ՖՈՏՈ. Հիմնական գնաճը դեռ առջևում է. ինչպիսին էին սպառողական գները 2014-ին և հիմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրանից երեք տարի առաջ` 2014 թվականի վերջին, դրամի կտրուկ արժեզրկման արդյունքում Հայաստանի սպառողական շուկայում խուճապային թանկացումներ սկսվեցին: Այդ թանկացումներն այն աստիճան խուճապային բնույթ էին կրում, որ հայաստանյան իշխանությունները պարտադրված էին սուպերմարկետից սուպերմարկետ շրջել՝ թանկացումների շարունակությունը կանխելու համար: Իսկ սուպերմարկետներում շրջում էր անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այնուամենայնիվ, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ սպառողական շուկայում այս երեք տարիների ընթացքում:

Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը համադրեց լայն սպառման ապրանքների` 2014 թվականի մինչեւ խուճապային թանկացում եղած եւ ներկայիս գները: Ի դեպ, 2014 թվականի խուճապային թանկացումների արդյունքում կարագի մեկ կիլոգրամը վաճառվում էր 3880 դրամով: Իսկ հիմա կարագի մեկ կիլոգրամի գները սկսում է 4430 դրամից: Օրինակ` նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամն արժի 4430 դրամ, «Անքոր»-ը` 4510 դրամ, «Վալիո» տեսակի կարագի մեկ կիլոգրամը սկսում է 5100 դրամից:

Եւ, ընդհանրապես, կարագի շուկայում գնաճային ճնշումը չի նահանջում, այս մթերքը օր օրի, ժամ առ ժամ է անգամ թանկանում: Մարդիկ անգամ կատակում են` նշելով, որ այս օրերին կարագը թանկարժեք նվերի պես է դարձել: Մինչդեռ 2014 թվականի թանկացումներից առաջ կարագի գինը սկսել է 3100 դրամից:

Լայն սպառման ապրանքներից պանրի մեկ կիլոգրամը 2014 թվականի դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկման արդյունքում վաճառվել է 1920 դրամով: Բայց երեք տարի անց` մեր օրերում, պանրի շուկայում արձանագրվել է 25-ից 30 տոկոս թանկացում: Օրինակ` 2014 թվականի երկրորդ կիսամյակում պանրի արժեքը կազմել է 1600, 1900, 2100 կամ 2300 դրամ, իսկ հիմա այն գերազանցում է 2500 դրամը:

Օրինակ` Մաստարայի «Լոռի» տեսակի պանրի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 2670 դրամով: Նշենք, որ վերջին ամիսներին «Լոռի» տեսակի պանիրը բոլոր ընկերությունները թանկացրել են շուրջ 500 դրամով:

Մյուս առաջին անհրաժեշտության սննդատեսակը համարվող ձուն 2014 թվականի ընթացքում 10 հատանոց տուփի գինը 500 դրամից 550 դրամ է եղել, 2014-ի տարեվերջին թանկացումներից հետո ձվի 10 հատանոց տուփը վաճառվել է 630 դրամով: Իսկ ներկայումս երեւանյան խանութներում մեկ հատ ձուն արժի 65-70 դրամ:

Բարձր տեսակի ալյուրը 2014 թվականին վաճառվել է 280-300 դրամի սահմաններում: Իսկ ներկայումս նույն ալյուրի մեկ կիլոգրամը վաճառվում է 390-ից 400 դրամով:

Ինչպես հայտնի է` բենզինի շուկայում արդեն երեք ամիս է` 1 լիտր բենզինի հաշվարկով ամսական 10 դրամով թանկանում է: Իսկ հիմնական գնաճը սպասվում է եկող տարվա հունվարի 1-ից հետո:

Այս ամենի արդյունքում հարկ ենք համարում հիշեցնել Սերժ Սարգսյանի` վերջերս արած հայտարարության մասին, որ Հայաստանում վերջին շրջանում թռիչքաձեւ գնաճ չի արձանագրվել. «Այո, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են` կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է:

Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեեւ բոլորն ասում են` աշխատավարձերը չեն բարձրացնում եւ այլն, աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարեւոր հանգամանք է, նույնը` 2016 թվականին էր»:

Այսինքն` աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում գոյություն չունի, բայց միեւնույն է` Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե աշխատավարձերը բարձրանում են: Գները սրընթաց աճում են, իսկ նա ասում է, թե նման բան չկա: Փաստացի Սերժ Սարգսյանը նույնիսկ պաշտոնական վիճակագիրներին չի հավատում: Հետաքրքիր է` նա Հայաստանի մասին տվյալները որտեղից է քաղում, տեսնես որտեղ է գտնվում նրա նկարագրած Հայաստանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս