«Բեռնարդ շոու» ծրագրի հայտնի հաղորդավար, հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը, ում նախկինում ամենատարբեր ծրագրերի շրջանակում տեսնում էինք հեռուստաէկրաններին, տեւական ժամանակ է՝ եթերում չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ ստեղծագործական կյանքի այս փուլում զբաղված է սցենարներ հեղինակելով: Արմենը «Քիթ-քաթ», «Մեկը վերեւից» ներկայացումների սցենարի համահեղինակն է, «Գլամուրային չոբանները», «Խառը տոլմա» ներկայացումների սցենարի հեղինակը: «Ժողովուրդ»-ը հումորիստի հետ զրուցել է նրա ներկայիս գործունեության, հետկադրային տրամադրության, Արտյոմ Մարկոսյանի հետ համագործակցելու հնարավորության, «7 ու կես» ներկայացման եւ այլ թեմաների շուրջ:
-Արմե՛ն, ինչո՞ւ էկրաններին չեք երեւում, առաջարկներ չե՞ք ստանում, թե՞ պարզապես նման ցանկություն չունեք:
-Ես հիմա հանդես եմ գալիս որպես սցենարիստ եւ պրոդյուսեր (թեպետ դեռեւս 1993-ից առաջին սթենդ-ափ շոուների սցենարի հեղինակն եմ եղել), աշխատում եմ գերծանրաբեռնված գրաֆիկով՝ միանգամից երեք նախագծի վրա: Ինձ մոտ հիմա, այսպես ասած, հետկադրային տրամադրություն է:
-Արտյոմ Մարկոսյանի հետ համագործակցության հնարավորություն էլի կլինի՞, Դուք նման ցանկություն ունե՞ք:
-Միգուցե եւ լինի, ոչինչ չի բացառվում: Մենք այն հազվագյուտ հեռուստազույգերից ենք, որ իրար հետ չենք կռվել, խնդիր չունենք: Կարծում եմ՝ թթվածինը կհերիքի, որ կրկին եթերում լինենք, բայց պետք է, որ մեզ արվի անկեղծ առաջարկ՝ ժամանակի պահանջներին համապատասխան:
-Այսինքն՝ նոր մոտեցում եւ ռակուրս եք ուզո՞ւմ: Այն, ինչ ներկայացվում է շուկայում, գուցե Ձեզ չի՞ բավարարում:
-Մենք ընդհանրապես չենք էլ մտածում եթերում լինելու մասին: Հեռուստաշոուի բնագավառում մենք արել ենք առավելագույնը, իրականացրել ենք բաներ, որոնք կարող են կրկնվել, օրինակ, «Ուրգանտի մոտ»: Չեմ ասում՝ ինքն է մեզնից վերցրել, բայց կան բաներ, որոնք մենք ավելի վաղ արել ենք: Հիմա շոու քիչ են անում, շատ ծրագրեր նայում ենք, ասում ենք՝ մենք սա արել ենք: Եթե որեւէ ծրագիր մեկնարկելու լինենք, մեր ամենամեծ մրցակիցը մենք ենք լինելու: Պետք է աշխատենք չկրկնել այն, ինչ արել ենք տարիներ առաջ, շաբաթը հինգ օր, ուղիղ եթերում: Ամեն դեպքում, հիմա ես էլ, Արտյոմն էլ ծանրաբեռնված ենք, զբաղվում ենք համերգներ կազմակերպելով:
-Այս հարցն ավելի վաղ ուղղել եմ նաեւ Արտյոմ Մարկոսյանին, բայց կցանկանայի լսել նաեւ Ձեր տեսակետը: «7 ու կես» հումորային ներկայացումը տարիներ առաջ մեծ ընդունելություն գտավ հանրության շրջանում: Հնարավո՞ր է կրկին միավորվեք եւ 8-ով ներկայանաք հանդիսատեսին:
-Չեմ կարծում, թե էլի նման բան կլինի՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Պետք է երեւույթներին ռեալ նայել, առանց վարդագույն ակնոցի: Ամեն դեպքում, եթե նման հնարավորություն ընձեռվի, ես միայն ուրախ կլինեմ: Բայց եթե միասին ներկայանանք, այս պարագայում եւս նոր մոտեցում է պետք: Միայն տարիքը գրիմի միջոցով թաքցնելը չէ, թարմ մատուցում է անհրաժեշտ: Այս պարագայում եւս կա մի ցավալի փաստ. եթե նույնիսկ որեւէ բան անելու լինենք, չգիտենք՝ ում պետք է որպես մրցակից ընդունենք: Եթե «7 ու կեսի» թիմը նորից միավորվի, ումի՞ց պետք է լավը լինի: Նմանատիպ շոուներ անում են, բայց էլի այս թիմի անդամները՝ առանձին-առանձին: Այնպես որ, նշաձողը չկա: Եթե դա լիներ, ավելի հետաքրքիր կլիներ դաշտում գործելը:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
ԱՄԱՆՈՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՏԱՆԸ
Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան, երգիչ Ավո Խալաթյանը, թեեւ հանդես է գալիս որպես հաղորդավար, վերջին շրջանում չի հյուրընկալվում հեռուստածրագրերի, չի ներկայանում մասսայական միջոցառումների. «Արդեն հոգնել եմ նույնատիպ հարցերից, եթերաժամ սպանող զրույցներից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը:
