Խաղադրույքը կատարվել է պաշտպանության նախկին նախարարի վրա. Արմեն Բադալյանը՝ քարոզարշավի ընթացքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է մարտի 5-ից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Քարոզարշավի ընթացքի մասին ArmLur.am ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

«Այս քարոզարշավն այնպես չի, որ 25 օրվա ընթացքում քաղաքացիներին ինչ-որ հիանալի, հիասքանչ բան պետք է ասի, և 25 օրվա ընթացքում գրավի ընտրողներին: Այդպես չէ, որովհետև ընտրությունների մասնակցող շատ ուժեր, ուղղակի ժամանակը բաց թողեցին և հիմա քարոզարշավի ժամանակ ինչքան էլ փորձեն իրենց նյութերը քարոզարշավի միջոցով տարածել և իրենց տեսակետները հայտնել, մեծ հաջողության չեն հասնի»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ ի վերջո քարոզարշավը նախկինում, մի քանի տարվա ընթացքում կատարված աշխատանքի ամփոփ հաշվետվությունն է, և ըստ այդ հաշվետվության վրա նոր հայտի ներկայացումը:

«Եթե դու մի քանի տարվա ընթացքում էական ոչ մի բան չես արել, ապա հույս ունենալ, որ քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությամբ կամ գյուղից գյուղ այցելելով լուրջ ազդեցություն ձեռք կբերես ՝ իրականությանը չի համապատասխանում»,-հավելեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ քաղաքական գործիչներից շատերը նույն դեմքերով են հանդես գալիս, բացառապես ՀՀԿ-ի, որը հիմնական շեշտադրումը կատարելու է վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով. «Մնացածները իրենց գաղափարներ են տանում, ինչպես նախորդ անգամ են արել»:

Քաղաքագետը նաև հավելեց. «Ինչպես այն անգամ ԲՀԿ -ն, այս անգամ էլ «Ծառուկյան» դաշինքն իր շեշտադրումը կատարում է Գագիկ Ծառուկյան բարեգործի վրա, ով կարողանում է դրական գործունեություն իրականացնել: ՀԱԿ-ն է փոխել իր քարոզարշավի բովանդակությունը. եթե նախկինում նրանք ընդգծված ՀՀԿ- ի դեմ էին աշխատում, այժմ ղարաբաղյան ծրագիրն են առաջ տանում: «Ազատ դեմոկրատներ»-ն իրենց որպես արևմտամետ են դիրքորոշում, բայց ժամանակը շատ քիչ է, որպեսզի նրանք կարողանան քարոզարշավի ժամանակ դիրքորոշում հայտնել, ճանաչվել: Նրանք բավականին ժամանակ են կորցրել: Կոմունիստների մասին չեմ խոսում, որովհետև անիմաստ է նրանց մասին խոսել»:

Քաղաքագետը խոսեով նաև մյուս ուժերի մասին նշեց՝ թերևս ՕԵԿ-ն  իր անունը փոխել է, բայց շեշտադրումը հիմնական նույն է. «Այսինքն էլի մեծ մեծ խոստումներ են տալիս: «ԵԼՔ»-ի պահվածքը մի քիչ անորոշ է: Կառույցի դեյուրը ընտրվել է Վանաձորի պատգամավորը, բայց  քարոզարշավը հիմնակում իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է դաշնակներին, նրանք ոնց որ նախորդ անգամ են քարոզչություն անում, հիմա էլ էական բան չեն ներկայացնում, որով տարբերվեն, սովորական քարոզարշավ: «Ժառանգություն», «Համախմբում» դաշինքը խաղադրույքը կատարել է պաշտպանության նախկին նախարարի վրա, ով դեռ չի ընկալվում անհատականություն»:

Արփինե Թովմասյան




Լրահոս