Հիմնական խաղացողները զբաղված են այլ հարցերով. Ղարաբաղը հետին պլանում է. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնած՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Բանակցություններն անցել են եռակողմ ձեւաչափով, իսկ այնուհետեւ արտգործնախարարներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Ռիչարդ Հոգլանդը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման մասին հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում տեղեկատությունը շատ սուղ էր: Մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները նման բովանդակությամբ տեքստ էին հրապարակել: «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի մայիսին եւ հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, սակայն, կարծում է, որ Ադրբեջանը կշարունակի չկատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ կոնֆլիկտի հարցում դիրք ունեցող առաջնային խաղացողները զբաղված են այլ հարցերով: Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը ռուս քաղաքագետն անարդյունավետ համարեց՝ միաժամանակ ընդգծելով, թե ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան առհասարակ դրա բացակայությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

-Պարո՛ն Սկակով, օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Ինչպիսի՞ արդյունքներ կան:

-Գիտեք, ցանկացած հանդիպում, ցանկացած շփում ավելի լավ է, քան դրանց բացակայությունը: Եվ թեկուզ այսպիսի երկխոսությունները լավ են, սակայն ուղիղ իմաստով օգուտներ եւ արդյունքներ սպասել պետք չէ: Դրանք ռեալ չեն, այդ պատճառով կա փաստ. կա երկխոսություն, դա լավ է, բայց արդյունքներ սպասելը ֆանտաստիկայի ժանրից է:

-Բայց ինչո՞ւ լուրջ արդյունքներ չեն կարող լինել:

-Քանի որ կողմերը հակված չեն զիջումների եւ դրա համար հիմքեր չկան: Բացի ներքին ֆակտորից, չկա նաեւ նրանց ցանկությունն ու ուժը՝ զիջումների գնալու:

-Հանդիպումից հետո գրեթե տեղեկատվություն չհրապարակվեց: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր դրա պատճառը:

-Քանի որ չկան արդյունքներ, հենց այդ պատճառով էլ քիչ տեղեկատվություն է հրապարակվել:

-Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի կատարում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ-ի կողմից կրկին հանդիպման գնալը ճի՞շտ որոշում էր:

-Ցանկացած հանդիպում դրական է: Իհարկե, ավելի լավ է հանդիպել, բանակցել, քան թե առհասարակ դրանցից հետ մնալ: Ցանկացած պարագայում Հայաստանը չի կարող դառնալ այդպիսի հանդիպումների ընդդիմախոսը: Պետք է հանդիպել, քննարկել, բանակցել եւ միեւնույն ժամանակ ունենալ սեփական դիրքն ու տեսակետը:

-Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ Ադրբեջանը երբեւէ կկատարի այդ պայմանավորվածությունները:

-Ես կարծում եմ, որ հիմա նման բան ակնկալել պետք չէ: Հիմնական խաղացողները զբաղված են այլ հարցերով, այսինքն՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր են, օրինակ, Սիրիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի իրավիճակները, քան Ղարաբաղը: Տվյալ պարագայում Ղարաբաղի հարցը հետնապահների թվում է, եւ առանց առաջնային խաղացողների ճնշման արդյունքներ չեն կարող լինել:

-Նշանակում է, որ Ռուսաստանն այժմ այնքան հետաքրքրված չէ՞ Ղարաբաղյան կոնֆլիկտով, որքան նախկինում:

-Ռուսաստանը հետաքրքրված է, սակայն դա չի հանդիսանում առաջնային: Ռուսաստանի համար այլ բազմաթիվ կարեւոր հարցեր կան: Ես կարծում եմ, որ այս ֆոնին ՌԴ-ի համար դժվար է Ադրբեջանին պարտադրել ինչ-որ բան անել: Առավել եւս, որ ՌԴ-ի գործընկերներ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն առհասարակ չեն ցանկանում այս հարցում որեւէ բան անել: Նրանց համար Արցախը հետնապահ հարց է, եւ մտադիր չեն ոչինչ անել:

-Այդ դեպքում ի՞նչ սպասել սահմանին, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինություններ գնել Ռուսաստանից:

-Կարծում եմ, որ հիմա իրավիճակն ավելի վերահսկելի է: Ապրիլյան պատերազմի կրկնություն պետք չէ սպասել, քանի որ այն բանից հետո, երբ ՌԴ-ն մեծ քանակությամբ լավ սպառազինություն տվեց Հայաստանին եւ դա ցուցադրվեց, դրանից հետո Ադրբեջանն արդեն առավել ուշադիր է: Ադրբեջանը զենք շարունակում է գնել ոչ միայն ՌԴ-ից, այլ նաեւ այլ երկրներից:

-Թուրքիան եւս շահագրգռված չէ՞ նոր պատերազմով:

-Կարծում եմ՝ Թուրքիայի համար Ղարաբաղը լուրջ թեմա չի հանդիսանում: Թուրքիան իր խնդիրները ունի. դա Սիրիան է, Էրդողանի իշխանության պահպանումն է, եւ նրանք զբաղված չեն լինի այնպիսի հարցերով, որոնք կարող են ՌԴ-ի դուրը չգալ: Թուրքիայի համար այժմ կարեւոր է ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները պահպանելը: Իսկ միացյալ զորավարժությունները պետք չէ կարեւորել. դրանք նաեւ տարիներ առաջ են եղել եւ մշտապես էլ լինում են:

զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ




Լրահոս