«Ժառանգությունը» պահանջում է հետաքննել Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպն ու պատժել ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները՝ դրանք համարելով ապրիլի 2-ի տրամաբանական շարունակությունը՝ ուղեկցված զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով և բռնություններով:
Մայիսի 14-ին տեղի ունեցան հերթական «ընտրությունները», որոնք, դառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը, ինչպես միշտ, ուղեկցվեցին զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով և բռնություններով:

Այդկերպ ձևավորված ցանկացած իշխանություն՝ համապետական թե տեղական, լինելով ոչ լեգիտիմ, չի կարող արտահայտել Հայաստանի ժողովրդի շահերն ու իրականացնել նրա իղձերը: ՀՀԿ-ի ցինիզմը հասել է այնտեղ, որ նրա ներկայացուցիչները սկսել են արդարացնել իրենց կատարածուների ապօրինությունների ու բռնությունների մինչ այդ ընդամենն անտեսվող ապացուցված փաստերը:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների ընտրակեղծարարություններն ու բռնությունները, որոնց վառ դրսևորումներից էր ԱԺ երկու գումարումների պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա 21-ամյա դստեր հանդեպ մայիսի 14-ին ոստիկանության ներկայացուցիչների ոտնձգությունը, որի հետևանքով վերջինիս հասցվեցին մարմնական վնասվածքներ:
Մենք պահանջում ենք հետաքննել և պատասխանատվության ենթարկել այդ ապօրինությունն իրականացրած ոստիկաններին:

Ընտրություններից առաջ միլիարդավոր դոլարների ներդրումների ներգրավում խոստացող իսկ այժմ 1,5 միլիարդ դոլարով արտաքին պարտքն ավելացնել պատրաստվող իշխանությունները ևս մեկ ավելորդ անգամ ապացուցեցին, որ չունեն նաև Հայաստանի տնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու ո՛չ պրոֆեսիոնալ կարողություններ և ոչ էլ արտաքին ու ներքին ներդրողների նվազագույն վստահությունը: Հավատացած ենք, որ Հայաստանի Հանրապետության ազատ և արժանապատիվ քաղաքացիներն իրենց մեջ ուժ կգտնեն պայքարելու հանուն ամենքիս երազած հզոր, բարեկեցիկ, արդար ու ազատ երկրի, և այդ գործում իրենց կարևոր անելիքը ունեն իրապես ընդդիմադիր ուժերը, որոնք, առանց դադարեցնելու պայքարը, պետք է վերակազմակերպեն բոլոր միջոցները և, վերջապես, հանդես գան համընդգրկուն միասնական ճակատով՝ փրկելու համար երկիրը կործանումից, ներքին ու արտաքին գաղութացումից:




Լրահոս