«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կյանք չունի առանց կոնյակի: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը պետական միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում` կոնյակ գնելու համար: Դրանք գնվում են նվիրելու կամ էլ խմելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Արամ Տեր-Վարդանյանի հետ եւ գնել 4 հատ «Արենի» կոնյակ: Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը մեկ կոնյակը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` ընդհանուր 4 կոնյակի համար վճարելով 580 հազար 800 դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք նախատեսված են եղել «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար:
Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» կոնյակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը: Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել էին այս հարցը, բայց պարոն Մարգարյանն այդպես էլ հստակ պարզաբանում չէր տվել»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: