Հայաստանը ստիպված է լինելու «յոլա գնալ» ռուսական կողմի «կրճոններով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ եւ ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը. այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Եղել է նախնական քննարկում, որից հետո որեւէ առարկայական քայլ չի արվել», – նշել է նա` միաժամանակ հավելելով, որ քննարկվել է նաեւ ռուսական ինքնաթիռներ ձեռք բերելու հարցը: «Որեւէ քայլ դեռ արված չէ, մենք աշխատանքային շատ նախնական քննարկումների փուլ ենք մի թեթեւ ունեցել եւ վերջ», – ասել է նա:

Նկատենք, որ ազգային նոր ավիափոխադրողը պարտավորված է լինելու շահագործել բացառապես ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ. այդ մասին դեռ ամիսներ առաջ ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը` հավելելով, թե արդեն մեկ տարուց ավելի է` քննարկումներ են անցկացվում այդ թեմայով: Ու հիմա քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն էլ չի հերքում ռուս պաշտոնյանի հնչեցրած խոսքերը:

Բայց արի ու տես, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները, որ ռուսական կողմը պարտադրում է հայկական նոր ավիափոխադրողին, տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, եւ նրանց որակի մասին բազմիցս խոսվել է անգամ ռուսական լրատվամիջոցներում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վեց տարվա ընթացքում Sukhoi Superjet ինքնաթիռները մի քանի անգամ աղետի են ենթարկվել: Առաջին վթարը 2012 թվականի մայիսին էր, երբ ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռն Ինդոնեզիայում բախվել էր լեռանը, արդյունքում եղել էր 45 զոհ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` վթարի պատճառը եղել է մարդկային գործոնը:

2013թ. հուլիսին ռուսական արտադրության այս ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Իսլանդիայում` տալով 5 զոհ, սա անսարքության, տեխնիկական խնդիրների հետեւանքով: Վերջին դեպքը եղել էր 2015թ. Մեխիկոյում, բարեբախտաբար, այս անգամ առանց զոհերի եւ կրկին տեխնիկական խնդիրների պատճառով: Ռուսական «Գազետա» պարբերականի փոխանցմամբ` 2016թ. ընթացքում Sukhoi Superjet ինքնաթիռներն աղետի են ենթարկվել յոթ անգամ, որից երեքի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:

Այս ամենից բացի` Sukhoi Superjet 100 ինքնաթիռների որակական թերությունները եղել են լրատվամիջոցների քննարկումների թեման: Ռուս պաշտոնյաներն իրենք էլ չեն հերքել ինքնաթիռների անսարքությունների մասին հրապարակումները, այլ փորձել են մեկնաբանել ու արդարացումներ ներկայացնել, թե ինքնաթիռների խնդիրները կոնստրուկտորական բնույթի չեն եղել, սիստեմատիկ բնույթ չեն կրում եւ առաջանալու դեպքում մի քանի օրում վերացվում են:

Բայց փաստը, որ ինքնաթիռները տեխնիկական խնդիրներ ունեն, ինքնին խոսուն է:
Sukhoi Superjet ընկերության արտադրած առաջին ինքնաթիռը գնել էր Հայաստանը` «Արմավիա» ընկերությունը դեռ 2011 թվականին: Բայց կարճ ժամանակ անց «Արմավիան» ստիպված էր եղել այդ ինքնաթիռը հանել շահագործումից տեխնիկական խնդիրների պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016թ. տարեվերջին՝ դեկտեմբերին, «Ռոսավիացիա»-ն հանձնարարել էր ստուգել այդ օդանավերի ստաբիլիզատորներն այն բանից հետո, երբ «Աերոֆլոտ»-ը մի քանի չվերթ էր չեղարկել օդանավերի խնդիրների հետեւանքով։ Այս ինքնաթիռներից իր հերթին դժգոհել էր «Յակուտիա» ընկերությունը, երբ 2017թ. հունվարին իր չորս Sukhoi Superjet-ից երկուսի մոտ խնդիրներ էր հայտնաբերել:

Եւ, ընդհանրապես, «Վեդոմոստի» պարբերականի պնդմամբ` ռուսական արտադրության այդ ինքնաթիռների հինգից մեկն անսարք է:
Եւ հիմա ստացվում է, որ Հայաստանը պարտադրված է լինելու նոր ազգային ավիափոխադրողի համար գնել որակապես ցածր ինքնաթիռներ, որովհետեւ այդպես է թելադրում երկրորդ կողմը:

Այսինքն` Հայաստանը ստիպված է լինելու «յոլա գնալ» ռուսական կողմի «կրճոններով», որոնք ամեն րոպե կարող են պատուհաս դառնալ` խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր: Սա, համաձայնեք, նորմալ չէ, նույնիսկ ամոթ է: Բայց այսպես է լինում Հայաստանի նման երկրների հետ, եթե անգամ ոչ քաղական, ապա զուտ տնտեսական պատճառներով. ի վերջո, ռուսական ինքնաթիռներն անհամեմատ էժան են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս