«ՄԻ ՏԱՆ ԾԱՌԻՑ ԵՐԿՈՒ ԾԻՐԱՆ ՄԻ՛ ՊՈԿԻՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները, հավաքել 18 հազար 695 քվե եւ հաղթանակ տանել: Չնայած այդ փաստին՝ Արման Սահակյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել իրեն հասանելիք ԱԺ պատգամավորի մանդատից: Ինչո՞ւ որոշվեց Սահակյանին թողնել նույն պաշտոնում, եւ ի՞նչ դեր ունեցավ այդ որոշման վրա տնից երկու պատգամավոր դառնալու հնարավորությունը: Հիշեցնենք, որ Արման Սահակյանի հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ընդգրկված էր ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

-Պարո՛ն Սահակյան, արդեն ուրվագծվում է 6-րդ գումարման ԱԺ կազմը, չնայած նրան, որ Դուք հաղթել էիք Ձեր ընտրատարածքում, ինքնաբացարկ եք ներկայացրել, ինչո՞ւ որոշվեց Ձեզ թողնել նույն պաշտոնում, Դուք ի սկզբանե ցանկանում էիք գնալ Ազգային ժողով:
-Գիտեք, ես բազմիցս ասել եմ, որ ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին:
-Բայց պետք է հաշվի առնեն նաեւ տվյալ թեկնածուի ցանկությունը, այնպես չէ՞:
-Ես պարզ պիտի ասեմ, ես բազմիցս նաեւ դրա մասին եմ խոսել, որ ես պատրաստակամ եմ աշխատելու եւ՛ գործադիրում, եւ՛ օրենսդիրում:
-Դուք ընտրությունների մենամարտում հաղթանակ տարաք՝ Ձեր կուսակցությանը պարգեւելով մեծ թվով ձայներ, հետեւաբար կարո՞ղ ենք նկատել, որ պարտվեցիք ներկուսակցական պայքարում:
-Ո՛չ, ինչու պարտվեցի, իսկ ի՞նչ է եղել, որ պարտվեմ:
-Լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձում է ամեն ինչ անել, որ Դուք մնաք գործադիրում, որպեսզի իր փեսա Արթուր Գեւորգյանը կրկին դառնա պատգամավոր: Ինչպե՞ս կպարզաբանեք այս լուրերն արդեն այս իրավիճակում:
-Ո՛չ, ես կարծում եմ, որ այսօր Վլադիմիր Գասպարյանը մեր երկրի ոստիկանապետն է եւ այնքան շատ զբաղմունք ունի, որ չեմ կարծում՝ պետք է զբաղվեր նման խնդիրներով, իսկ Արթուր Գեւորգյանն իմ ընկերն է եւ մանկական ընկերն է, ուրախ եմ եւ շնորհավորում եմ, որ հենց Գեւորգյան Արթուրն է գնում Ազգային ժողով:
-Ըստ տեղեկությունների՝ Ձեր առջեւ պայման էր դրվել, որ կա՛մ Դուք պետք է դառնաք պատգամավոր, կա՛մ Ձեր հայրը՝ Գալուստ Սահակյանը: Ձեր հայրը ինքնաբացարկ չի ներկայացրել եւ շարունակելու է լինել ԱԺ-ում: Ներընտանեկան խոսակցություններ, նեղացվածություն չկա՞, որ Գալուստ Գրիգորիչը իր տեղը չզիջեց որդուն:
-Իհարկե, չկա: Նման խնդիր գոյություն չունի: Դրա պատասխանը, կարծեմ, հայրս է լավ տվել, որ այդպիսի մի ասացվածք կա, չէ՞, «մի տան ծառից երկու ծիրան մի՛ պոկիր»: Անկեղծ ասած՝ ժողովրդի քվեն հենց դա ապացուցեց, եւ ես այդտեղ չեմ տեսնում որեւէ արտառոց բան, եթե մենք երկուսով հայտնվեինք Ազգային ժողովում, իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հայրը երկար տարիներ քաղաքականությամբ է զբաղվում եւ կանգնած է մեր երկրի, մեր պետության անկախության կայացման ակունքներում, բնական է, որ ինձ համար շատ դժվար կլիներ այնտեղ, բայց դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում ես: Ուղղակի եթե քաղաքական թիմը որոշել է, որ ես իմ գործառույթները պետք է իրականացնեմ գործադիրում, ես դա հաճույքով կանեմ, առավել եւս թող բոլորն էլ իմանան, որ ի նպաստ առաջինը մեր երկրի, մեր պետության կայացման գործում եւ երկրորդն էլ, բնականաբար, այն ընտրատարածքի՝ երկրորդ ընտրատարածքի աշխատանքներում ես անպայման ներգրավված եմ լինելու եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի ինձ ընտրողների վստահությունը կարողանամ պահել մինչեւ վերջ:
-Նոր Սահմանադրությամբ կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն: Դրանք առաջիկայում կա՛մ պետք է վերածվեն նախարարությունների, կա՛մ մտնեն որեւէ նախարարության կազմ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մտահագություն չունե՞ք, թե՞ այդ դեպքում որեւէ պաշտոն են խոստացել:
-Ո՛չ, կարծեմ՝ Սահմանադրությամբ նախատեսված չէ կառավարությանը առընթեր մարմիններ, բայց կառավարությունը կարող է ունենալ իրեն օժանդակող գերատեսչություններ, այնպես որ, ես դրա մտահոգությունն ու մտավախությունը չունեմ, եւ երբեւիցե ինձ համար ո՛չ պաշտոնը, ո՛չ ազգային ժողովի պատգամավոր դառնալն ինքնանպատակ չի եղել:
-Պարո՛ն Սահակյան, եւ վերջում՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած ինքնաբացարկների պատմությունը: Ձեր ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վահան Կարապետյանը, ում հետ նախընտրական շրջանում կոնֆլիկտ էիք ունեցել, ինքնաբացարկի դիմում էր գրել, հետո գնաց, հետ վերցրեց իր դիմումը:
-Գիտեք, դրանք ներկուսակցական քաղաքական խնդիրներ են, որոնց առումով ես մեկնաբանություններ չունեմ, դրանք ներկուսակցական խնդիրներ են, որոնք կլուծվեն, կարծում եմ:
Հ.Գ. Ի դեպ, Արման Սահակյանը մեկ անգամ չէ, որ օգտագործում է «մանկական ընկերներ» արտահայտությունը: Լավ կլիներ՝ ՀՀԿ-ականն իմանար, որ ոչ թե «մանկական», այլ «մանկության ընկերներ» է:

