ՌԴ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով հետախուզման մեջ գտնված եւ ՌԴ իրավապահների կողմից կալանավորված Արթուր Մովսիսյանը: «Ժողովուրդ»-ին այդ տեղափոխման գործընթացից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության` այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Գրել էինք, որ հետախուզվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է, որի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ վերջինիս Ռուսաստանի Դաշնության իրավապահները հայտնաբերել եւ կալանավորել էին: Ու մինչ Արթուր Մովսիսյանին Հայաստան կտեղափոխեին, մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան ուղարկեց Ժիրայր Սէֆիլյանի եւ եւս 6 անձի մասով հարուցված քրեական գործը:
Ասել է, թե ՀՀ իրավապահները չսպասեցին, որ Արթուր Մովսիսյանին տեղափոխեն Հայաստան, եւ, ըստ էության, քրեական գործը ամբողջությամբ ուղարկեցին դատարան:
Հիմա այս գործով զարգացումները շարունակվում են, ե՛ւ ՀՀ իրավապահները, ե՛ւ Ռուսաստանի Դաշնության իրավապահները այս օրերին գործի են անցել եւ մայիսի 7-ին Արթուր Մովսիսյանին տեղափոխել են Հայաստան:
Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստան տեղափոխելուց հետո ՀՔԾ քննիչները սկսել են քննչական գործընթացը եւ Արթուր Մովսիսյանին հանգամանալից ներկայացրել, թե նրա նկատմամբ ինչու են հետախուզում հայտարարել եւ կալանավորման որոշում կայացրել: Ավելին՝ հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասի` ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով հատկանիշներով:
Արդյունքում, Արթուր Մովսիսյանը, լսելով ՀՔԾ քննիչին, ասել է, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվում է ցուցմունք տալ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հաստատեց, որ Արթուր Մովսիսյանին տեղափոխել են Հայաստան՝ նշելով, որ նա հրաժարվել է ցուցմունք տալուց. «Հաշվի առնելով, որ Արթուր Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից իրականացվել էր առանց նրա ներկայության, օրենքով սահմանված կարգով, ՀՔԾ քննիչները կրկին կալանավորման մասով միջնորդություն էին ներկայացրել Արաբկիրի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ դատարանը բավարարեց, եւ նրան կալանավորեցին»:
Պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Արթուր Մովսիսյանը իրեն հայտնել է, որ ինքը Ռուսաստանում հանգիստ ապրել է եւ երբեւէ չի խուսափել կամ թաքնված չի եղել. «Ըստ նրա՝ 4-5 ամիս հանգիստ իր համար ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, նույնիսկ մեկ անգամ դեպք է եղել Ռուսաստանում, եւ իրավապահները ստուգել են իր փաստաթղթերը եւ որեւէ խնդիր չեն տեսել նրա փաստաթղթերում, իսկ ահա իր հետախուզման մասին ինքը իմացել է պատահական: Ըստ էության, Արթուրը Մովսիսյանը հայտնում է, որ նա որեւէ արարք չի գործել, որի համար պետք է թաքնված լիներ կամ Հայաստանից փախուստի դիմած լիներ, նա ՌԴ արտագնա աշխատանքի է գնացել եւ այնտեղ արհեստագործությամբ է զբաղվել»:
Ավելին՝ պաշտպանը նշեց, որ Արթուր Մովսիսյանը իրեն ասել է, թե Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորվածներից երկու հոգու է ճանաչում, որոնց հետ ծանոթացել է 2015 թվականին էլեկտրաէներգիայի թանկացման համար իրականացվելիք բողոքի ակցիայի ժամանակ. «Նա հայտնեց, որ Ժիրայր Սէֆիլյանին ճանաչում է, բայց երբեք որեւէ առնչություն չի ունեցել նրա հետ, ուստի չի հասկանում, թե ինչ է կատարվում: Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ ում է ճանաչել այս գործով, բայց նա պնդում է, որ Ժիրայր Սէֆիլյանին գիտի որպես հանրային դեմք եւ անձնապես չի ճանաչում»:
Արայիկ Պապիկյանից հետաքրքրվեցինք, թե Արթուր Մովսիսյանի մասով հարուցված քրեական գործը քննվելու է առանձին, վերջինս հայտնեց. «Այս պահի դրությամբ՝ այո, սակայն չեմ բացառում, որ հարուցված քրեական գործը դատարան ուղարկվելուց հետո այն միացվի ընդհանուր գործին եւ քննվի ամբողջական»:
Ի դեպ, նշենք, որ Արթուր Մովսիսյանի կալանավորման որոշումը պաշտպանը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններում խախտումների դեպքերով 8 անձի մեղադրանք է առաջադրվել, եւ հարուցված քրեական գործերը ուղարկվել են դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մայիսի 4-ին խախտումներից մեկի գործով առաջին դատավճիռն է հրապարակվել: Եվ այսպես՝ դատարանում քննվող գործերը վերաբերում էին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերին, եւ այս դեպքերով առաջին վճիռը հրապարակվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Գրել էինք, որ Լոռու մարզի թիվ 25/20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ գրանցված Բավական Բարսեղյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի (հանցափորձ) եւ 153-րդ հոդվածի (կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու) հատկանիշներով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բավական Բարսեղյանը ասել էր, թե չգիտի՝ ինչպես իր հետ նման բան պատահեց. «Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց»: Ինչեւէ, մինչ դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ Բավական Բարսեղյանը միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, իսկ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Այսպիսով՝ մայիսի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը հրապարակեց այս գործով դատավճիռը: Արդյունքում, Բավական Բարսեղյանը կատարած արարքի համար ազատազրկման դատապարտեց 2 տարի ժամկետով` զրկելով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով: Սակայն Բավական Բարսեղյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրեց ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բնակության վայրի համապատասխան ստորաբաժանման վրա:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍԿՍԵՑԻՆ
«Գազպրոմը» կիրակի երեկոյան հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության ստորաջրյա հատվածի մեկնարկի մասին: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի պնդմամբ՝ «Թուրքական հոսքի» շինարարությունն ընթանում է ըստ նախանշված ծրագրի: «2019-ի տարեվերջին արդեն թուրք եւ եվրոպացի սպառողները ռուսական գազի մատակարարման նոր, հուսալի երթուղի կունենան», – հայտարարել է Միլերը:

 

 
ՄԵԿ ՀՈԳՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ
«Ազատության» հետ զրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտարարել է, թե Բաբայանը կալանավորված է Իգլայի գործով անցնող մեկ այլ կալանավորի՝ Արմեն Պողոսյանի ցուցմունքների հիման վրա: «Սամվել Բաբայանին մեղադրում են նրանում, որ իբր նա պատվիրել է ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան: Բաբայանը խոստացել է մի քանի օր հետո վճարել խոստացած 50 հազար ամերիկյան դոլարը: Մեղադրանքում տեղ գտած այդ գործողություններից ոչ մեկը Սամվել Բաբայանի կողմից չեն կատարվել: Գործում առկա է ընդամենը մեկ անձի ցուցմունք, որն ասում է, որ ենթադրում եմ, որ այդ զենքը Սամվել Բաբայանը կարող էր պատվիրած լինել,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ ենթադրությունն արած անձն ավելի վաղ Բաբայանի հետ միաժամանակ ձերբակալված ապա կալանավորված Արմեն Պողոսյանն է,- այդ անձին Սամվել Բաբայանը չի ճանաչում, այդ անձը նույնպես Սամվել Բաբայանին չի ճանաչում, մեղադրանքի առաջադրման հիմք է հանդիսացել ինչ-որ անձի ենթադրություն»:

 

 

ՄԱՅԻՍԻ 9-ՈՎ
«Հակառակորդի կողմից գիշերվա ժամերին մի փոքր շատացել են կրակոցները, այդ թվում նաեւ ականանետերից,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ցերեկային ժամերին իրադրությունը հանգիստ է,- այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»:
Երեկ Ստեփանակերտում էլ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ վերսկսելու հավանականության մասին. «Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Մենք կայացած պետություն ենք, ունենք պաշտպանված երկիր՝ ի դեմս հայոց զինված ուժերի: Հայոց զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ ՋՈՒՐԸ
Մայիսի 8-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի եւ Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: Երեկ նաեւ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ», կատարվում է նախաքննություն:




Լրահոս