Հայաստանում` Արարատին դիմահայաց բարձունքի վրա, կկառուցվի «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Առաջարկվում է մեկտեղել հայության հնարավորությունները` ձեռնարկն իրականություն դարձնելու համար:
Ինչպես նշված է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, տապանն ունենալու է այն տեսքն ու չափերը, ինչ նկարագրված է Աստվածաշնչում. այն է` երկարությունը 300 կանգուն` 132 մետր, լայնությունը՝ 50 կանգուն` 22 մետր, բարձրությունը՝ 30 կանգուն` 13,2 մետր, տապանը կառուցվելու է երկաթբետոնից, երեսպատվելու է փայտով: Ներսում կկառուցվեն 200 տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն առանձին ազգերի, ժողովուրդների կամ պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժեւորող տարբեր ցուցանմուշներ:
Համալիրն իր 40 առանձնասենյակները կառաջարկի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին: Այնտեղ կգործեն թանգարան, պատկերասրահ, գրադարան: Համալիրը կունենա նաեւ կոնֆերանս դահլիճներ, կառավարության ընդունելությունների, ինչպես նաեւ պետական նշանակության հանդիսությունների սրահներ: «Տապանը հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը:
Այն փաստացի լինելու է մարդկության` իր տեսակի մեջ աշխարհում եղած միակ սրբավայրը, որը չի ենթադրի կրոնական խտրականություն, որտեղ կիշխի խաղաղությունն ու հանդուրժողականությունը, գտնվելով Հայաստանում` այն, որպես համամարդկային արժեք, կպատկանի ողջ մարդկությանը, կդառնա ուխտատեղի բոլոր ազգությունների համար»,-ասված է հաղորդագրությունում:
Արդեն ձեւավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատ»-ի տնօրեն Մարտուն Հարությունյանը:
Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն: Համապատասխան հողատարածքը հատկացվելուց հետո կսկսվեն կառույցի նախագծման եւ շինարարական աշխատանքները:
Ծրագիրը կյանքի կոչելու քայլերը, պարզվում է, նոր չէ, որ սկսվել են: Արվեստաբան Տաթեւիկ Համբարձումյանը, որը ՀՀ հանրային խորհրդի անդամ է, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեռեւս 3-4 տարի առաջ մշակույթի ենթահանձնաժողովի անդամների մասնակցությամբ քննարկվել է տապան կառուցելու հարցը. «Հիշում եմ, որ քննարկմանը ներկա էր ներդրողներից մեկը, ով, կարծեմ, արտերկրից էր: Նա հստակ որոշել էր, որ պետք է տվյալ նախագիծը իրականացվի եւ միայն Արարատին դիմահայաց բարձունքի վրա: Վերջինիս փոխարեն, սակայն, խոսում էր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով ամեն կերպ ձգտում էր ծրագիրը կյանքի կոչել:
Քննարկմանը ներկա ճարտարապետները, արվեստաբաններն ու մյուս մասնագետները կարծիք էին հայտնում, որ տվյալ ծրագրով աշխարհին չենք զարմացնի, այդ կերպ զբոսաշրջիկներին չենք գրավի, որ տապան կառուցելն անիմաստ է: Հանրային խորհրդի անդամները հանդես էին գալիս այլ առաջարկներով, որոնց, սակայն, ականջալուր չեղան: Քննարկման վերջում Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Դուք ձերն ասացի՞ք, բայց մեկ է` կառույցը լինելու է»: Ակնհայտ էր, որ ներդրողը ձեւական էր դիմել հանրային խորհուրդ»,-պատմեց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց, որ տապանի կառուցումը բավական ծախսատար է լինելու այն դեպքում, երբ դա ո՛չ գեղարվեստական, ո՛չ ֆունկցիոնալ առումով արժեք չունի. «Տապանը ազդելու է քաղաքի էսթետիկական ամբողջության վրա, որն արդեն իսկ խաթարված է: Դա պրիմիտիվ մի գաղափար է, ի՞նչ է տալու մեր ժողովրդին: Ով քնից զարթնի, երկու կոպեկ ունենա, պետք է ինչ ուզի, անի՞: Աշխարհը ծիծաղելու է մեր տգիտության վրա, զարգացած երկրներում տեսեք` ուր է գնում պոստմոդեռն ճարտարապետությունը, մարդիկ ինչ մտքերով են զարմացնում աշխարհին, մենք` ինչ»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտուն Հարությունյանի հետ: Հարցին` նշյալ ծրագիրը տեղացիներին՞, թե՞ զբոսաշրջիկներին գրավելու համար է, նա պատասխանեց. «Հիմնականում` զբոսաշրջիկներին: Մեր երկրի համար է: Պետք է այդ կառույցը նվիրվի երկրին` որպես պատմամշակութային օջախ, ես դրա գեղարվեստական արժեքը շատ բարձր եմ գնահատում»:
Պարոն Հարությունյանը չի ուզում, որ մենք աշխարհից հետ մնանք. «Հոլանդիայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում արդեն կառուցվել են նմանատիպ տապաններ, Մոսկվայում եւս նախատեսվում է տապան կառուցել, այնինչ՝ առաջինը մենք պետք է լինեինք»:
Մենք հետաքրքրվեցինք` ովքեր են «Նոյյան տապան» համալիրի կառուցման համար ներդրում անողները. «Ներդրողներ կան, հանգանակություն պետք է լինի, սպասում ենք՝ տեղի հարցը լուծվի, նոր ներդրողներն ի հայտ կգան: Ազգովի պետք է կառուցենք դա»,-պատասխանեց գործադիր տնօրենը: «Այսինքն՝ տեղը դեռեւս հստակեցված չէ՞»,-հարցրինք մենք: «Կարող է` տապանը մայրաքաղաքում չդրվի, այլ Արարատյան դաշտում կամ Բյուրականի բարձունքին, կամ Գառնի տանող ճանապարհի վրա: Մի քանի տեղ ենք ներկայացրել, տեսնենք` որտեղ տարածք կտրամադրեն»,-ասաց պարոն Հարությունյանը:
Նա հավելեց, որ համապատասխան թղթերն ուղարկել է ՀՀ մշակույթի նախարարություն, հիմնադրամն էլ արդեն ունի պետական գրանցում:
Աննա Բաբաջանյան