Դաշինքակազմության եւ դաշինքաքանդության վերջին օրերի գործընթացները բավականին խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել: Շարքային քաղաքացու համար այս փուլում բավականին դժվար է հասկանալը, թե ով ում դաշինքից է, ով ում կողմից է կամ ում դեմ: Նկատենք, որ անցած 25 տարիներին բազմաթիվ քաղաքական վայրիվերումների ականատես եղած ՀՀ քաղաքացին նման պատկերի, երբ ամբագոռգոռ հայտարարությունների ուղեկցությամբ նախ՝ ամենատարբեր քաղաքական նախասիրություններ ունեցող ուժերը /գաղափարներ բառը, մի տեսակ, ափսոս է/ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում, ապա՝ մեկ ամիս էլ չանցած՝ մեղադրանքների տարափով հայտարարում իրենց դուրս գալու մասին, երբեւէ չէր տեսել: Իհարկե, նման պրոցեսներ՝ զուտ բովանդակային առումով, եղել են բազմիցս, բայց որ այսպիսի արագությամբ, դա արդեն այս ընտրական սեզոնի «նոու հաուն» է:
Իսկ ամենամտահոգիչն այս իրավիճակում այն է, որ Է. Շարմազանովի ասած «աջաբ սանդալ», կամ Լ. Զուրաբյանի ասած «սալաթ» հիշեցնող այս քաղաքական միավորումները ոչ միայն իրենք չեն ձեւակերպում հստակ քաղաքական ասելիք, այլեւ հանրությունը նրանցից նման ասելիք չի ակնկալում: Մարդկանց ավելի հետաքրքրում է այդ «սալաթի» տարբեր բաղադրիչների համադրելիության հարցը, եւ վտանգ կա, որ բուն քաղաքական դիսկուրսը ստվերվելու է փոխադարձ հիշեցումների հետեւոմ, թե ով ում մասին ժամանակին ինչեր է ասել, ով ում ոնց է «քլնգել» եւ այլն:
Արդեն երեկ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի հետ կապված լրատվական դաշտը լի էր հենց նման բնույթի հրապարակումներով, մինչդեռ հարցադրումները, թե այս երեք ուժերը շատ կոնկրետ հիմնախնդիրների շուրջ ինչպիսի միասնական դիրքորոշում ունեն, գրեթե բացակայում էին: Անշուշտ՝ նախընտրական ծրագրերում քաղաքական ուժերը կփորձեն գեղեցիկ ձեւակերպումներով ներկայացնել իրենց դիրքորոշումները այս կամ այն հարցի շուրջ, խնդիրն այն է, սական, որ մինչ այդ իրական կյանքում ընթացող շատ կոնկրետ պրոցեսների հետ կապված հանրությունն այդպես էլ չի տեսնում այս կամ այն ուժի դիրքորոշումը:
Այսօր մենք ունենք խնդիրների մի հսկա փունջ՝ աղետալի արագությամբ աճող ՀՀ արտաքին պարտք, Ղարաբաղյան պատերազմի վերսկսման իրական վտանգ, արտագաղթի աճող տեմպեր, դատարկվող գյուղեր, ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում մեր շահերի հրապարակային ոտնահարում եւ նվաստացուցիչ վերաբերմունք, այսպես կոչված, դաշնակից պետությունների կողմից, եւ այլն, եւ այլն:
Սակայն այս բոլոր կարեւորագույն խնդիրները կարծես թե չեն վերաբերում նախընտրական մարաթոնի դուրս եկած ուժերին: Առայժմ նրանք զբաղված են շատ ավելի կարեւոր՝ ցուցակային առեւտրով, իսկ այդ խնդիրների մասին դեռ կհասցնեն խոսել քարոզարշավի ժամանակ. խնդիրները հո չեն փախչի: