ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարագրել է, որ ունի մեկ բնակարան, շինություններ եւ հասարակական նշանակության մեկ շինություն: Բացի այս, նախարարը հայտարարագրել է, որ երեք ընկերությունում ունի 41 մլն 520 հազար դրամի, 37 մլն 150 հազար դրամի եւ 63 մլն 400 հազար դրամի չափով բաժնետոմսեր: Լոքյանի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 4 հազար դոլար եւ 2 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը`ամսական 662 հազար դրամ եւ երեք ընկերություններից ստացած 39.6 մլն դրամի չափով շահաբաժինը:
Նախարարի տիկինը`Գայանե Անանայանը, անցած տարի ունեցել է 6 միլիոնի չափով դրամական միջոց: Իսկ որպես եկամուտ պաշտոնյայի տիկինը հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 6.5 մլն դրամի չափով շահաբաժինը, աշխատավարձը`ամսական 353 հազար դրամի չափով: Բացի այս, նա ՚այլ եկամուտՙ է ստացել, որը կազմել է 5 մլն 898 հազար դրամի չափով:
Լոքյանների որդին`30-ամյա Սերգեյ Լոքյանը, չնայած իր երիտասարդ տարիքին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Ի դեպ, նա ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու էր եւ «ալերգիկ» լինելու պատճառով չի ծառայել Հայոց բանակում: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած պաշտոնական հայտարարագրում 30-ամյա Լոքյանը նշել է, որ չի աշխատում: Եւ չնայած սրան`նա որպես եկամուտ հայտարարագրել է երկու ընկերություններից` «Այուդի-Լոս»-ից ստացած 5 մլն 251 հազար դրամի չափով, իսկ «Վայբլ»-ից`60 մլն դրամի չափով շահաբաժինը: Նրա դրամական միջոցները կազմում են 3 մլն դրամ, 4700 դոլար եւ 1800 եվրո: Ի դեպ, տեղեկացնենք, որ կրտսեր Լոքյանը «Այուդի-Լոս»-ում ունի 20, իսկ «Վայբլ»-ում`25 տոկոս բաժնեմաս: