ՀՀ վերաքննիչ դատարանը վերջապես վարույթ է ընդունել «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Անահիտ Ղազարյանի՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ հայցը. այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է տիկին Ղազարյանը:
Հիշեցնենք, որ նա պահանջում է առոչինչ համարել Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի գրանցումը, քանի որ համագումար չի արվել. «Համագումարը եղել է «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումար»,- ասաց Ղազարյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին դիմումը ներկայացրել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է պատճառաբանությամբ, որ այն ընդատյա է վարչական դատարանին, որից հետո՝ 2017 թվականի հունվարի 10-ին, Ղազարյանը հայցադիմումը վարչական դատարան է ներկայացրել նույն հիմքերով, սակայն նրան կրկին մերժել են՝ պատճառաբանելով, որ հայցադիմումը ընդատյա է առաջին ատյանի դատարանին: «Ես փետրվարի 27-ին վերաքննիչ բողոք եմ ներկայացրել դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշումը հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ բեկանելու եւ նոր քննության ուղարկելու համապատասխան դատարան:
«Դատալեքս»-ով տեղեկացա, որ որոշում է կայացվել վերաքննիչ բողոքս ընդունելու, եւ դատական նիստ է նշանակվել մարտի 17-ին»,- ասաց տիկին Ղազարյանը: