«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը երեկ հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները, սակայն դեռ չի հրապարակել ընտրողների թիվը: Վերջին անգամ 2015թ. սահմանադրական հանրաքվեից առաջ է հրապարակվել ընտրողների թիվը և այն մոտ 1 մլն 550 հազար էր: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ոստիկանությունն այդ թիվը պետք է հրապարակի մարտի 3-ին:
Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, թե մինչև օրենքի սահմանված ժամկետի շրջանակներում այն չհրապարակվի, չի կարող պատասխանել հարցին, թե այս անգամ որքան ընտրող կա այդ ցուցակում:
Այն կրկին լինելու է 1,5 միլիոնի շրջանակներում, պարզապես իշխանություններն այս անգամ որոշել են ընտրությունների մասնակցության թիվը որոշակի չափով նվազեցնել, որ այն արտացոլի նաև այս ընթացքում եղած արտագաղթի պատկերը: Բացի այդ ներդրումով էլեկտրոնային քվեարկության մեխանիզմների և ընտրողների ցուցակների հրապարակման արդյունքում դժվար կլինի լայնածավալ ընտրակեղծիքի դիմել և մասնակցության մեծ քանակ ցույց տալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: