Ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն առաջիկա օրերին կդիմի դատարան` երկարացնելու քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով մեղադրյալների կալանավորման ժամկետը: Այս անգամ ԱԱԾ-ն գործով նոր հիմնավորումներ պետք է առաջ քաշի, որպեսզի դրանք դատարանի համար հիմք հանդիսանան մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգելու համար:
Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԱԾ տեւական ժամանակ է` այդ քրեական գործով քննչական գործողություններ չի իրականացնում, ու հիմա նախաքննությունը պարզապես դոփում է տեղում:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը։ Գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի։