս: Կհարուցվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

 

 

ՈՒՐ Է ԿՈՐԱԾԸ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է ԵՄ պատվիրակության կողմից տրված դրամաշնորհային ծրագրերով հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի նախաքննությանը: Թե ինչ է ասել, պաշտոնապես չի մանրամասնվում:
Հիշեցնենք, որ կոմիտեում հարուցվել է 2 քրգործ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնցից մեկով ապացույցներ են ձեռք բերվել 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակության վերաբերյալ, վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Չի բացառվում, որ դեսպանին մտահոգած լինի հետախուզման մեջ գտնվող անձանց մասով իրավապահների իրականացրած քննության ընթացքը: Տեւական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանությունը չի կարողանում գտնել ոմն Գարիկ Չիլինգարյանին եւ «ՀՀ բրոքերների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Հրայր Գյոնջյանին:

 

 

ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցությունում կարծես անորոշություն է: Նրանց մոտ չի ստացվում ո՛չ ընդդիմադիր, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ էլ իշխանական ուժերի հետ դաշինք կազմել կամ միասնական ճակատով գնալ, որեւէ ձեւաչափի մեջ տեղավորվել: Ինչո՞ւ, որովհետեւ այս կուսակցությունում բազում ճյուղեր կան, որոնք կուսակցության ապագայի մասով տարբեր տեսլականներ ունեն: Օրինակ` «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կտրուկ դեմ է դաշինքի որեւէ ձեւաչափի` հիմնավորելով, թե որեւէ ուժ չկա իրենց համար ընկալելի, որ կարելի լինի «լեզու գտնել»: Արդյո՞ք նրանք էլ են սպասում Գագիկ Ծառուկյանի վերադարձին, «Ժողովուրդ»-ի այս հարցին Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում, չկա նման քննարկում»: Հավելենք, որ «Ժառանգությունը» քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում նաեւ «Համախմբում» կուսակցության հետ: Իսկ երեկ կազմավորված ընդդիմադիր դաշինքի հետ «Ժառանգության» միավորումը պարզապես չստացվեց:

 

 
ԱՐՏԱՀԵՐԹՈՎ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում մոտ երեք տասնյակ օրենսդրական փաթեթներ են, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

 

 

Ի ՍԿԶԲԱՆԵ ԽԱԲՎԱԾ
«Վերցրեք «Սասնա ծռեր»-ի հայտարարությունները, դրեք կողքի եւ կիմանաք՝ ով է խաբված, ինչու է խաբված, երբ խաբվեցին: Նոր չեն խաբվել, իրենք խաբվել են այն ժամանակ, երբ զենք վերցրեցին, գնացին ՊՊԾ գունդը գրավելու»: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը. «Իրենց պետք է հարց տային՝ ինչո՞ւ ենք սա անում, եւ ում է սա հարկավոր: Ա՛յ, որ հարց տային, էն գլխից չէին խաբվի»,- նշել է նա:

 

 

ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը դրական է գնահատում «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների երեկ ստեղծած դաշինքը ու հավատում է, որ նրանք «անբասիր» ընդդիմություն են, սակայն համոզված է, որ դաշինքը հաջողություն կունենա միայն, եթե կարողանա համախմբել ընդդիմադիր դաշտին ու իշխանությանն իրական հակակշիռ դառնալ: «Ցանկացած միավորում դրական եմ գնահատում հատկապես իրական ընդդիմադիր դաշտում: Մեր մասով, եթե կոնկրետ առաջարկ եղավ, կքննարկենք, կպատասխանենք»,- tert.am-ին ասել է Մակեյանը:

 

 

ԿՈՒՂԱՐԿՎԻ ԱԺ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումներին նվիրված երեկվա խորհրդակցության ընթացքում բավարար է գնահատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը՝ հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները: «Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին»,- նշել է Բակո Սահակյանը:

 

 

ՇԱՏ ՑՈՒՐՏ ԿԼԻՆԻ
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ձմեռային եղանակն իրեն զգացնել կտա իր ամբողջ խստությամբ: Ցերեկային ժամերին նույնիսկ Հայաստանի ցածրադիր հատվածներում սպասվում են բացասական ջերմաստիճաններ, որոնք կլիմայական նորմայից ցածր կլինեն մոտ 5-7 աստիճանով:




Լրահոս