ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն հրապարակեց համամասնական ընտրացուցակի առաջին տասնյակը: Միայն թե իշխող կուսակցության երեկվա քայլը չի տեղավորվում քաղաքական որեւէ տրամաբանության մեջ:

Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարին էր տեղեկացրել, որ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակն ունենալու է հետեւյալ հաջորդականությունը` Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան: Մեր այս տեղեկությունները երեկ հաստատվեցին պաշտոնապես: ՀՀԿ ցուցակում նրանց հաջորդելու են Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը եւ Կարեն Ավագյանը:
Փաստորեն, ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ոչ թե այս կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այլ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սա, համաձայնեք, տարօրինակ է. ի վերջո, ընդունված կարգ է, որ խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում են կուսակցության ղեկավարները, առավել եւս, երբ այդ ընտրություններն իշխանություն ձեւավորելու միակ միջոցն են: Այնինչ՝ ՀՀԿ-ն գերադասել է միանգամայն այլ ճանապարհով գնալ: Թե ո՞րն է իշխող կուսակցության այս որոշման պատճառը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոնկրետ մեկնաբանություն չտվեց. «Կուսակցության նախագահն այդպես է որոշել: Մենք քննարկել ենք հարցը ԳՄ-ում եւ այդպես ենք նպատակահարմար գտել` նախագահի գլխավորությամբ»:
Նկատենք, որ ՀՀԿ այս որոշումը լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս. տեսակետ կա, որ այս քայլով Սերժ Սարգսյանն ըստ էության ընդունում է իր` ժողովրդի կողմից ընդունված չլինելը, հասարակության մոտ վարկանիշ չունենալը, հետեւաբար գերադասել է այս անգամ իրեն հեռու պահել նախընտրական գործընթացներից` ՀՀԿ-ին է՛լ ավելի չվնասելու համար: Չնայած, եթե անկեղծ լինենք, ապա ապարդյուն. հասարակության մեջ չարիքի հետ է ասոցացվում ողջ իշխանությունը` ե՛ւ անհատ դեմքերը, ե՛ւ կոնկրետ իշխող կուսակցությունը, այնպես որ, Ս. Սարգսյանի այս քայլը հազիվ թե փրկի ՀՀԿ-ին:
Բայց վերադառնանք իշխող կուսակցության համամասնական ցուցակին: Հատկանշական է, որ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում չկան նաեւ պետության երկրորդ եւ երրորդ դեմքերը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Եթե վարչապետի` ՀՀԿ ցուցակում չընդգրկվելու պատճառը պարզ է. նա վերջին չորս տարում անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, ուստի չէր կարող լինել պատգամավորի թեկնածու, ապա ՀՀԿ նույնիսկ առաջին տասնյակում Գ. Սահակյանի չլինելը չի նայվում: Համեմատության համար հիշեցնենք, որ 2007թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորում էին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ 2012թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում առաջին երեք պաշտոնյաներն էին` Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում չկան նաեւ ՀՀԿ փոխնախագահները. նրանցից Արմեն Աշոտյանը միայն 6-րդ հորիզոնականում է, իսկ մյուս փոխնախագահները նույնիսկ տասնյակում չեն ընդգրկվել: ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում չկան նաեւ կուսակցության մի շարք այլ առանցքային դեմքեր` ԳՄ անդամներից ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Հրանուշ Հակոբյանը եւ այլք: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀԿ-ում դժգոհ են այս մարդկանցից, թե պարզապես արհամարհում ու անտեսում են նրանց. պատասխանը պետք է տա ՀՀԿ-ն:
Մի քանի խոսք էլ ՀՀԿ ցուցակի առաջատարների մասին: Որքան էլ ՀՀԿ-ն փորձել է իր պատկերացումներով ժողովրդի կողմից ընդունված դեմքերի առաջադրել, միեւնույն է՝ չի ստացվել: ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը` մարդ, որը երբեք չի եղել հրապարակային քաղաքական, կուսակցական դեմք: Ավելին՝ նա ՀՀԿ շարքերը համալրեց նախորդ տարի նոր միայն, իսկ մինչ այդ համարվել է Սերժ Սարգսյանի կամակատարը. վերջինիս Պնախարար աշխատած տարիներին եղել է ռեֆերենտը, իսկ հետո նախագահականում նրա օգնականը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար: Հրապարակային քաղաքական դաշտում Վիգեն Սարգսյանի առաջին փորձը դատապարտվեց ձախողման. խոսքը ԶՈՒ-ի համար հազարական դրամներ հավաքելու նրա նախաձեռնության մասին է, որը լուրջ հարված էր ե՛ւ իր անձի, ե՛ւ, ընդհանրապես, պետության վարկանիշին:
ՀՀԿ թեեւ երիտասարդ, սակայն ամենավարկաբեկված կադրերից կարելի է համարել համամասնական ցուցակի երկրորդ համարում ընդգրկված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բավական է միայն նշել, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր ամենակոռումպացված եւ ամենավատ աշխատող պետական կառույցներից մեկն է: Տ. Մարգարյանի անսահման հարստությունը երկար ժամանակ մամուլի եւ քաղաքական դաշտի քննարկումների թեման էր, կասկածներ կային, որ նա հենց ապօրինի ճանապարհով է այդ ամենը դիզել: Էլ չենք խոսում նրա թեկնածուական ատենախոսության սկանդալային պաշտպանության եւ նման մի շարք միջադեպերի մասին:
Եվ վերջապես, ՀՀԿ ցուցակի երրորդ համարը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է. թեեւ նրան համարում են ինտելեկտուալ, ակտիվ ու ճարպիկ կադր, սակայն պաշտոնավարման ընթացքում նրան կարծես թե չթողեցին խորքային, համակարգային բարեփոխումներ անել իր ղեկավարած ոլորտում:
ՀՀԿ համամասնական ցուցակի մյուս ներկայացուցիչների մասին, թերեւս, ավելորդ է խոսել. Արա Բաբլոյանին, ամենամեծ ցանկության դեպքում, դժվար է քաղաքական դեմք համարելը. եթե նա պատգամավորական գործունեության ընթացքում ակտիվություն է փորձել ցուցաբերել, ապա միայն առողջապահական թեմաների քննարկումների ժամանակ: Քաղաքական գործիչ դժվար է համարել նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Դե, իսկ Արմեն Աշոտյանի ու Սամվել Ֆարմանյանի մասին խոսելուց առաջ պարզապես արժի հիշել՝ էլեկտրիկ Երեւանի ժամանակ քաղաքացիները ի՞նչ վանկարկումներով (հայհոյանքներով) ընդունեցին նրանց:
Հ.Գ. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի լինելու է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը «ցուցակում մարդ չունի»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իշխանությունները ցանկանում են Երեւանի ավագանու ընտրություններն անցկանցնել մայիսի 14-ին: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է այդ մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, եւ կուսակցությունների դեպքում՝ 5, դաշինքների դեպքում` 7 տոկոսի շեմը հատած քաղաքական ուժերն իրենց կազմից ընտրելու են Երեւանի քաղաքապետին:
Սակայն հիմա քաղաքական ուժերը կենտրոնացած են խորհրդարանական ընտրությունների վրա, եւ դեռ չի քննարկվում, թե ովքեր են գլխավորելու կուսակցությունների ավագանու ցուցակները: Հայտնի է միայն, որ ՀՀԿ-ն ցանկանում է այդ պաշտոնում կրկին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջադրել, ու թերեւս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նա ընդգրկված է ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում, ու, փաստորեն, այսպես իշխանությունները նրան երկու անգամ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն են ընձեռում:

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՏՈՒԳԱՆՔԸ
«Գրանդ Տոբակո» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանի մահվանից հետո վերջինիս որդիները հայտնվել են ոչ նախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Գրանդ Քենդ»-ի աշխատակիցը դատի է տվել ընկերությանը եւ պահանջում է տրամադրել իրեն հասանելիք աշխատավարձը: Եվ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ գործարար Հրանտ Վարդանյանի որդուն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը հայտնվել է նաեւ ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին «Գրանդ Տոբակո» ընկերության անունով ՀՀ է ներմուծվել սիգարետի ֆիլտրի արտադրության մեջ օգտագործվող ցելուլյոզի ացետատի մանրաթել, որը վերցրել են պահպանման 2 ամիս ժամկետով, սակայն ժամկետը ավարտվելուց հետո ընկերությունը չի կատարել իր վճարումները: Արդյունքում ՊԵԿ-ը պարզել է, որ նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը նմանօրինակ խախտումներ է իրականացրել նաեւ տարբեր ամիսներին, ինչի համար տուգանվել է 140 հազար դրամով:

 

 

ԽՈՒՃՈՒՃ ԷԴՈՅԻ ՎԱՐՈՐԴԸ
Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ: Էդ. Մադաթյանի որդին՝ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը, ամուսնացած է Մհեր Սեդրակյանի դստեր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Էդուարդ Մադաթյանից, սակայն վերջինիս փոխարեն հեռախոսին պատասխանեց վարորդը եւ տեղեկացրեց, որ ինքը որքանով տեղյակ է՝ Էդուարդ Մադաթյանը չի առաջադրվելու:

 

 
ԼԱՎ ՉԵՆ ՋԱՆՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ջանք չեն խնայում, որպեսզի Արցախյան հակամարտության ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում նորից ստեղծեն երկխոսության հիմքեր. երեկ այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Երեք համանախագահներն էլ համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից զատ այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտության կողմերից եւ ոչ մեկի համար, որովհետեւ կան երկուստեք զոհեր եւ ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլեւ մինչեւ այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլեւս շարունակվել»,-ընդգծել է դեսպանը:

 

 

ԹՈՒՅԼ ՉՏԱԼ
«Ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են»: Փետրվարի 14¬ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պարագայում մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին»,¬ նշել է նա՝ վստահեցնելով, որ հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը:

 

 

ՀԻՄԱ ԷԼ՝ ԹՐԱՄՓԻՆ
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբը նամակ-խնդրագրով դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերջինիս կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությանը։ Միաժամանակ հայկական հանձնախմբի անդամները կոնգրեսականներին կոչ են արել իրենց ստորագրություններով միանալ Դոնալդ Թրամփին հասցեագրված երկկուսակցական նամակ-խնդրագրին։




Լրահոս