Ի դեպ, օրեր առաջ Պարոնյան թատրոնում տեղի ունեցավ «Ռեւիզորը» ներկայացման պրեմիերան (հեղինակ՝ Նիկոլայ Գոգոլ, բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան), այնտեղ ընդգրկված էր նաեւ Ավոն: Նա նշեց, որ առաջիկայում հանդիսատեսը առիթ կունենա տեսնելու իրեն նոր դերերում, քանի որ թատրոնում բուռն աշխատանքներ են ընթանում: Ավոն տեղեկացրեց, որ կա մի ծրագիր, որը վաղուց ցանկանում է կյանքի կոչել. «Նարեկ Ղափլանյանի հետ մտածում ենք՝ «Երկու ընկեր՝ չհաշված կյանքը» ներկայացումը վերածենք ֆիլմի, այդ ուղղությամբ քննարկումներ ենք անցկացնում: Ես եւ Նարեկը, հավանաբար, կլինենք ռեժիսոր, պրոդյուսեր, նախագծի հեղինակ, իսկ ֆիլմում կնկարահանվեն այլ դերասաններ: Հիմա Նարեկն ԱՄՆ-ում է, երեւի գարնանը կամ ամռանը այս ծրագիրը կյանքի կկոչենք»: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք Ավոյին կտեսնենք որեւէ գեղարվեստական ֆիլմում. «Շատ հնարավոր է, քանի որ կա նման հրավեր, կարծում եմ՝ մոտ ժամանակներում կլինի նման առիթ»,-ասաց դերասանը:
Իսկ հարցին, թե ինչու չի շարունակում երաժշտական կարիերան, Ավոն պատասխանեց. «Ճիշտն ասած՝ նոր երգեր չկան, չեն էլ փնտրվում: Պատճառն այն է, որ ինձ ավելի շատ գրավում է թատրոնը»: Մենք հետաքրքրվեցինք՝ կնոջ՝ Նունե Եսայանի հետ դուետով հանդես գալու ծրագրեր կա՞ն. «Մենք ունենք մի քանի դուետ, որոնք կատարել ենք տարբեր առիթների ժամանակ, սակայն դրանց պաշտոնական պրեմիերաները չեն եղել»,-շեշտեց Ավոն: Հարցին, թե որտեղ է աստղային ընտանիքը պատրաստվում անցկացնել Ամանորը, դերասանը պատասխանեց. «Ինչպես միշտ՝ տանը: Աշխարհի որ ծայրում էլ լինենք, ամեն ինչ անում ենք, որ Ամանորի գիշերը տանը լինենք»:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎԿԼԻՆԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի պետական կրկեսը կհամագործակցի Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության հետ: Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ համագործակցության պայմանագիրն արդեն ստորագրված է: «Համագործակցության շրջանակում ԱՊՀ երկրների լավագույն կրկեսները հյուրախաղերով եւ բավական հարմար գներով կլինեն Երեւանում»,-ասել է նա:
Սոս Պետրոսյանի խոսքով` համագործակցությունը կնքվել է Ռուսաստանում` մշակութային ամենամյա փառատոնի շրջանակում, որտեղ այս տարի ամենամեծ բաժինը կրկեսին էր հատկացվել:
Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանի խոսքով՝ նա օրերս որպես պատվավոր հյուր եւ ժյուրիի անդամ մասնակցել է Ծաղրածուների համաշխարհային փառատոնին, որն այս տարի նվիրված էր Օլեգ Պոպովին: «Հետաքրքիր տպավորություններ ունեցա: Ես միշտ մասնակցում եմ նման միջոցառումներին` մեր կրկեսում եւս լավագույն օրինակները կիրառելու համար»,-հավելել է Պետրոսյանը:
ՊԱՇՏՊԱՆԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ Երեւանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Լեւոն Հայրապետյանը վնասվածք է ստացել: Հայրապետյանն արդեն վիրահատվել է Գերմանիայում եւ սկսել վերականգնողական փուլը: Նշենք, որ այս մրցաշրջանում նա այլեւս հանդես չի գա: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 14 տուրից հետո «Փյունիկ»-ը նախավերջին տեղում է եւ ունի միայն 14 միավոր:
1-ԻՆ ՏՈՒՐՆ` ԱՅՍՕՐ
Դեկտեմբերի 1-ից 11-ը Լոնդոնում կկայանա London Chess Classic շախմատի միջազգային գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է: Մրցաշարին կմասնակցի նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մասնակիցների կազմում են` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Մայքլ Ադամս (Անգլիա):
Այսօր կկայանա մրցաշարի առաջին տուրը: