Վանաձոր-Ալավերդի մայրուղին շուրջ մեկուկես տարի է, ինչ երթեւեկության համար փակված է: Լոռու մարզի Ձորագետ համայնքի տարածքում, մայրուղու եզրին փակցված ցուցանակը անցորդներին ավետում է, թե իբր 2018թ. փետրվարի 20-ին վերանորոգման աշխատանքները կավարտվեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները վկայում են, որ մինչեւ վերը նշված ժամկետի ավարտը ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտված չեն լինի: Վանաձոր-Ալավերդի մայրուղու մոտ 35 կմ հատվածի նորոգման աշխատանքները մեկնարկեցին 2016թ. սեպտեմբերի 14-ից:
Այդ օրվանից Վանաձոր-Ալավերդի մայրուղով երթեւեկությունը դադարեցված է: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկային միջոցներով: Ներկայումս ճանապարհին շինարարական աշխատանքներ գրեթե չեն իրականացվում, չնայած եղանակային պայմանները բարենպաստ են առնվազն հողային աշխատանքներ կատարելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ներկայումս ասֆալտապատված եւ շահագործման գրեթե պատրաստ է միայն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մեկ երրորդ մասը միայն: Մայրուղու նորոգման աշխատանքներում ընդգրկված են երեք կազմակերպություններ` «Կապավոր», «Ճանապարհ» եւ «Արարատյանշին» ՍՊԸ-ները: Առաջին երկու կազմակերպությունները ճանապարհաշինության ոլորտում հայտնի ընկերություններ են, իսկ «Արարատյանշին» ՍՊԸ-ի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:
Վերը նշված մայրուղու փակված լինելու պատճառով արդեն մեկ եւ կես տարի է` Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսները եւ ավտոբուսները երթեւեկում են շրջանցիկ` Ստեփանավանի տարածաշրջանով ձգվող ավտոճանապարհով: Այս շրջանցման արդյունքում ճանապարհը երկարում է մոտ 35 կիլոմետրով: Այս փաստի արդյունքում Նոյեմբերյան-Վանաձոր երթուղու տոմսերը դեռեւս անցած տարի թանկացան: Եթե նախկինում այդ երթուղու ավտոբուսի մեկ տոմսն արժեր 900 դրամ, իսկ միկրոավտոբուսինը` 1 հազար 200 դրամ, ապա այժմ ուղեւորները ստիպված են վճարել համապատասխանաբար 1 հազար 200 դրամ եւ 1 հազար 500 դրամ: Այդ ճանապարհով երթեւեկելիս մարդիկ բնականաբար սովորականից ավել ժամանակ են ծախսում՝ 40 րոպեից մինչեւ մեկ ժամ:
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհը միջպետական է: Մասնավորապես Թբիլիսի գնալու ամենակարճ ճանապարհը հենց այդպես է անցնում: Բայց մեկուկես տարի է` մարդիկ ստիպված են այդ հատվածը շրջանցել, եւ դեռ հայտնի չէ, թե երբ այդ ճանապարհը կբացվի երթեւեկության համար:
Ոսկան Սարգսյան
Տավուշ