Էկզոտիկ անուններով հագեցած «Հայկական վերածնունդ»-ն ընտրությունների կգնա միայնակ` առանց դաշինքների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը շարունակում է քննարկումներ անցկացնել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրենց ռազմավարության շուրջ: Կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում կամփոփվեն քննարկումները և պարզ կլինեն առաջադրումները: Մարգարյանը հայտնեց, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի հարազատ մարզում`  Շիրակում:

Հարցին` «Հայկական վերածնունդ»-ը հակված է ընտրություններին մասնակցել միայնակ, թե ոչ, Մարգարյանը ընդգծեց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ժամանակ դեռ կա, միաժամանակ ընդգծելով նաև, որ իրենք մշտապես ընտրությունների միայնակ են մասնակցել: Մեր դիտարկմանը, թե այլ կուսակցությունների`  ՀՎԿ-ի հանդեպ եղած անվստահությո՞ւնն է միայնակ մասնակցելու պատճառը, Մարգարյանը հայտարարեց. «Ես չգիտեմ, թե ովքեր են նման տեղեկություններ տարածում: Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը մեզ վստահում է: Նման խոսակցությունները ծիծաղելի են և չարակամ մարդկանց կարծիքն է»:

Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ՕԵԿ խմբակցության պատգամավորների առաջադրման հարցին, Մարգարյանը նշեց. «Մենք պատրաստ ենք մասնակցել նաև ռեյտինգային  ընտրակարգով»:  Մեր դիտարկմանը`  այսինքն «Հայկական վերածնունդ»-ը միայնակ չի մնացել, Մարգարյանը նշեց, թե ինչպես կարող է միայնակ մնալ, եթե իրենց են միացել մեծ թվով կազմակերպություններ:

Ընդգծենք, որ նախկին ՕԵԿ-ականները, ի դեմս իրենց ղեկավար Արթուր Բաղդասարյանի, շարունակում են պնդել, թե իրենց «Հայկական վերածնունդին» տասնմեկ կուսակցություն և 170-ից ավել հասարակական կազմակերպություններ են միացել, բայց իրականում նրանք ընդամենը «քանակի» հարց են լուծում: Այդ բոլոր կուսակցություններն ու ՀԿ-ներն անհայտ են հանրության լայն շերտերին: Հայաստանում դժվար կլինի գտնել մի շարքային քաղաքացու, որին «Մեր Տունը Հայաստանն Է» , «Հայոց Հայրենիք», «Շրջադարձ», «Ազգի փրկություն» և նման այլ էկզոտիկ անվանում ունեցող կուսակցությունների գործունեությունը հայտնի լինի: Ու եթե ՕԵԿ-ի այս կերպարանափոխությունը չլիներ, դժվար թե իմանայինք, որ Հայաստանում նման կուսակցություններ կան:

ՕԵԿ-ի շուրջ հավաքված ՀԿ-ների անվանումներն էլ պակաս էկզոտիկ չեն: Դժվար թե հանրությանն ինչ-որ բան ասի «Լինենք բարի», «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Փրկված մասունքներ հիմնադրամ», «Արծվաբույն Զեյթուն հայրենակցական միավորում» և «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ» ՀԿ-ները:

Հավելենք նաև, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած, սակայն տևական ժամանակ ՀՎԿ-ի հետ խնդիրներ ունեցող «Հայկանդուխտ»-ի նախագահ Արմենուհի Ղազարյանը դատի է տվել Արթուր Բաղդասարյանին և ԱՆ պետռեգիստրին՝ պահանջելով չեղյալ համարել «Հայկական վերածնունդի» գրանցումը: Թե ինչով կավարտվի իրավական այդ գործընթացը, ժամանակը ցույց կտա:




Լրահոս