«Ազատ դեմոկրատներ»-ում վերաձևակերպման փուլ է. ինչով են զբաղված արտախորհրդարանական ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 9 քաղաքական ուժերից ընտրական շեմը հաղթահարեցին միայն 4-ը: Ընտրություններում ձախողված ուժերը դրանից հետո, կարծես, անհետացած լինեն, այդ ուժերի առանձին գործիչները մեկ-մեկ իրենց մասին հիշեցնում են, իսկ քաղաքական ուժերը ծպտուն անգամ չեն հանում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշեց հետաքրքրվել, թե ինչ գործունեություն են ծավալում նվազագույն շեմը չհաղթահարած մյուս քաղաքական ուժերը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյան

-Տիկի՛ն Խաչատրյան, այժմ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն ի՞նչ գործունեություն է ծավալում:

-Ես բազմիցս նշել եմ, որ մեր ակտիվությունը որեւէ կերպ կապված չէ խորհրդարանում լինել կամ չլինելու հետ: Բնականաբար կուսակցությունը մշտապես ակտիվորեն արձագանքում է մեր երկրում տեղի ունեցող տարաբնույթ քաղաքական՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին իրադարձություններին, մեր տեսակետները, մեր մոտեցումները հայտնում ենք: Այդ առումով, բնականաբար, պասիվություն առկա չէ:

Վերջերս ամենաթարմ օրինակը կապված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ, թե՛ պաշտոնական կայքում ենք հանդես եկել հայտարարությամբ, թե՛ նաեւ տարաբնույթ հարցազրույցներ եւ ասուլիսներ են եղել կուսակցության անդամների կողմից: Այսինքն` միշտ քաղաքական գործընթացների մասնակից ենք եւ մեր կարծիքը, մեր դիրքորոշումը հայտնում ենք, ինչպես նաեւ զբաղված ենք կուսակցական գործունեությունով, որը պետք է անեինք թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են առկա:

-Այժմ ներկուսակցական վերակազմավորումներ են ընթանում: Առաջիկայում սպասվում է կուսակցության համագումարը: Դեռեւս հստակ օրը որոշված չէ, քանի որ անընդհատ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում:

Պետք է համագումարի ժամանակ ամբողջ քաղաքական իրադարձություններն ու սպասվող մարտահրավերներն ամփոփենք, նաեւ քաղաքական օրակարգ ներկայացնենք համագումարին: Այսպես ասած` դադարի վիճակ էր, այժմ արդեն վերաձեւակերպման փուլ է ընթանում: Դրանք են առաջիկա փոփոխությունները, ինչպես նաեւ մեր քաղաքական կյանքում առկա յուրաքանչյուր փոփոխության, մարտահրավերին արձագանքելը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս