ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԹԱՌԱԾ ՔՈՌ ԲՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին շարունակում են մեկուսացնել տարածաշրջանային ծրագրերից: Այս տարվա ընթացքում նախատեսված է շահագործման հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար:

Օրերս Բաքու էր այցելել Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել է երկաթուղու կառուցման աշխատանքների ավարտին: Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն ասել է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի այս տարի: Այդ նախագիծը կնպաստի երեք երկրներից յուրաքանչյուրի զարգացմանը: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը հիմնված են բարեկամության եւ բարիդրացիության սկզբունքների վրա»: Իսկ արդեն Ալիեւի հետ Ջանելիձեի հանդիպման մասին Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն. «Թբիլիսին եւ Բաքուն շարունակելու են իրականացնել համատեղ ծրագրեր: Խոսքն ամբողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերի՝ «Հարավային էներգետիկ միջանցքի» եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է»:
Նաեւ հիշեցնենք, որ ավելի վաղ՝ այս տարվա հունվարին, Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանն էր հայտարարել, թե Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: «Մոտավորապես 2 ամսվա աշխատանք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»,- ասել էր նա:
Արտաքուստ այս երկաթուղու կառուցմամբ Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արեւելքի եւ արեւմուտքի միջեւ կապը: Բայց գործնականում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը լրջագույն հարված է լինելու Հայաստանի համար, քանի որ այդ ամենի հետեւանքով էլ ավելի է խորանալու Հայաստանի մեկուսացումը: Որպես այս ծրագրի այլընտրանք, Հայաստանը կարող էր օգտվել Աբխազական երկաթուղուց, եթե նա սկսեր գործել, նաեւ` Իրան-Հայաստան երկաթուղուց, եթե դա ի վերջո կառուցվեր: Միայն թե երկու ծրագրերը որեւէ կերպ իրականություն չեն դառնում:
Տեւական ժամանակ է` հայկական կողմին չի հաջողվում հասնել Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու գործարկմանը, ինչը կարող էր ՀՀ-ի համար դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհ դառնալ: Ինքներդ եք հասկանում` Վերին Լարսի անցակետը չի կարող լինել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հաղորդակցման հուսալի միջոց. սա թեկուզ այն պարզ պատճառով, որ Վերին Լարսի անցակետը տարվա մի մասը պարզապես փակ է մեկ քաղաքական, մեկ եղանակային պայմանների հետեւանքով, ընդ որում, այս անցակետը փակվում է ամիսներով՝ զրկելով Հայաստանին ԵՏՄ հիմնական գործընկերոջ հետ հաղորդակցման հնարավորությունից:
Ի դեպ, Աբխազական երկաթուղու գործարկման անհրաժեշտության մասին ՀՀ իշխանությունները խոսել են պարբերաբար: Օրինակ՝ 2014թ. հունիսին Սերժ Սարգսյանը Վրաստան այցի ժամանակ տեղական լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել էր. «Լուրջ խոսակցություն այդ թեմայով չի եղել: Բայց եւ այնպես մեր ցանկությունն է, որ այդ երկաթուղին վերագործարկվի: Մեզ համար դա կենսական նշանակություն ունի: Աբխազական երկաթուղու վերաբացումը, սակայն, միայն Հայաստանից կամ Ռուսաստանից կախված չէ: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` հասկանալով սակայն, որ խնդրի լուծումը այլ կողմերից եւս կախված է»: Միայն թե ՀՀ իշխանությունների այս ցանկությունը որեւէ մեկն այդպես էլ չի իրականացրել:
Սրան զուգահեռ մինչեւ հիմա իրականություն չի դարձել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը, որի մեկնարկի մասին դեռ 2008թ. հայտարարեց Սերժ Սարգսյանը. ընդ որում, հայտարարեց մեծ շուքով: Իհարկե, ի սկզբանե պարզ էր, որ այս ծրագիրը փուչիկ է եւ գալիս է լրացնելու իշխանությունների անկատար խոստումների շարքը: Շատ արագ դա ապացուցվեց գործնականում, ու հիմա իշխանությունները կարծես թե վերջնականապես ձեռք են քաշել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրից: Պատահական չէ, որ այս թեման այլեւս չի քննարկվում Իրանի պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ. 2016թ. դեկտեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում որեւէ նշանակալի առաջընթաց չկա, իսկ այս տարվա հունվարին էլ կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն՝ այդպես վերջնականապես խաչ քաշելով Սերժ Սարգսյանի հայտնի խոստման վրա, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ ի հավելումն այս ամենի, ասել էր. «Երկաթգիծը ծախսատար է, որոշակի առումով ունենք պայմանավորվածություններ, որոնք բավարար չեն այդ ծրագիրն իրականացնելու համար։ Ակնկալիք, որ Իրանը կարող է այդտեղ ներդրում անել, սխալ է, որովհետեւ Իրանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ դուրս է եկել պատժամիջոցներից, եւ իրեն անհրաժեշտ են միջոցներ՝ նախ իր տնտեսությունը լրիվ վերակառուցելու համար»:
Եւս մեկ փաստ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը մեկնարկել է դեռ 2007թ., եւ այս ողջ ընթացքում տարբեր փորձագետներ կարծիք էին հայտնում, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Հիմա, ընդհակառակը, պարզվում է` այն որոշ ժամանակ անց կգործարկվի: Իրան-Հայաստան երկաթուղու մասին դեռ մինչեւ վերջերս ՀՀ իշխանությունները, Սերժ Սարգսյանը հայտարարում էին, թե այն իրականություն է դառնալու՝ մաս կազմելով «Մետաքսի ճանապարհի» ծրագրին: Բայց այստեղ քարը քարի վրա դեռ դրված չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՓՈՓՈԽՎՈՂ ՊԱՏԵՐ
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից դուրս գալով, հայտարարել էր, թե այդ կուսակցության պատերն իրենը չեն: «ՀՀԿ-ն իմ նախկին կուսակցությունն է եղել, ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը»,- ասել էր նա` մեկնաբանելով ԲՀԿ-ից ՀՀԿ անցումը: Նա, հավանաբար, մոռացել էր, որ ընդամենը երկու տարի առաջ` 2015թ. փետրվարին միանգամայն այլ հավաստիացումներ էր տվել: «Ես երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել, երբեւիցե 4 պատս փոխող անձնավորություն չեմ եղել»,- ասել էր Ռուբեն Գեւորգյանը, որին պատկանող հյուրանոցում իրավապահները ստուգումներ էին սկսել` ԲՀԿ նախագահ Ծառուկյանի դեմ ճնշումների համատեքստում: «Ժողովուրդ»-ը երեկ մեկնաբանությունների համար դիմեց անձամբ Ռուբեն Գեւորգյանին, սակայն վերջինս հրաժարվեց խոսելուց: Դե ի՞նչ ասեր:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ` ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՎ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն օրերս խորհրդակցություն էր անցկացրել ՔԿՀ-ներում պահվող կալանավորների եւ դատապարտյալների կողմից հենց կալանավայրերից ահռելի չափերի հասնող խարդախությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս խորհրդակցությունից հետո ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը որոշել է գործի անցնել` ստուգումներ իրականացնելով կալանավորների եւ դատապարտյալների մոտ: Սակայն այդ ստուգումները ձեւական բնույթ են կրում: Բանն այն է, որ դրանից առաջ ՔԿՀ վարչության աշխատակիցները զգուշացրել են դատապարտյալներին: Այդպես է եղել, օրինակ, «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ դատապարտյալներին ասել են անհատական խցերում ստուգումներ սկսելու մասին: Փաստորեն, այսպես էլ ավելի է հիմնավորվում այն տեսակետը, որ կալանավայրերից խարդախություններն իրականացվում են հենց ՔԿՀ-ների ղեկավարների իմացությամբ, բնականաբար, որոշակի փոխհատուցման դիմաց:

 

 

ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը 2016 թվականի ընթացքում աուդիտներ է իրականացրել` բացահայտելով 3.8 մլն դրամի խախտում: Ներքին աուդիտի է ենթարկվել 47 կառույց, որտեղ 444 թերություն ու խախտում է հայտնաբերվել: Նշենք, որ համակարգի գնահատման աուդիտ իրականացվել է 38 պետական ուսումնական հաստատություններում, մարզպետարանի աշխատակազմի 2 բաժիններում, 2 սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում: Իսկ բժշկական 5 կենտրոններում իրականցվել է ֆինանսական աուդիտ: Ի դեպ, ներքին աուդիտի կոմիտեի կողմից գումարված նիստերի արդյունքում առաջարկվել է պետբյուջե վերականգնել 3 մլն 57 հազար դրամ, սակայն դրանից վերականգնվել է 2 մլն 788 հազար դրամը:

 

 
ԵՎՐՈՊԱՅԻՑ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կունենա իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ «Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության խնդիրները», – ասել է Զախարովան։ Հայաստանի արտգործնախարարությունն իր հերթին հայտնում է, որ Նալբանդյանը եւ Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Իսկ մինչ այդ Նալբանդյանն այսօր կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի դեպ, նույն համաժողովին մասնակցող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւս առանձին կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին:
 

ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս կապակցությամբ նրա տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ես ինձ չեմ տեսնում այս ընտրական փուլում: Ռեյտինգային ընտրակարգը քաղաքական հայացքների եւ տեսակետների պայքարը վերջնականապես տեղափոխեց փողի եւ կլանների ոլորտ։ Այն ոչ մի կապ չունի Հայաստանի զարգացման, արդար ընտրության, հասարակության առաջընթացի հետ։ Սա տանելու է հասարակական գործընթացների է՛լ ավելի արժեզրկման, արժեքների այլասերման, հասարակության ատոմիզացիայի, ինչը բնորոշ է պետություն չունեցող ժողովուրդներին»։
 

ՕՐԻՆԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Արգենտինայի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ, որով քրեականացվում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում՝ 1915թ. հայերի ջարդը: Օրինագծի հեղինակը արգենտինացի պատգամավոր Նիլդա Գարրեն է, ով Արգենտինայի պաշտպանության նախարար է եղել 2005-2010թթ., իսկ 2010-2013թթ. գլխավորել է երկրի ազգային անվտանգության նախարարությունը:




Լրահոս