Հայաստանին հրաժարվո՞ւմ են նոր պարտք տալ. դեֆոլտի շեմին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքի ահռելի չափերի մասին միշտ է խոսվել: Բայց չնայած մասնագետների ահազանգերին, իշխանություններն ամեն անգամ շտապել են հավաստիացնել` անհանգստանալու կարիք չկա, պարտքը գտնվում է վերահսկելիության սահմաններում, եւ այսպես շարունակ:
Բայց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի երեկվա ասուլիսից պարզվեց հակառակը, թեեւ նա փորձում էր ձեւացնել, որ ամեն ինչ կարգին է: Արամյանը խոստովանել է, որ ՀՀ պետական պարտքը մինչեւ տարեվերջ ավելի կմեծանա, ու եթե 2016-ին այն կազմում էր համախառն ներքին արդյունքի 56,6 տոկոսը, ապա այս տարեվերջին այդ ցուցանիշն արդեն կհասնի 58,8 տոկոսի: Սա նշանակում է, որ հաստատուն քայլերով մոտենում ենք օրենսդրական արգելքին:

Հիշեցնենք Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը. «Կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»: Ասել է, թե օրենսդրական կարմիր գծից մեզ բաժանում է ընդամենը 1.2 տոկոս: Ու հենց այս ամենի հետեւանքով էլ Հայաստանին սկսել են նոր վարկեր չտրամադրել: Նախարարը, իհարկե, պնդել է, որ Հայաստանն ինքն է հրաժարվել վարկային ծրագրերից արտաքին պարտքի կայունացման նպատակով:

«Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք որ բանակցման գործընթացներում են, եւ մենք այդ գործընթացը փորձելու ենք ավելի պահպանողական դարձնել: Չեմ ուզում օգտագործել կասեցնել բառը: Մենք արդեն իսկ այսօր ունենք ստորագրված համաձայնագրեր, որոնք դեռեւս պետք է վերցնենք, այն 1, 7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով է, առաջիկա 7-8 տարիների ընթացքում պետք է այդ միջոցները ներգրավենք մեր տնտեսությունում եւ ուղղորդենք ենթակառուցվածքների: Ի լրումն դրան, որպեսզի մենք ավելացնենք այդ ընդհանուր պաշարը, պետք է ունենանք խիստ պահպանողական վարքագիծ: Մի կողմից մենք ունենք պարտքի կայունության խնդիր, մյուս կողմից մենք ունենք տնտեսական աճի ուժեղացման, ամրացման խնդիր: Դրա համար, որպեսզի մենք ապագայում խնդիրներ չունենանք, պետք է խիստ պահպանողական վարքագիծ ունենանք: Եվ կանոններով վերցնենք մեր վարկերը»:

Սա այն է, ինչի մասին իշխանություններին զգուշացվել է բազմիցս. վարկային նման մեծ բեռ ունեցող երկրին հրաժարվում են նոր պարտք տալ` համարելով անհուսալի: Սովորաբար նման դեպքերում հաջորդում է դեֆոլտը, երբ երկիրն ի վիճակի չի լինի սպասարկելու արտաքին պարտքը: Ժամանակին զգուշացվել է նաեւ այդ մասին. առավել եւս, երբ առաջիկա տարիներին պարտքի սպասարկման նպատակով ՀՀ պետական բյուջեից ահռելի գումարներ են ծախսվելու:




Լրահոս