Ձորագետ համայնքը` շրջափակման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ձորագետ համայնքը տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է շրջափակման մեջ, որը պայմանավորված է Մ-6 միջպետական ավտոճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքներով:

2016թ. սեպտեմբերից մեկնարկած շինաշխատանքերի պատճառով գյուղ մտնող թունելը փակված է, բնակիչները փաստի առաջ են կանգնել, քանի որ գյուղի մի հատվածից մյուսն անցնելու համար մարդիկ ստիպված են լինում մի քանի կիլոմետր քայլել երկաթգծով՝ նախապես կայարանի աշխատակիցներից ճշտելով երկաթգծով անցնող գնացքների գրաֆիկը: Երկաթուղու ղեկավարությունը պարբերաբար զգուշացնում է՝ գնացքի գծերի վրայով քայլելն արգելվում է: Դպրոցականներն ու ուսուցիչները, ովքեր ամեն օր շտապում են դասի ու աշխատանքի, ստիպված են լինում անցնել երկաթգծի վրայով:

Ուսուցիչներն ասում են, որ քանի դեռ ճանապարհը չէր փակվել, իրենք ամեն օր ավտոբուսով գյուղ էին հասնում ու վերադառնում Վանաձոր, սակայն այսօր ստիպված կոլեկտիվով տուն են վարձակալել գյուղում, ապրում են այնտեղ: Նրանք իրենց հետ ամեն շաբաթ գյուղ են բերում 7 օրվա համար անհրաժեշտ սննդամթերք, քանի որ տրանսպորտային որեւէ երթուղի գյուղ չի հասնում:

Իսկ եթե համայնքում շտապօգնության կարիք լինի, մեքենան պարզապես հնարավորություն չունի գյուղ հասնելու: Ծայրահեղ դեպքում մեքենան գյուղ կարող է հասնել միայն շինարարների օգնությամբ, երբ նրանք ժամանակավոր բացեն ճանապարհը: Գյուղի 2 ծայրերում էլ շինաշխատանքներ են ընթանում, եւ ճանապարհը վերջնականապես փակ է ու փակ կմնա մինչեւ 2018թ. մարտ ամիսը:
Այս իրավիճակը հարուցել է բուռն դժգոհություն բնակիչներին շրջանում: Որքան էլ հասկանալի է, որ ճանապարհաշինությունը գյուղացու շահերից է բխում, այնուամենայնիվ, առաջացած անհարմարությունները չի կարելի անտեսել:

Ու առնվազն տարակուսելի է, որ մարզերի զարգացման մասին մշտապես բարձրաձայնող տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի լուծում գյուղ հասնելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ ունենալու խնդիրը, ինչն ուղղակի այդ նախարարության գործառույթն է:

«Խանութ չկա, եղածում էլ ամեն ինչ չէ, որ վաճառում են: Վանաձորում աշխատողներ ունենք, բժշկի գնալ-գալու հարց կա, բայց էսօր փաստի առաջ ենք կանգնել, բլոկադայի մեջ ենք, ոնց ապրենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեց ձորագետցի Վանիկը:

Զրուցեցինք Ձորագետի գյուղապետ Լյովա Գրիգորյանի հետ, ով շտապեց հանգստացնել, թե ստեղծված իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում, եւ իրենց այլ բան չի մնում, քան համբերատար սպասելը: Պարզվում է՝ 400 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը երբեւէ չի բարձրաձայնել առաջացած անհարմարությունների մասին: Լ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շինարարները խոստացել են թունելը բացել ապրիլին, ինչի արդյունքում որոշակիորեն իրենց բնակչության խնդիրը կլուծվի, իսկ մինչ այդ, ըստ գյուղապետի, եթե շտապօգնության կամ հրշեջ մեքենայի կարիք է զգացվում, ինքը հեռախոսով տեղեկացնում է շինարարներին, որպեսզի տեխնիկայով արագ մաքրեն ճանապարհը. «Բուլդուզերը երկու անգամ գցում, մաքրում են, իհարկե, խնդիրներ կան, բայց, դե, վիճակն էդ ա, պետք ա համբերենք»: Այսքանով համայնքի ղեկավարն իր գործառույթները համարում է ավարտված:

Խնդրի առնչությամբ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին գյուղացիները դիմել էին կառավարությանը՝ առաջարկելով իրենց գնացք տրամադրել: Մի քանի ամիս է անցել, իրավիճակը էլ ավելի է բարդացել, բայց լուծում չկա: Լռում է ինչպես մարզպետարանը՝ որպես տեղական իշխանություն, այնպես էլ ՀՀ գործադիր մարմինը: Դե, իհարկե, ընտրություններ են, պաշտոնյաները ժամանակ չունեն քաղաքացիների խնդիրներով զբաղվելու:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս