ՖՈՏՈ. «Մուրացան»-ի հոսպիտալում զինհաշմանդամների առողջությունը վտանգված է. ինչ են պարզաբանում նախարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալում զինվորների հիվանդասենյակներին կից միջանցքներում շինարարական աշխատանքներ են կատարվում զինվորների ներկայությամբ:

Նշենք, որ շինարարական աշխատանքների հետևանքով վերջիններիս առողջությունը վտանգված է, քանի որ կոպիտ խախտված են սանիտարական բոլոր նորմերը: Փոշու և հավանական որևէ վարակի (անաէրոբ ինֆեկցիա անհայտ ծագման խողովակներից, որոնք դրված են բաժանմունքում) առկայությունը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ նրանց ապաքինմանը և անդառնալի հետևանքների հանգեցնել: Նշենք նաև, որ նման իրավիճակի երբևէ հնարավոր չէ հանդիպել որևէ քաղաքացիական բուժհիմնարկությունում:

Իսկ, թե ինչ է այս մասին մտածում ՀՀ պաշտպանության նախարարությունը ArmLur.am-ը փորձել է պարզել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Ի՞նչ եք կարծում բժշկի ներկայությամբ իրենք խնդիրներ կունա՞ն: Ոչ մի բան չի պատահի, ամեն ինչ վերահսկվում է»,-ասաց նա:

Սակայն, փաստ է, որ մեր հարգարժան «հոգատար» Պաշտպանության նախարարության բուժաշխատողները փոշու և բացիլների մեջ պետք է օգնության հասնեն հայրենիքի համար կյանքը նվիրած զինծառայողին:

Իսկ թե ինչու է թերանում ՊՆ հիգիենիկ և հակահամաճարակային գործառույթ իրականացնող մարմինը և արդյոք բժիշկ մասնագետների լավ որակաորումը կարող է պաշտպանել բաց վերք ունեցող զինվորներին օդում փոշու հետ շրջող վարակից, դատողությունները թողնում ենք ձեզ:




Լրահոս