Տավուշի մարզի Վազաշեն համայնքի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: ArmLur.am-ը պարզեց, որ Սարգիս Խաչատրյանը պաշտոնական կեղծիք է իրականացրել: Իսկ ինչ պաշտոնական կեղծիքի մասին է խոսքը:
Մասնավորապես, այն, որ նա իր որդու` Արամ Խաչատրյանի հետ չունենալով կնքված աշխատանքային պայմանագիր` 2008 թվականից նրան ներկայացրել է հանրակրթական ուսումնական հաստատության զինվորական պատրաստության ու անվտանգ կենսագործունեության ուսուցիչ: Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ տնօրենը հանուն որդու գնացել է պաշտոնական կեղծիքի` գրելով, թե որդին 2008 թվականից դպրոցում է աշխատում, սակայն իրականությունն այլ է:
Արդյունքում այս արարքի համար Սարգիս Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` պաշտոնական կեղծիք: Ինչեւէ, ստեղծված իրավիչակի շուրջ զրուցեցինք Վազաշենի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Խաչատրյանի հետ, ինչին ի պաշատասխան դպրոցի տնօրենն ասաց, թե դատախազության գրությունը նոր է ստացելն եւ այն ինչ ներկայացված էն այնտեղ պարզապես ծիծաղելի է.
«Գետը տանի մեր ժողովրդին, որ նման մարդկանց են նշանակել, եւ նրանք էլ օրենք են պաշտպանում: Գիտե՞ք` իրականությունը ինչպես է եղել. ես իմ որդուն աշխատանքի եմ ընդունել որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, եւ այդ ամենի համար կնքված է եղել աշխատանքային պայմանագիր: Հետո որդուս բանակ են ուղարկել, որտեղից վերադառնալուց հետո նա կրկին շարունակել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ աշխատել: 2008 նոեյեմբերին իմ զինղեկը դիմում է գրել եւ ազատվել, պարզապես կարող եմ ասել, որ անփույթ եմ վարվել եւ աշխատանքային պայմանագիր չեմ կապել: Ինձ մեղադրում են, թե հետին թվով փաստաթուղթ եմ տվել, որը իրականությանը չի համապատասխանում: Ես թերացել եմ եւ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում: Կրկնում եմ` թերացել եմ, որ 2008 թվականին այդ աշխատանքային պայմանագիրը որդուս հետ չեմ կապել»:
Ի դեպ, մեզ հետ զրույցում տնօրենը հայտնեց, որ ինքը թշնամիներ ունի, որոնք դիմել են իրավապահներին եւ իր գլխին սարքել են. «Ես քննիչին էլ եմ ասել, թե ի՜նչ մի բան են արել, մեծ հանցագործ են գտել, եկեք հարցրեք, թե ինչ աշխատանք եմ արել դպրոցի համար. սա մտածված կերպով են իմ դեմ քրեական գործ հարուցել»: