2016 թ. ապրիլի 30-ին պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար Արսեն Հակոբջանյանը «Եղնիկներ»-ի դիրքերում ստացել է ականապայթյունային վիրավորում. վնասվել են սրունքը, կրունկն ու թաթը:
Արսեն Հակոբջանյանը երրորդ կարգի հաշմանդամ է, սակայն դեռ հաշմանդամության կենսաթոշակ չի ստացել:
ArmLur.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ «Եղնիկների դիրքերում» թշնամու ոտնահետքերի հետևից գնալու ժամանակ է վիրավորվել ականի պայթյունից:
«Ոտնաթաթս` խաղով փշրվեց: Առաջին օգնություն ցույց տվեց զինվորս: Չէի ուշաթափվել. բացատրեցի` ոնց գա, որ ինձ դուրս հանի»,- ասաց նա:
Արցախցի հրամանատարն առաջին բուժօգնությունը ստացել է Մարտակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, ապա Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ երրորդ անգամ ենթարկվել է վիրահատության. «Առանց ձեռնափայտի քայլում եմ, բայց դե ոտքիս խաղը լավ չի ծալվում»:
Համեստ բնավորության տեր զինվորը չնայած լիակատար չի ապաքինվել, այդուհանդերձ, վերադարձել է խրամատ` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, զինվորի կողքին կանգնելու առաքելությամբ:
Լիդա Եղիազարյան