Հայկական գյուղմթերքը կհասնի էմիրաթական շուկա. Սուրեն Կարայանը և «Ջանֆիդա Ագրի Հոլդինգը» հուշագիր են կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ջանֆիդա Ագրի Հոլդինգ ՓԲԸ տնօրեն Նորայր Աղայանը հունիսի 5-ին հուշագիր են ստորագրել: Փաստաթղթի նպատակը Հայաստանում արտադրվող գյուղմթերքի և այլ արտադրատեսակների արտահանումը և իրացումն է Մերձավոր Արևելքի շուկաներում, ինչպես նաև «հայկական արտադրանք» ապրանքանիշի ներկայացումը և առաջմղումը: Նախարար Կարայանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչ գործիքակազմով նախարարությունը կարող է աջակցել արտահանմանը:

«Արտահանումը կարելի է իրականացնել՝ օգտվելով պետության կողմից տրամադրվող արտահանման ապահովագրությունից, ինչպես նաև հնարավորություն կտանք այն ընկերություններին և ֆերմերներին, որոնք կմատակարարեն գյուղմթերքը, օգտվելու նախաարտահանման ապահովագրությունից»,- նշել է Սուրեն Կարայանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել լոգիստիկ-տրանսպորտային ընկերություններրի հետ, որոնք կարող են նվազագույն արժեքով փոխադրումներ իրականացնել դեպի Ծոցի երկրներ: Քննարկվել է նաև բեռնատար ինքնաթիռների միջոցով մթերքի փոխադրման հնարավորությունը: «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ծրագրում են 2017 թվականին առնվազն 500-600 տոննա գյուղմթերք արտահանել Ծոցի երկրների շուկաներ:

«Ջանֆիդա Ագրի Հոլդինգ-ի տնօրեն Նորայր Աղայանը նշել է, որ տեղական որակյալ գյուղմթերքի համար լավ հնավարություններ կան՝ իրացվելու ԱՄԷ շուկայում:«Վստահ ենք, որ այս հուշագրով կարող ենք հասնել առկա խնդիրների ամբողջական լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով տեղական արտադրողի մուտքը դեպի նոր շուկա:

Էմիրաթցի սպառողին հատկապես հետաքրքիր է ծնեբեկը, մրգերը՝ ծիրան, սալոր, դեղձ, կեռաս, ինչպես նաև բանջարեղենը՝ սեխ, ձմերուկ, քաղցր եգիպտացորեն: Մենք ունենք Էմիրություններ արտահանման փորձ, և այն կօգնի ապահովել իրենց չափանիշներին համապատասխանող որակյալ արտադրանքի իրացումը ԱՄԷ-ում և Ծոցի երկրներում»,- ասել է Նորայր Աղայանը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև արտահանվող մթերքի փաթեթավորման խնդիրներին՝ դիտարկելով արաբական շուկայի պահանջներին համապատասխանող փաթեթավորման ապահովման տարբերակները:




Լրահոս