ՖՈՏՈ. Վարդենիսցիներն ահազանգում են. քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը հրաժարվում է լուծել խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 17/ա շենքի բնակիչները: Նրանց փոխանցմամբ՝ շենքի կոյուղու համակարգն անսարք վիճակում է, չի գործում, և տևական ժամանակ է, ինչ կոյուղաջրերը լցվում են շենքի մուտք և նկուղ: Բնակիչները հայտնեցին, որ Վարդենիսի քաղաքապետարանը հրաժարվում է կարգավորել՝ պատճառաբանելով, որ դա սեփականատերերի անելիքն է:

Իսկ համատիրությունը, պարզվում է մի քանի տարի առաջ է լուծարվել, քաղաքապետարանն էլ հրաժարվել է համապատասխան ֆինանսավորումն անել, որպեսզի բնակֆոնդը վճարվի: Ստացվում է՝ Վարդենիսի քաղաքապետարանը ձեռքերը լվանում է իր բնակիչների խնդիրներին լուծում տալուց:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանն ArmLur.am-ը փորձեց ստանալ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից, ով լսելով մեր հարցը` ասաց. «Բարի գիշեր»:

Մեր երկրորդ զանգին Վոլոդյա Խլոյանը բարեհաճեց մի փոքր ավելի այժմեական պատասխան տալ. «Դա մեր իրավասությունների մեջ չի մտնում»:

Իսկ Հայջրմուղկոյուղու Վարդենիսի տարածքայինի պետ Արման Արշակյանը ArmLur.am-ի հետ զրույցից հետո այցելել է նշված շենք, ուսումնասիրել տեղում տիրող վիճակը և եկել եզրահանգման, որ խնդրի լուծումն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

Ստացվում է` որևէ մեկը իրավասու չէ լուծել բնակիչների առջև ծագած խնդիրը, և այն մնացել է օդում կախված:




Լրահոս