Իշխանությունները փորձում են ծածկադմփոց անել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ նախընտրական սկանդալը: Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր իր արած ձայնագրությունները, որտեղ այդ տնօրենները խոստովանել են իշխող ՀՀԿ-ի օգտին մարդկանց ցուցակագրելու մասին: Հանգստյան օրերին այդ տնօրեններին հրավիրել էին ՀՀԿ շտաբներ ու թեեւ նախատել էին միամտություն դրսեւորելու եւ անկեղծանալու համար, բայց եւ հանգստացրել էին՝ ասելով, որ որեւէ մեկը չի պատժվի, «ապօրինի ձայնագրությունները» ուժ չունեն: Այդ տնօրենների հետ նաեւ լիկբեզ են անցկացրել՝ սովորեցնելով հարցուպատասխանի դեպքում արդարանալ, թե ամեն ինչ օրինականության շրջանակներում է եւ արվել է աշխատանքային ժամից հետո: Իսկ աշխատանքային ժամերին իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անպատիժ կմնա նաեւ ՀՀԿ-ն, որի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ են ներկայացրել ընտրություններին մասնակից մի շարք ուժեր: Ընդ որում, այս հարցում պետական մարմինները փորձում են կատարվածը բացահայտելու իրավասությունը միմյանց վրա գցել: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտարարել է, թե սկանդալային ձայնագրություններից միայն մեկն է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակում, իսկ մյուսներով գործողությունները գտնվում են «պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում»: Իսկ մյուս պետական մարմինները ԿԸՀ-ն, ԿԳ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանն են: ԿԸՀ-ն այս կապակցությամբ նիստ կանի առաջիկա օրերին, ԿԳՆ-ն հայտարարել է փաստերն ուսումնասիրելու (հավանաբար, արդարացումների իրավական հիմնավորումներ են փնտրում) մասին, քաղաքապետարանն էլ, «քափ ու քրտինք մտած», արդեն իսկ արդարացնում է տեղի ունեցածը: Իսկ Սերժ Սարգսյանը խոստանում էր «մաքուր ընտրություններ»:
Տնօրենների հետ զրույցները՝ էջ 2
Նախընտրական քարոզարշավի ընթացքում անվտանգության ու առաջընթացի, փոխվելու եւ փոփոխվելու մասին Կարեն Կարապետյանի ելույթները «ժիլետների թեւքերի» էֆեկտ ունեցան, քանի որ վարչապետի բարձր վարկանիշը վտանգվեց, իսկ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, չի կարողանում ձայներ ստանալ: Հիմա նրանց հույսը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներն են: Ավելին՝ եթե նախկինում «թիվ ապահովելու» պարտականությունը դրված էր պետական մարմինների վրա, ապա հիմա խնդիրը դրված է կոնկրետ ռեյտինգային թեկնածուների առաջ, որոնցից պարբերաբար «թիվ են ուզում»՝ հարցնելով, թե որքա՞ն ձայն կկարողանան ապահովել կուսակցության համար: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածուների ստացած ձայները ինքնաբերաբար անցնելու են ՀՀԿ-ին: Մյուս կողմից ՀՀԿ-ն փորձում է հասարակական կարծիքը «զոնդաժ» անել՝ հրապարակելով կեղծ «Գելլափ» կազմակերպության սոցհարցումների տվյալները, ըստ որի՝ եթե քարոզարշավի սկզբում առաջին տեղում ԲՀԿ-ն էր, ապա հիմա արդեն ՀՀԿ-ն է առաջատար:
Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի իրային, պարենային եւ վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել: Խաչատրյանը պահեստից վերցրել է մոտ 114 հազար դրամի 20 լրակազմ բամբակյա կեպիով կոստյում եւ այն 200 հազար դրամով վաճառել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի իրային ծառայության պետ, կապիտան Ժորա Հովհաննիսյանին: Բացի այդ՝ նա պահեստից հափշտակել է 183 հազար 200 դրամի 20 զույգ ճտքավոր կոշիկ, որոնք, սակայն, վաճառել է Երեւանի «Վերնիսաժ»-ում: Այդ արարքի համար նա դատապարտվել է պայմանական ազատազրկման: Իսկ Ժորա Հովհաննիսյանն էլ գողացված իրեր ձեռք բերելու համար դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի: Հիշեցնենք՝ այս ամենը տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին:
«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն՝ «ՀրազՋԷԿ»-ն, առաջիկայում կվաճառվի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Այսպես՝ այս խնդրանքով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն մարտի 13-ի, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ: Արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին, որը նախորդ տարի գնեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, երեկ հանդիպելով Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի հետ, ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին. «Հանդիպման մասնակիցները կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը»,- տեղեկացնում են պաշտոնական հաղորդագրությունները: Մինչդեռ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում համանախագահները այլ առավել ուշագրավ շեշտադրումների վրա են կենտրոնացել:
Մասնավորապես ԱՄՆ համանախագահ Ռ. Հոգլանդը հայտնել է, որ համանախագահներն այսօր մեկնելու են Ստեփանակերտ՝ «համոզվելու, որ յուրաքանչյուր ոք տեղյակ է, թե ինչ [հակամարտության կարգավորման] հնարավորություններ կան»: Նկատենք, որ սա ինքնին հետաքրքիր ձեւակերպում է, քանզի «յուրաքանչյուր ոք», այսպես թե այնպես, չի կարող տեղյակ լինել հակամարտության կարգավորման հնարավորություններին, քանի որ բանակցային փաստաթուղթն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ հրապարակված չէ եւ չի էլ կարող լինել: Ուստի այս պարագայում հնարավորությունների մասին տեղյակ լինելու շուրջ հիշատակումը եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք սովորականի, ապա կնշանակի, թե միջնորդները գնում են Արցախ՝ համոզվելու, որ այնտեղ իրապես տեղեկացված են եւ գիտակցում են, թե ինչ կարող է լինել, եթե հավանություն չտան խնդրի կարգավորման՝ միջնորդների առաջարկած ներկայիս տարբերակին:
Իսկ թե ինչ տարբերակի մասին է խոսքը, այս հարցի շուրջ Հոգլանդը եւս ուշագրավ բացահայտումներ է արել երեկ: Այսպես՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե իրոք այսօր սեղանին, այսպես կոչված, Լավրովյան ծրագիրն է, նա ասել է. «Մենք այն չենք կոչում «Լավրովի ծրագիր», սակայն, անշուշտ, սեղանին դրված է ծրագիր»: Հստակեցնող հարցին՝ արդյոք այդ ծրագիրը մշակվել եւ ներկայացվել է Ռուսաստանի կողմից, Հոգլանդը այսպես է արձագանքել. «Թե ով է կամ որ երկիրն է հեղինակել այդ ծրագիրը, չեմ պատրաստվում մեկնաբանել, սակայն կարող եմ ասել, որ այն շատ լավն է եւ միջազգային հանրության կողմից հավանության է արժանացել: ԵԱՀԿ-ն, համանախագահները եւ համանախագահների կառավարությունները հավանություն են տվել այդ ծրագրին: Սեղանին առկա ծրագիրը շատ մանրամասն է, հստակ է, եւ ես վստահ եմ, որ բոլոր կողմերի իշխանությունները հասկանում են, թե ինչ կա դրանում»:
Այսպիսով՝ Հոգլանդը գրեթե բացահայտ ասում է, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները մեկնել են Ստեփանակերտ՝ Լավրովի ծրագրի մասին Արցախի դիրքորոշումը լսելու, եւ հընթացս նաեւ բացատրելու, թե ինչ հեռանկար կարող է սպասվել այդ ծրագրից հրաժարվելու դեպքում: