«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ է ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը: Նկատենք, որ Լեւոն Յոլյանն այս ոլորտում նոր մարդ չէ. նա 9 տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, 2016թ. փետրվարին նշանակվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Սակայն կառավարության փոփոխությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը չցանկացավ նրա հետ աշխատել: Այնպես ստացվեց, որ ԱԺ այս ընտրություններից առաջ Իշխան Զաքարյանը հրաժարական տվեց ՎՊ նախագահի պաշտոնից՝ հայտարարելով կրկին քաղաքականությամբ զբաղվելու եւ «Ծառուկյան» դաշինքի շտաբը գլխավորելու մասին:
Ու հիմա Սերժ Սարգսյանը Լեւոն Յոլյանին է առաջադրել այդ թափուր պաշտոնում: Նկատենք, որ Յոլյանը միշտ ձգտել է դառնալ ՎՊ նախագահ, տարիներ շարունակ լինելով Իշխան Զաքարյանի տեղակալը՝ նրա թիկունքում անթաքույց պայքարել է այդ պաշտոնի համար: Ու հիմա կատարվել է նրա երազանքը: Բայց ամեն ինչ առաջվա նման չէ:
2018թ. ապրիլից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ վերահսկիչ պալատը վերածվելու է հաշվեքննիչ պալատի, եւ այդ մարմնի ղեկավարը լինելու է անկուսակցական, ավելին՝ այդ կառույցը զրկված է լինելու իր այսօրվա լայն գործառույթներից: Իսկ Յոլյանը, թեեւ դե յուրե անկուսակցական է, սակայն առավել քան սերտաճած է ՀՀԿ-ի հետ: 2013թ. նախագահական ընտրություններում նա Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալներից մեկն էր: Այսինքն` Յոլյանը չի կարողանալու երկար վայելել ՎՊ նախագահի պաշտոնը. ապրիլից հետո շատ բան կփոխվի:
Ինչ վերաբերում է պալատի գործունեությանը, ապա Իշխան Զաքարյանի օրոք վերջին մեկ տարում այն գրեթե ոչինչ չէր «վերահսկում»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: