Կրակոցներ Վարդենիս քաղաքում. ինչու են ոստիկանները թաքցրել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթքի ոսկու հանքի շուրջ աղմկահարույց դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին` երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, էլի կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում: Կրակողները դարձյալ նույն բանդայի անդամներն են:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Սոթքի ոսկու հանքում «աշխատող չղջիկների» թեմային, որոնց գործողությունները ուղեկցվել են կրակոցներով եւ զոհերով: «Չղջիկները» Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում, պատրաստում ոսկու ձուլվածքը եւ վաճառում: Սակայն անօրինական ճանապարհով հանքախորշեր բացողների եւ ոսկի հանողների միջեւ մշտապես աղմկալի վեճեր են լինում, թե ով պետք է մտնի, հանածոն ինչպես բաշխի, ում, ինչքան բաժին տա եւ այլն: Ու այդ ամենը ուզեկցվում է կրակոցներով: Սակայն հաճախ այդ հանցանքները անտեսվում են իրավապահ կառույցների կողմից` ձեւավորելով անպատժելիության մթնոլորտ: Այնպիսի տպավորություն է, որ Վարդենիսում ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը չեն գործում:

Քաղաքում լուրեր կան, որ անօրիանական ճանապարհով ոսկու հանքատարածք մտած քաղաքացիները իրավապահների հետ «կիսում» են ձեռք բերած շահույթը, դրա համար էլ պատիժներ չեն լինում: Ու թեեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «թաշկինակի պես» փոխում է Վարդենիսի բաժնի պետերին, բայց իրավիճակը, միեւնույն է, չի փոխվում: Նորանշանակ պետը Արմեն Հովհաննիսյանն է:

2017 թվականի փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արման եւ Գեղամ Դավեյանները վիճաբանել, ապա նրանցից մեկը կրակել է Վարդենիս քաղաքի բնակիչ, Մանչ ածականով հայտնի Մանուկյանի ուղղությամբ: Նա վնասվածքը ստացել է ոտքի շրջանում: Իսկ կրակոցների պատճառը թերեւս կրկին Սոթքի ոսկու հանքավայրից հանքանյութ գողանալն ու ճիշտ չկիսելն է եղել: Նշենք, որ սա խիստ նախնական տեղեկություն է:

Մեզ տեղեկություններ հասան, որ կրակոց արձակած եղբայրները Վարդենիս քաղաքում հայտնի Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանի բանդայի անդամներից են: Հիշեցնենք, որ այդ բանդայի մասին աղմկալի բացահայտումներ էր արել նույն ոսկու պատճառով 2014 թվականին կրակոցների հետեւանքով սպանված 33-ամյա Արման Մանուկյանի եղբայրը` Գրիշա Մանուկյանը: Բանդայի ղեկավարը նրա հորեղբայրն է: Եւ այդ նույն բանդան էլ սպանեց Արման Մանուկյանին:

Սակայն նրա բացահայտումները քննչական կոմիտեի կողմից այդպես էլ լուրջ քննության առարկա չդարձան: Հիշեցնենք` սպանվածի եղբայրը մեզ հայտնել էր, որ իր հորեղբայրը` Հրաչ Մանուկյանը, ցանկանում էր հանք մտնելը «կիսովի անել», ինչի շուրջ համաձայնության չէին եկել, արդյունքում եղբայրը սպանվեց:
Պարզվում է` փետրվարի 7-ի կրակոցներն էլ իրավապահները անտեսել են: ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը չի գրանցել հանցագործությունը:

«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում նման դեպք չի արձանագրվել: Ավելի ուշ, երբ ներկայացրինք փաստերը, խոստացան ստուգել դրանք: Թե ստուգման արդյունքը ինչ կլինի, պարզ չէ:

Ք. Մ.




Լրահոս