10 հազար դրամից կախված չակատագրով. Հայաստանի նոր խորհրդարանը մեծապես ձևավորվել է կոռուպցիայի միջոցով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների մասին միջազգային դիտորդական առաքելություններն ու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատները համակարծիք են. ընտրությունների արդյունքների վրա հիմնական ազդեցությունն ունեցել է համատարած բաժանված ընտրակաշառքը:

Այդ մասին խոսել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ապրիլի 4-ի նախնական զեկույցում, այդ մասին շեշտել են ընտրություններից հետո իրար հաջորդած հայտարարություններում Եվրամիությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, իսկ երեկ էլ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ էր նշված ընտրություններում ընտրակաշառքի ազդեցության մասին: «Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները եւ խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք»,- ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան՝ երեկվա հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ դեսպանատները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ընտրողներին ահաբեկելու, քվեները գնելու փորձերի եւ վարչական ռեսուրսի կիրառման փորձերի վերաբերյալ` նախազգուշացնելով, որ ընտրությունների մասին իրենց գնահատականը «չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ»:

Ու, փաստորեն, իշխանությունները պարզապես անտեսեցին այս նախազգուշացումն ու շարունակեցին ընտրակաշառք բաժանելը: Ավելին` այսօր ընտրակաշառքի մասին ահազանգում են նաեւ նույն ՀՀԿ-ականները` ընդ որում, խոսելով ե՛ւ իրենց կուսակցության, ե՛ւ ուրիշ ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին:

Մեզ մնում է այսքանից հետո արձանագրել, որ Հայաստանի նոր խորհրդարանը, ըստ այդմ՝ նաեւ ՀՀ իշխանությունը, մեծապես ձեւավորվել է կոռուպցիայի միջոցով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս