«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ աշխատած Սամվել Սանամյանը, որ այժմ ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաեւ ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հիմա էլ Սանամյանը մտադիր է Ղազախստանում պանրի գործարան հիմնել:
Մեզ հետ զրույցում, ինչպես եւ սպասում էինք, Սանամյանը հերքել է այս լուրերը՝ ասելով. «Ես ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով: Ոչ մի բան դրսում չունեմ»: Նկատենք, որ իր գիտակից կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Սանամյանը բավականին պատկառելի հարստություն է կուտակել՝ տներ, բնակարաններ, հողամասեր: Նա լինելով մաքսային պաշտոնյա՝ հայտարարագրել է 11 մլն դրամանոց ժամացույց, 320 հազար դոլար եւ 70 մլն դրամ դրամական միջոց: Սա Սանամյանի հայտարարագրած ունեցվածքն է, իսկ թե Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը որքա՞ն ունեցվածք ունի իրականում չհայտարարագրված, մնում է միայն կռահել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: