2016 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ qննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել էին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։ ՔԿ նախագահը խիստ բացասական էր գնահատել բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
«Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովել հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասել էր Աղվան Հովսեփյանը՝ անընդունելի համարելով քաղաքացիների սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նկատմամբ ոչ բավարար միջոցների ձեռնարկումը։
«Ինքներս պետք է բացահայտենք մեր աշխատանքների բացթողումները, պատճառները եւ հետեւություններ անենք»,- ընդգծել էր ՔԿ նախագահը։
Մտահոգիչ էին գնահատվել նաեւ գողոնի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Արդյունքում, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումներին մեկ ամիս ժամանակ էր տրվել՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու եւ միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։
Իհարկե, մեկ տարի առաջ տեղի ունեցած ինքնաքննդատական գնահատականները որեւէ արդյունք չտվեցին: Բնակարանային գողության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ ՀՀ բոլոր իրավապահ կառույցների համար: ՀՀ ոստիկանությունը բողոքում է, որ ամենադժվար բացահայտվող հանցագործները բնակարանային գողերն են, քննիչները դժգոհում են, թե քիչ փաստեր կան՝ հետքի վրա դուրս գալու համար: Իսկ ահա դատախազությունը, որ վերահսկում է իրավիճակը, այս առիթով երբեք աչքի չի ընկել:
Բայց այս տարի հոկտեմբերի 27-ին ՀՀ դատախազությունը «թաքուն» կոլեգիայի նիստ էր հրավիրել՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կրկնելով Սերժ Սարգսյանի քննադատությունները, հատուկ ուշադրություն է հրավիրել հանցագործության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարության, ինչպես նաեւ բնակարանային գողություններով պատճառված վնասի վերականգնման չափազանց ցածր մակարդակի վրա:
Նկատենք, որ ՀՀ գլխավոր դատախազը, ի տարբերություն ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի, որը խնդրի մեջ քննիչների թերություն էր տեսել, մեղավորներ չի էլ փնտրել: Դատախազի պաշտոնական հաղորդագրությամ մեջ մեկ տող անգամ չկա, թե ստեղծված իրավիճակը շտկելու կամ հնարավոր դեպքերը կանխելու համար ինչ է արել, իսկ ամենակարեւորը չի արել դատախազությունը՝ որպես իրավապահ համակարգի ամենաազդեցիկ եւ ամենաշատ լիազորություններով օժտված մարմին:
Փոխարենը նա դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարել է խստորեն հետեւել, որ բնակարանային գողությունների դեպքերով դեպքի վայրի զննությունը կատարվի լրիվ ծավալով, բացառել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա անձի կողմից գողություն կատարելը հիմնավորված համարելու դեպքերը: Իսկ բացահայտված դեպքերով ապահովել, որ կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ դեպքի վայրի լրացուցիչ զննությունը կամ քննչական փորձարարությունը կատարվի ամենայն մանրամասնությամբ:
Ըստ էության ՀՀ գլխավոր դատախազը խուսափել է տիրող իրավիճակի մեջ նաեւ տեսնել դատախազների կողմից բնակարանային գողություններին մատների արանքով նայելու համատարած դրսեւորումները:
Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, որ գրեթե ամեն տարի իրավապահ մարմինները տարբեր դեպքերի մասով քննարկումեր են անցկացնում, հանձնարարականներ տալիս, իրականում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը, ոստիկանությանը թիրախավորում՝ որպես «սեւագործ աշխատող», բայց վերջնարդյունքում միակ տուժողը, որի իրավունքները այդպես էլ մնում են ոտնահարված, ՀՀ քաղաքացին է: Նա այդպես էլ իր կաշվի վրա չի զգում իրականացված եւ իրականացվող քննարկումների, «խիստ» հանձնարարականների հետեւանքը: Էլի քնում է դուռը կողպած՝ վախը սրտում, որ չմտնեն տուն՝ թալանելու:
Հ. Գ. Ինչ վերաբերում է թվերին, ապա 2016 թվականի ընթացքում արձանագրված, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում բնակարանային գողությունների քանակը զգալի է: Արձանագրված 7741 դեպքից 1252-ը կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 16,1%-ը եղել են բնակարանային գողության դեպքեր:
Քնար Մանուկյան