 

 

 
ՀՅԴ-Ն ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԷԼ ԿՈՒՆԵՆԱ

Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության քաղաքական համաձայնագիրը պատրաստ է, եւ այն չստորագրելու որեւէ պատճառ չկա, այնուամենայնիվ, ստորագրման գործընթացը ուշանում է: Ի՞նչն է արհեստական ուշացման պատճառը, եւ հնարավոր է՝ կառավարությունում ավելի լայն հնարավորություններ տալու փոխարեն, Աժ-ում լրացվի այդ բացը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, երկու կողմերն էլ հայտարարել են, որ քննարկումներն ավարտված են, եթե արդեն վերջնական հստակեցումներն արված են, ապա ինչո՞ւ է ձգձգվում ստորագրման արարողությունը:
-Ձգձգելու խնդիր չկա: Համաձայնագիրն առաջիկա օրերին կլինի, չեմ կարծում, որ որեւէ պրոբլեմ կառաջանա:
-Չեք կարծու՞մ, որ ուղղակի արհեստական ձգձգում եք այդ գործընթացը:
-Ո՛չ, չեմ կարծում, որովհետեւ օրենքով սահմանված ժամկետ կա, մայիսի 18-ին առաջին նիստն է, կարծում եմ, որ ամեն ինչ տրամաբանական է, օրենքի շրջանակներում է:
-ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմումներ եք ներկայացրել երեք նախարարներով, հետեւաբար Դուք էլ հենց շարունակելու եք լինել գործադիրում: Ինչո՞ւ Դաշնակցության պորտֆելները չավելացան, ի՞նչ պատճառաբանությամբ: Կարծես թե այդպիսի հարց եւս բարձրաձայնվել է քննարկումների ժամանակ:
-Չկա այդպիսի խնդիր: Եթե Դուք մտադիր եք բանակցությունների մանրամասնությունների մասին ներկայացվի եւ հրապարակվի, վստահաբար այդ անձը ես չեմ:
-ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ըստ էության, չի բացառել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՅԴ-ի «ջրերը մեկ առվով չեն հոսում»: Ի՞նչն է վարչապետի՝ այդպիսի տրամադրվածության պատճառը:
-Չկա այդպիսի խնդիր, աշխատանքային ընթացակարգ է, նորմալ հարաբերություններ են, չեմ կարծում, որ որեւէ արհեստական լարվածություն մտցնելու անհրաժեշտություն կա:
-Ըստ տեղեկությունների՝ կառավարությունում ՀՅԴ-ի հնարավորությունները չավելացնելու բացը կլրացվի ազգային ժողովում, եւ ՀՅԴ-ի արտոնությունները կավելացնեն խորհրդարանում: Ինչպե՞ս կպարզաբանեք նման լուրերը:
-Կգա օրը, եթե փաստը լինի, նոր կվերլուծեք:
-Հնարավո՞ր է՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը տան ՀՅԴ-ին:
-Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին այդպիսի հարց չկա օրակարգում:
-Իսկ բանակցությունների ընթացքում հարց բարձրացվե՞լ է՝ եւս մեկ պորտֆել ավելացնելու համար:
-Ներքին բանակցությունները ես մտադիր չեմ հրապարակել, առավել եւս, որ ես չեմ մասնակցել բանակցություններին: Երկրորդը՝ այդպիսի խնդիր չկա դրված, առավել եւս հարցադրում չկա արված, 50, 60 տոկոս պորտֆելներ եւ այլն, չկա այդպիսի իրավիճակ, հարցադրում, խնդիր:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
30-ԱՄՅԱ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 30-ամյա Տաթեւիկ Գրիգորյանը անցած տարի 600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Միայն թե, նկատենք, որ մեքենայի արժեքն ինքնին կասկածելի է, քանի որ 600 հազար դրամանոց մեքենան հազիվ թե շահագործման ենթակա լինի, կամ էլ դատավորը պարզապես ցածր գին է ներկայացրել (մի զրո պակաս է գրել): Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ եւ 12 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ դատավորը հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 520 հազար դրամ: Ի դեպ, Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ո՛չ բնակարան ունի եւ ո՛չ էլ շարժական գույք, բայց հետո աշխատանքի ընթացքում ձեռք է բերել 600 հազար դրամանոց մեքենան: Տ. Գրիգորյանի անունը մեր ուշադրությունը գրավեց այն առումով, որ նա է քննելու Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա կողմնակիցների դեմ հարուցված քրեական գործը, որն արդեն ՀՔԾ-ն ուղարկել է դատարան:
 

ՓՈՂԵՐԸ ԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում արձանագրված կտրուկ գնաճն արտացոլվել է նաեւ պաշտոնական վիճակագրության մեջ: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ, սննդամթերքը թանկացել է 3,6 տոկոսով, ընդ որում, միայն ապրիլին գնաճը 1,9 տոկոս է կազմել: Ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտը թանկացել են 2 տոկոսով: Ծխախոտի եւ ալկոհոլի շուկայում թանկացումները մեծ հաշվով հետեւանք են օրենսդրական փոփոխությունների, երբ հունվարի 1-ից բարձրացվեց ակցիզային հարկը: Բայց միայն դա չէ գնաճի պատճառը: Կտրուկ թանկացումներ են արձանագրվել այն ոլորտներում, որոնք գտնվում են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածուների տիրապետության տակ, եւ հիմա նրանք թանկացումներով փորձում են ետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Բավական է միայն նշել, որ ըստ ԱՎԾ-ի՝ սննդամթերքի ոլորտում գնաճը եղել է հիմնականում մրգի, բանջարեղենի, ձկնամթերքի, մսամթերքի շուկայում: Մասնավորապես շաքարավազը թանկացել է 15,6 տոկոսով, բանանը՝ 5,8 տոկոսով, նարինջը՝ 6,7 տոկոսով, եւ այսպես շարունակ:
 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կշարունակի լինել գյուղատնտեսության նախարար, թե ոչ: Առաքելյանի կարծիքով նոր ձեւավորվող Կառավարության կազմում ինքը լինելու է: Թե ո՞րն է համարում իրեն գործադիրում պահելու գլխավոր պատճառը, Առաքելյանը սկզբում դժվարացավ պատասխանել. «Ես չեմ գնահատողը, ասում եք՝ կարծում եք, ասում եմ՝ այո»: Մեր դիտարկմանը՝ ՀՀԿ-ական լինելը դեր խաղացե՞լ է պաշտոնը պահպանելու հարցում, նա նշեց. «Ո՛չ, աշխատանք անելը»: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին տեղի կունենա նոր ԱԺ առաջին նիստ, այդ օրը կառավարությունը հրաժարական կտա, որից հետո 20 օրվա ընթացքում կձեւավորվի նորը:




Լրահոս