Երեկ լրացավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Չնայած մոտ երեք տասնյակ տարի է անցել, սակայն երկրաշարժի արդյունքում անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում:
Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարել են, որ հեսա-հեսա աղետի գոտին կվերականգնեն: Սակայն նրանց խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
-Սրբազա՛ն, աղետալի երկարաշարժից անցել է 29 տարի, սակայն Գյումրու բնակարանային ավանների խնդիրը դեռեւս չի լուծվել: Գյումրու այսօրվա վիճակը որքանո՞վ է մխիթարական:
-Մխիթարական պահեր էլ կան, անմխիթար պահեր էլ կան: Սեւի եւ սպիտակի խառնուրդ է: Անշուշտ կարող էր ավելի լավ լինել, բայց այստեղ միայն իշխանությունը եւ պետությունը չեն մեղավոր: Հաճախ եմ ասել, որ նաեւ մեր մեղքի բաժինն էլ կա: Շատերիս ձեռք է տվել այս վիճակը:
-Դա՞ է պատճառը, որ իշխանությունն ամբողջովին չի լուծել խնդիրները:
-Իշխանությունը չի կարողացել կամ չի ուզեցել կամ արել է, բայց բավարար չի եղել: Բայց մենք եթե ուզենայինք, գյումրեցիները եթե ուզենային, այդ հարցը վաղուց լուծված էր՝ սեփական միջոցներով եւ սեփական ձեռքերով: Սուբյեկտիվ դրդապատճառներ էլ կան, թե ինչու այդ հարցը չի լուծվում: Այնպես չի, որ օբյեկտիվ է ամեն ինչ:
-Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց Գյումրի, իր խոսքում նշեց, թե Գյումրիում կյանքը փոխելու ծրագիր ունեն: Այդպիսի խոստումներ բազմիցս են հնչել, որքանո՞վ են նրա խոստումները հավատ ներշնչում:
-Կարծում եմ՝ այս վարչապետն ազնիվ է իր ե՛ւ ցանկություններում, ե՛ւ մղումներում, ե՛ւ ջանքերում: Եվ մենք ամեն կերպ պետք է օգնենք, որ ինքն իր այդ տեսլականն իրականություն դարձնի: Դրական արդյունք տեսնում ենք:
-Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն աղետի գոտու վերականգման ժամկետներ էին մատնանշում: Կատարվե՞լ են նրանց խոստումները:
-Այն, ինչ իրենք դրել են իրենց առջեւ, այդ խնդիրը լուծել են: Հիմա բնակարաններ այնքան, որքան որ քանդվել է, կառուցվել են, նույնիսկ մի բան էլ ավել են կառուցվել: Բայց քանի որ այդ հարցի լուծումն ուշացավ, խնդիրն էլ չլուծվեց: Հիմա այնպես չի, որ բոլոր տնակներում ապրողները երկրաշարժի պատճառով են անօթեւան, այլ պատճառներ էլ կան:
-Սերժ Սարգսյանը նշել է, թե աղետի գոտի հասկացությունը գնալով քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: Այդպե՞ս է:
-Անշուշտ Գյումրին այլեւս աղետի գոտի չէ, պարզապես ամենախնդրահարույց մարզն է եւ շարունակում է մնալ: Նաեւ, ինչպես ասում են, մեր մեղքով, մեր անփութության եւ ագահության պատճառով: Պետք է փոխել մեր մթնոլորտը, որ չենք կարողանում անել: Մեր ժողովրդի մի զգալի հատված ծուլությունը դարձրել է եկամտի աղբյուր, աղքատությունը դարձրել է եկամտի աղբյուր: Դա պետք է փոխել մեր մտածելակերպում: Մենք ասելով բոլորիս էլ նկատի ունեմ: Մենք՝ գյումրեցիներս, մի քիչ շատ ենք ծուլացել, ավելի սպասողական վիճակի մեջ ենք մտել, միշտ սպասելով, որ ուրիշը պետք է անի, որ հանկարծ մենք չանենք, որովհետեւ եթե մենք անենք, ուրիշը չի անի: Այդ սկզբունքը, ցավոք, շատ տներ քանդել է եւ շատ մեծ վնաս է տվել այս տարիների ընթացքում:
-Այսինքն՝ կա՞ն տարբերակներ, բայց բնակչությունը չի աշխատո՞ւմ:
-Անշուշտ, տարբերակներ կան, անշուշտ, աշխատել է պետք, ծուլությունը թոթափել է պետք, ոչ թե նստել, սպասել, նպաստի հույսին ապրել: Այս հոգեբանությունն է այսօր իշխում շատերի մոտ: Գյումրիում դեռեւս կան չլուծված խնդիրներ, բայց հսկայական խնդիրներ էլ լուծված են, չնկատելը մեղք է: Ես տասնիններորդ տարին է՝ այս թեմի առաջնորդն եմ եւ չեմ կարող ասել, թե հիմա այն վիճակն է, ինչ այն ժամանակ: Հանցագործություն կլինի նման բան ասել, անհամեմատ առաջընթաց կա, բայց, անշուշտ, շատ ավելի կարող էր լինել առաջընթացը: Միակողմանի պետք չի նայել, թե միայն իշխանությունն է մեղավոր: Իշխանությունն իր մեղքի բաժինն ունեցել է, այժմ էլ գուցեեւ ընդունի, բայց մենք մեր մեղքի բաժինը պետք է փնտրենք եւ գտնենք:
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ԲԻԶՆԵՍՈՎ ԿԶԲԱՂՎԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին՝ Սերգե Սոֆոյանը, նոր բիզնես է հիմնել: ՀՀ կառավարության երեկվա նիստում նրան պատկանող «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին նույնիսկ տարածք հատկացվեց:
Խոսքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Երեւան քաղաքի Մ. Մելիքյան նրբանցք, 23 հասցեում գտնվող 6 հազար 319 քառակուսի մետր մակերեսով շենք- շինությունների եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված շուրջ վեց հեկտար մակերեսով հողամասի մասին է: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այդ տարածքում, համաձայն ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի, կոշիկի եւ հագուստի արտադրություն է հիմնադրվելու:
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ երկու տարվա ընթացքում ընկերությունը պետք է իրականացնի 5 մլն դոլարին համարժեք ներդրում՝ առաջին տարում՝ 3 մլն դոլար, իսկ երկրորդում՝ 2 մլն դոլար: Ենթադրվում է, որ այդ ներդրումների արդյունքում կստեղծվեն 350-450 աշխատատեղեր: Ի դեպ, ներդրումներն ուղղորդվելու են տարածքի ձեռքբերման, շենք-շինությունների վերանորոգման, ինչպես նաեւ սարքավորումների ու հումք ձեռք բերելուն: Նախատեսվում է արտադրել շուկայի միջին եւ բարձր որակի հագուստ ու կոշիկ: Ի դեպ, ենթադրվում է, որ արտադրանքի մի մասը արտահանվելու է:
Ինչպես վերը նշեցինք, «Դամալա գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը Սերգե Սոֆոյանն է, ում հայրն ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր, սակայն վեցերորդ գումարման խորհրդարանում նրան հայտնվելու բախտ չվիճակվեց: Վերջինս 2008 թվականից զբաղեցրել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի եւ գործադիր տնօրենի պաշտոնը: Պատգամավորական իր ամբողջ գործունեության ընթացքում նա խորհրդարանում աչքի է ընկել իշխանության կողմից ներկայացված բոլոր նախագծերին լուռ կողմ քվեարկելով: Հայտնի է, որ նա խորհրդարանում էր հայտնվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ, ում հետ պատգամավորը վաղուց մտերիմ հարաբերությունների մեջ է եղել:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԾԵԾՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
«Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Պատճառը ՀՀ-ից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները ՀՀ պետական բյուջե չվճարելն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանը հիմա մեղադրվում է 2014թ. ընթացքում 681 միլիոն 923 հազար 52 դրամի չափով պետական տուրքի գումար գանձելու, սակայն գանձված գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացնելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Ի դեպ, Արսեն Ավետիսյանը հանրությանը առավել հայտնի դարձավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: 2015թ. օգոստոսի 15-ին Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով՝ փորձել է տանել դեպի սրճարանի հետնամասը, ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իրեն: Աղմկահարույց այս ծեծը սկսվել էր գումարային հարցի շուրջ, որին այդպես էլ իրավապահները ընթացք չտվեցին, քանի որ կողմերը հաշտության էին եկել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը Ծարավ Աղբյուր փողոցում հսկայական առանձնատուն է կառուցել, որին անվանում են «կապույտ գմբեթով տուն»: Հիմա տան ներքին հարդարման աշխատանքների փուլն է, որը, սակայն, վերջին ամիսներին գրեթե կանգ է առել. համենայն դեպս, այդ տան մոտ չի նկատվում շինարարների նախկին աժիոտաժը:
ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
Հայաստանում տեսախցիկների եւ արագաչափերի միջոցով երթեւեկության կանոնների խախտումների արձանագրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը թեեւ հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա երրորդ եռամսյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 108 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա հունվար- սեպտեմբերին պետական բյուջե վճարել է 707 մլն 959 հազար դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա երրորդ եռամսյակում «Սեքյուրիթի դրիմ»-ը կատարել է 815 մլն 777 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Մինչդեռ տարիներ առաջ այս ընկերությունը մեծ եկամուտով էր ապահովում: Չէ որ արագաչափերի բիզնեսը համարվում է յուղոտ: