​Անսպասելի ներկայացում` Կամերային թատրոնի բեմում` «Ռոմեո եւ Ջուլիետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական կամերային թատրոնի բեմում ապրիլի սկզբին նախատեսված է «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի (Ուիլյամ Շեքսպիր) պրեմիերան: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց ներկայացման ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, հնարավոր է` փոքր-ինչ անսպասելի եւ «տարօրինակ» լինի տեսնել «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը` Կամերայինում. «Մենք ներկայացմանը տվել ենք «կամերային լուծումներ»:

Առհասարակ, որ դեպքում էլ անդրադարձել ենք դասական դրամատուրգիայի գործերին, միշտ փորձել ենք այսօրվա շունչը հաղորդել դրանց, ներկայացումը դարձնել հուզիչ եւ հետաքրքիր այսօրվա հանդիսատեսի համար, բարձրացնել պիեսում արծարծված այն խնդիրները, որոնք արդիական են նաեւ այսօր: Հանդիսատեսը պետք է ներկայացումը դիտելիս «չանջատվի» իրականությունից, կողքից դիտողի դերում չլինի, այլ մասնակցի»,-մեկնաբանեց ռեժիսորը:

Նա նաեւ շեշտեց` «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը Կամերայինի համար յուրահատուկ է նրանով, որ դրա շրջանակում բեմում հայտնվելու է 22 դերասան. «35 տարվա ընթացքում մեր թատրոնը նման փորձ չի ունեցել, այդ թվով դերասան չի ներգրավվել մեր ոչ մի ներկայացման մեջ: Դերասանների զգալի մասը ընտրված է թատրոնից` Սենիկ Բարսեղյան, Քեթրին Մանասյան, Գրիգոր Բաղդասարյան, Վահե Զիրոյան եւ այլք, իսկ մյուս մասը թատերական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողներ են, այդ թվում` Ռոմեոյի եւ Ջուլիետի դերակատարները: Կարծում եմ` կարեւոր է, որ վերջիններս ողբերգության հերոսների նման երիտասարդ են ու անփորձ, համապատասխանում են իրենց կերպարներին»,-նշեց Լուսինեն:

Ի դեպ, ավելի վաղ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ մտադիր է համալրել «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկը եւ վերականգնել «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը. «Այո՛, նման զուգադիպություն եղավ: Երկուսս էլ անհամբեր սպասում ենք, թե ով ավելի շուտ կավարտի աշխատանքը, որպեսզի տեսնենք, թե ում մոտ ինչ է ստացվել»,-ասաց Լուսինեն:

Քանի որ վերջինս դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հետաքրքրվեցինք` շա՞տ են արդյոք այն ուսանողները, որոնք Ռոմեոյի եւ Ջուլիետի դերակատարների նման հասնում են դրական արդյունքի եւ թատրոններ մուտք գործելու «այցեքարտ» են ստանում. «Իհարկե, շատ կան այնպիսի ուսանողներ, որոնք ստիպում են, որ իրենց հետ աշխատես, բայց կան նաեւ ալարկոտ ուսանողներ, որոնք հենց նոր են ավարտել ինստիտուտը, հասցրել են նկարահանվել մի քանի սերիալներում եւ իրենց արդեն թվում է, որ, օրինակ, որեւէ ներկայացման մեջ ընդգրկվելու համար քասթինգ անցնելու կարիք չունեն, որ իրենք լավագույնն են: Այդպիսով` նրանք դառնում են աստղային հիվանդությամբ տառապող անհասկանալի երեւույթներ: Իսկ տաղանդավոր մարդը աշխատասիրության շնորհիվ հասնում է ցանկալի արդյունքի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս