Ավագանու` համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցում էր ընդամենը երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը, իսկ քաղաքական դաշտի առանցքային մյուս ուժերը պարզապես որոշել էին մի կողմ քաշվել ու հետեւել իրադարձությունների ընթացքին: Միաժամանակ ցածր էր ընտրությունների մասնակցության ցուցանիշը. ընտրելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 41 տոկոսը` 345 հազար 158 հոգի: Համեմատության համար նշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր Երեւանի ընտրողների 58.5 տոկոսը` 494 հազար 590 քաղաքացի:
Այս ամենի պատճառը միանգամայն պարզ է. ժողովուրդը գնալով օտարվում է պետությունից եւ քաղաքական գործընթացներից, եւ սա իշխանությունների համառ ջանքերի արդյունքում, երբ մարդիկ այլեւս հույսները կորցրել են ընտրություններից, ընտրությունների արդյունքում ինչ-որ բան փոխելու հեռանկարից: Ու հիմա մի մասը կամ հանձնվել է իրավիճակին` գերադասելով ընտրությունների օրը 10 հազարական դրամ աշխատել կամ պարզապես արտագաղթում է: Այլ կերպ, թերեւս, դժվար է բացատրել ստեղծված իրավիճակը, երբ չնայած հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհություններին՝ ընտրությունների արդյունքում, միեւնույն է, հաղթող է ճանաչվում իշխող կուսակցությունը, իհարկե, համատարած ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսների կիրառման արդյունքում: Եւ այդ առումով բացառություն չեղան նաեւ կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները:
Հետաքրքիր էին ավագանու ընտրություններին մասնակից ուժերի ստացած ձայները. ԿԸՀ տվյալներով՝ ՀՀԿ օգտին քվեարկել է մասնակիցների 71.25 տոկոսը` 240 հազար 36 հոգի, «Ելք» դաշինքին` 21 տոկոսը` 70 հազար 731 հոգի, եւ 26 հազար 109 հոգի կամ 7.75 տոկոսն ընտրել է «Երկիր ծիրանի» կուսակցությանը: ԱԺ ընտրություններին, հիշեցնենք, Երեւանում ՀՀԿ-ն շատ ավելի ձայն էր ստացել. այս կուսակցությանը քվեարկել էր 241 հազար 82 մարդ, «Ելք» դաշինքի օգտին ավելի քիչ` 69 հազար 465 հոգի: Իսկ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ինչպես հայտնի է, չէր մասնակցել ԱԺ ընտրություններին. նրանք ձեւավորվեցին հենց նախընտրական փուլում:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի քան հազար ձայն պակաս է ստացել այն դեպքում, երբ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն թեեւ հրաժարվել էր ընտրություններին մասնակցելուց, բայց եւ հայտարարել ՀՀԿ-ին սատարելու մասին: Եւ այս դեպքում տրամաբանությունը հուշում է, որ ՀՀԿ ձայներին պետք է գումարվեին նաեւ ՀՅԴ-ի` Երեւանից ստացած ձայների մի մասը: Ի վերջո, ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններում մայրաքաղաքում ստացել է 24 հազար 557 ձայն: Եւ այս դեպքում ենթադրվում է` ՀՀԿ ձայները նվազելու փոխարեն պետք է ավելանային: Կա նաեւ երկրորդ տարբերակը. ՀՅԴ-ականներն աշխատել են կոալիցիոն գործընկերոջ օգտին, բայց ՀՀԿ ներսում յուրայիններն են ընտրությունները սաբոտաժի ենթարկել ու չեն աշխատել Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակի օգտին: Այլ կերպ, թերեւս, դժվար է բացատրել տեղի ունեցածը, ընտրությունների այսքան ցածր մասնակցությունը:
Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված մեկ հանգամանք եւս. չնայած ՀՀԿ օգտին քվեարկել են ընտրությանը մասնակցած քաղաքացիների 71.25 տոկոսը, բայց նման արդյունք գրանցվել է համատարած ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի շնորհիվ: Ընդ որում, ընտրակաշառքի բաժանման մասին այլեւս կան անառարկելի փաստեր. հիշում եք «Ելք» դաշինքի բացահայտումները, երբ ընտրությունների նախօրեին ՀՀԿ շտաբներում հայտնաբերել էին ընտրակաշառք ստացած կամ ստացող մարդկանց ցուցակները:
Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաեւ հրապարակվեցին տեսագրություններ, որտեղ պարզ երեւում էին, թե մարդկանց ինչպես են գումար ու ՀՀԿ քվեաթերթիկ տալիս (չնայած` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ավելի ուշ փորձում էր համոզել, թե տրվել է ոչ թե քվեաթերթիկ, այլ վերջինիս նմուշ): Հիշում եք նաեւ ընտրությունների օրը քաղաքապետի մեկ այլ թեկնածու Զարուհի Փոստանջյանն ինչպես էր ՀՀԿ շտաբներից մեկում պնդում, որ բացեն դարակը, քանի որ այնտեղ ընտրակաշառք ստացող մարդկանց ցուցակն է պահվում: Բայց իրավապահները այդ ամենը թողած՝ զբաղված էին Փոստանջյանին ու նրա դստերը ՀՀԿ շտաբից հանելու «սուրբ գործով»: Այնպես որ, այս անգամ փաստերի պակաս չկար, կային այդ փաստերը կոծկող իշխանություններ: Թեեւ «Ելք»-ը խոստացել է հետամուտ լինել եւ ստիպել իշխանություններին բացահայտել կատարվածը:
Հ.Գ. Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը` 14 մանդատ, «Երկիր ծիրանին»` 5 մանդատ: «Ելք»-ը հայտարարել է ընտրությունների արդյունքներն ընդունելու մասին. ավագանու մանդատից կհրաժարվի միայն դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, որը կշարունակի պատգամավորական գործունեությունը, իսկ «Երկիր ծիրանին», ամենայն հավանականությամբ, չի վերցնի մանդատները` բոյկոտելով նիստերը: Չնայած չի բացառվում, որ վերջին պահին նրանք համաձայնեն մանդատները վերցնել, եւ ինչպես Զարուհի Փոստանջյանն է խոստացել` Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնել: Ամեն դեպքում, այս կուսակցությունն իր որոշումը կհրապարակի այսօր:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