Հանրային խորհուրդն ու պաշտպանության նախարարը քննարկել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդում երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ քննարկվել է  Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով:

Խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին և ներկայացնելով դրա բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները՝ Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ լինելով սպայական կարգավիճակում: Ծրագրի կարևոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Իսկ մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Հանրային խորհրդից հայտնում են, որ «Ես եմ» ծրագիրը, որի դեպքում նորակոչիկները իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, նախարարը նշել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: Նախարարը համոզված է, որ գումարի երեք նպատակային կիրառումն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում, քանի որ ապագան Հայաստանում կառուցելու հնարավորություն է տալիս:

Վիգեն Սարգսյանը նաև հայտնել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ «Ես եմ»-ը օրենսդրական փոփոխություն է ենթադրում` հավելելով, որ առհասարակ, ոլորտի օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Հանրային խորհրդի անդամներն ընդհանուր առմամբ դրական են արտահայտվել երկու նախագծերի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով որոշակի հարցադրումներ, մտահոգություններ ու առաջարկներ: Մասնավորապես ՀԽ անդամները հետաքրքրվել են, թե արդյոք ծրագրերը քննարկվե՞լ են բուհերում, ուսանողների ու երիտասարդության շրջանում և արդյոք սոցիոլոգիական հարցումներ անցկացվե՞լ են պարզելու թիրախային խմբի վերաբերմունքն ու տրամադրվածությունը ծրագրերի նկատմամբ: Նախարարը հայտնել է, որ որոշակի քննարկումներ ու հետազոտություններ անցկացվել են, սակայն դրանք շարունակական են լինելու, և առհասարակ ծրագրերի նպատակահարմարությունը դառնալու է հանրային լայն քննարկման առարկա:

Հանրային խորհուրդը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք զինծառայության նկատմամբ ոչ թե նյութական շահագրգռվածություն կառաջացնեն, այլև խնդիրը կդիտարկեն բարոյահոգեբանական հարթության մեջ՝ ապագա զինծառայողի մեջ սերմանելով հայրենասիրություն, ազգային մտածողություն ու բարձր պատասխանատվություն:

Հանրային խորհուրդը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրերում պարտադիր բաղադրիչը բացակայում է, և գործելու է կամավորության սկզբունքը: Նախարարն էլ հավելել է, որ այս ծրագրերով զինվորական ծառայության մեջ ներդրվում է այլընտրանքային համակարգ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի զինվորական ծառայությունն ու պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացումը:

Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկումների ընթացքում հաշվի առնել Հանրային խորհրդում հնչած մտահոգություններն ու ներկայացված առաջարկները:

Խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են նաև սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման խնդիրները: Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի խնդիրների մանրամասն ուսումնասիրությամբ, լուծման եղանակների ու համապատասխան ծրագրերի իրականացման աշխատանքներով:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով Պաշտպանության նախարարին ծրագրերն անձամբ Հանրային խորհրդին ներկայացնելու պատրաստակամության համար, նշել է, որ հայկական բանակի պատմությունը մտնում է մի նոր փուլ՝ սկսելով կամավորական ջոկատների ստեղծումից, դառնալով կանոնավոր, մարտունակ բանակ, իսկ այժմ արդեն ձևավորելով ժամանակակից զինված ուժեր՝ սերտորեն կապված ժողովրդի հետ և հասարակության պահանջներին համահունչ:




Լրահոս