«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարան է ուղարկվել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընթացքում կրկնակի քվեարկության փորձի առթիվ հարուցված քրեական գործերից եւս մեկը: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ Աշոտ Առաքելյանը: Նա ապրիլի 2-ին՝ ժամը 09-ի սահմաններում, քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, մի քանի ժամ անց՝ 12:00-ի սահմաններում, կիկին գնացել է նույն ընտրատեղամաս, որ կրկին ընտրի, սակայն ինքնությունը ստուգող սարքի ազդանշանը միացել է, եւ նա չի կարողացել իր մտադրությունը իրագործել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աշոտ Առաքելյանը պատմեց, որ այդ քայլին է գնացել, քանի որ խմած է եղել: «Այլ բան չկա, ինչ ասացի Ձեզ, նույնը ասել եմ քննիչին, խմած էի, դրա համար արի»,- նշեց նա: Իսկ թե ում էր տվել Առաքելյանը իր ձայնը, վերջինս չցանկացավ ասել. «Դա պարտադիր գաղտնիք է»: Ի դեպ, նկատենք, որ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք գործելն ավելի է խստացնում իրավիճակը: