Դիզվառելիքի թեմայի շուրջ աղմուկը շարունակվում է. ովքեր են թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիզվառելիքի թեմայի շուրջ աղմուկը շարունակվում է: 2016 թվականի ապրիլից մինչեւ օգոստոս ամիսը ՊՆ-ից դիզվառելիք է յուրացվել եւ այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել պաշտպանության նախարարության փոխգնդապետն ու պահեստարանի պետը: Զորամասից գողացվել է 3840լ դիզելային վառելիք, որից ստացված գումարը կազմել է 1 միլիոն 259 հազար 520 դրամ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանը 2016թ-ի ապրիլին համաձայնության է եկել իր ղեկավարության տակ գտնվող զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ, որպեսզի զորամասի տրամադրված դիզելային վառելիքը զորամասից դուրս բերեն, վաճառեն եւ գումարը «մեջ-մեջ» անեն:

Ահա այսպես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 1-ին, մայիսի 2-ին, հունիսի 7-ին, հունիսի 9-ին, հուլիսի 18-ին, հուլիսի 28-ին, օգոստոսի 4-ին օգոստոսի 23-ին յուրաքանչյուր անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք են լիցքավորել ՀՀ ՊՆ զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված «ԳԱԶ 53» մակնիշի 22ՍԼ792 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ավտոցիստեռնը:
Իսկ ինչ է արել անհատ ձեռներեց Մանվել Գալստյանը հափշտակված վառելիքը: Տեղեկացանք, որ նա ՊՆ-ի վառելիքը տեղափոխել է Գյումրի քաղաքում գտնվող, իրեն պատկանող բենզալցակայաններ: Իր ծանոթ Ռուդիկ Կարապետյանի հետ ՊՆ փոխգնդապետ Ալեքսանյանին խոստացել են շուկայականից էժան գներով վառելիք վաճառել, իսկ հետո համապատասխան գումարը փոխանցել Մխիթար Ալեքսանյանին:

Տեղեկացանք, որ յուրացված դիզվառելիքի չափը եղել է 3840 լիտր, ոը կազմել է 1 միլիոն 259 հազար 520 դրամ: Այս աղմկալի բացահայտումը իրականացնելուց հետո 2016 թվականին ՀՀ ՊՆ զորամասում սկսվել են խուզարկություններ իրականացվել, ինչի արդյունքում 2016 թվականի սեպտեմբերի 9-ին ռազմական ոստիկանության աշխատակիցները փոխգնդապետի սենյակում հայտնաբերել են, որ նա ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 76 հատ «ՊՄ» եւ «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներ եւ 224 հատ 5.45 մմ տրամաչափի ԱԿ 74 ինքնաձիգերի եւ ՌՊԿ-74 գնդացիրների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նշված աշխատասենյակում 2016թ-ի սեպտեմբերի 9-ին կատարված խուզարկությամբ:

Պարզեցինք, որ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանին եւ զորամասի պահեստարանի պետ Աշոտ Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի 1.2.3 կետերով` (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափերով, պատժվում ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) եւ 235 հոդվածի առաջին մասով (Ապօրինի կերպով հրազեն պահելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Իրավապահների աչքից չեն վրիպել նաեւ բանակի հաշվին գումար աշխատած անհատ ձեռներեց Մանվել Գալստյանը, Ռուդիկ Կարապետյանը, Արմեն Գրիգորյանը, Լեռնիկ Վարդանյանը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` (Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը) եւ 179 հոդվածի 2-րդ մասի 1.2.3 կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):

Եւ այսպես՝ ինչպես հիշում եք՝ մարտի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետն ասել էր. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Չի բացառվում, որ նաեւ եղել են զորամասեր, որտեղ տեխնիկան նույնիսկ աշխատել է, սակայն քառօրյա պատերազմի ժամանակ զորամասում վեռելիք չի էլ եղել, քանի որ այսպիսի դրսեւորումներն են եղել:

Տեղեկացնենք, որ այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը 2017 թվականի մարտի 20-ին ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործով ամբաստանյալներից փոխգնդապետ Ալեքսանյանը եւ Յայլոյանը գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Ի դեպ, վերոնշյալ աղմկահարույց գործով դատավորի անունը դեռեւս հայտնի չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս