Միայնակ գայլերը պետք է մեր մեջ քիչ լինեն. մշակույթի գործիչները` Արմեն Ամիրյանի` ՀՀԿ-ական դառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերջերս հայտարարեց, որ անդամագրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` պատճառաբանելով, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի: Այս տեղեկությունն արդեն բուռն կերպով քննարկվում է հայ հանրության, մասնավորապես մշակույթի ոլորտի գործիչների կողմից: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ:

Արձակագիր, 1998-2003թ.թ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, դաշնակցական Ռոլանդ Շառոյանը, օրինակ, Ա. Ամիրյանի կուսակցական դառնալուն դրական է վերաբերվում. «Դա Ամիրյանի անձնական տեսակետն է: Նա նախընտրել է կուսակցության ճանապարհով մշակութային քաղաքականություն իրականացնել մեր երկրում: Դրա մեջ նույնիսկ լավ բան եմ տեսնում. միայնակ գայլերը պետք է մեր մեջ քիչ լինեն»,-ասաց նա:

Իսկ ահա երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը հակառակ կարծիքին է. «Ինձ թվում է` մշակույթի նախարարը կարող էր ոչ մի կուսակցության անդամ էլ չլինել: Դա երեւի այն միակ ասպարեզն է, որ պետք է ապակուսակցականացված լինի, ուրիշ ճանապարհ չկա: Մշակո՞ւյթն ինչու են ուզում քաղաքականացնել, կուսակցականացնել, չեմ հասկանում: Կարծում եմ` նախարարի կուսակցական դառնալու հանգամանքը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. ես այդպես եմ ընկալում»,-նշեց մեր զրուցակիցը:

Դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանն էլ չեզոք է վերաբերվում Ա. Ամիրյանի կուսակցական դառնալուն. «Նախարարը չի կարող որեւէ կուսակցության պատկանել-չպատկանելով վատ օրինակ ցույց տալ: Մարդ կա` երդվյալ անկուսակցական է, մարդ էլ կա` ամբողջ կյանքում մի կուսակցությունից մյուսն է տեղափոխվում. կարծում եմ` այս վերջին տեսակն է, որ ծիծաղելի է եւ որպես օրինակ` վատը»,- եզրափակեց Վ. Սահակյանը:

Հիշեցնենք, որ նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ մի շարք պաշտոնյաներ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում գրեցին, Արմեն Ամիրյանը նրանց չմիացավ: Ավելի վաղ էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախարարը, անդրադառնալով ՀՀԿ-ին անդամագրվելու թեմային, ասել էր. «Դեռ չգիտեմ, մտածելու ժամանակ ունեմ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս