Տուլարեմիայի հարուցիչը հայտնաբերված չէ. ինչպես են վարակվել Արծվաբերդի բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը նախօրեին արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը՝ հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում տուլարեմիայի հիվանդության բռնկմանը, ժխտելով Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանի այն պնդումը, թե Արծվաբերդում տուլարեմիան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի միջոցով է տարածվել:

ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է նաեւ. «Վերլուծությունները վկայում են, որ վարակի հավանական պատճառը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հիվանդ կրծողի համայնք ներթափանցումն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի միջոցով տարածված վարակի մասին զրուցել էր Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանի հետ: Ու քանի որ հիմա առողջապպահության նախարարությունը հերքում է տարածել՝ հավանականության տեսությանը հղում անելով, «Ժողովուրդ»-ը կրկին կապ հաստատեց Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանի հետ՝ հետաքրքրվելով տուլարեմիայի բռնկման պատճառի մասին:

Սակայն այս անգամ Դալլաքյանը հորդորեց դիմել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերհսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ կենտրոնում են տուլարեմիայի հիվանդության վերաբերյալ լաբորատոր հետազոտություններ կատարվել:

Զրուցեցինք նաեւ Արմեն Նազինյանի հետ, ով ասաց, որ լաբորատոր հետազոտություններով տուլարեմիայի հարուցիչը հայտնաբերված չէ: Քանի որ այդ հիվանդությունը տարածվում է կրծողների միջոցով, Ա. Նազինյանը կարծում է, որ դաշտից բերված անասնակեր խոտի մեջ տուլարեմիայով հիվանդ կրծող է Արծվաբերդ մտել, որի միջոցով վարակը տարածվել է:

Մեր զրուցկիցը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուլարեմիայով հիվանդացածների տները Արծվաբերդի մի թաղամասում են գտնվում ու բոլորը՝ ճանապարհի եզրին: Նրա խոսքերով՝ մի ամիս առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մի բնակիչ վարակվել է այդ հիվանդությամբ, ու հիմա իրենք կարծում են, որ նրա հիվանդանալու պատճառը կարող էր լինել այլ տարածաշրջանից ներկրված ցորենի մեջ վարակի առկայությունը:

Մի խոսքով, դարձյալ որեւէ հստակություն չկա: Ու թեեւ առողջապահության նախարարությունը շտապել է հերքել, որ անօդաչու սարքերով կարող է տարածված լինել հիվանդությունը, այնուամենայնիվ, հիմնավորում չունի հետազոտության փաստերով, թե հիվանդությունը ինչպես է տարածվել: Ամեն ինչ գտնվում է «կարող է», «գուցե, «չի բացառվում», «հավանական է» եւ այլ ձեւակերպումների տիրույթում: Բայց գլխավորն այն է, որ հերքումը տարածվել է: Գործի կեսն արված է:

Լիլիթ Ավետիսյան
Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս