ԵԹԵ ԻՐԵՆՔ ԷԻՆ, ԳՈՆԵ ՄԻ ՆԿԱՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգը բարձրաձայնում է բնակարանային գողությունների դեպքերի աճի մասին՝ նշելով, թե դրանց չբացահայտումը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործում միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ոստիկանության ծառայությունները:
Սակայն ուշագրավն այն է, որ երբ իրավապահները հայտարարել են բնակարանային գողություն կատարող անձանց բացահայտելու մասին, տարիներ շարունակ գողոնն այդպես էլ չի հայտնաբերվել:
2011 թվականին Հայաստանի լրահոսում մեկը մյուսին էին հաջորդում պաշտոնյաների եւ գործարարների տան գողությունների լուրերը, որոնք միեւնույն խմբի կողմից էին իրականացվում: Ի վերջո, այդ խմբի անդամները բացահայտվեցին: Այս բանդային էին վերագրվում «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի նախկին ղեկավար Էդվարդ Բեզոյանի, ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ այլոց բնակարանների գողությունների դեպքերը: 2014 թվականին խմբի անդամների դատավարությունն ավարտվեց, եւ բոլոր մասնակիցները դատապարտվեցին ազատազրկման տարբեր ժամկետներով՝ այդպես էլ չընդունելով իրենց մեղքը:
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ՝ հետադարձ հայացքով գնահատականները պարզելու նպատակով:
-Պարո՛ն Ազիզյան, ՀՀ իրավապահները բնակարանային գողությունների դեպքերի մասով խիստ մտահոգություններ են հայտնում: Դուք եւս տարիներ առաջ հայտնվել էիք հանցագործների թիրախում: Հավատո՞ւմ եք, որ Ձեզանից գողացվածը կհայտնաբերվի երբեւէ:
-Ճիշտ ասած, ես հավատ չեմ ունեցել, հիմա էլ չեմ հավատում, հետագայում էլ չեմ հավատում, որ գողոնը կվերադարձնեն: Փորձեցին վերադարձնել ընդամենը մեկ ֆոտոապարատ՝ մի 30-40 հազար դրամանոց, բայց այնտեղ թվերով կար գրած, թե ինչեր էին տարել, ինչեր էին արել: Մի խոսքով, ինձ հավատ չի ներշնչում, որ մի օր այդ գողոնը կհայտնաբերվի: Քանի որ մինչեւ երեխան լաց չլինի, մերը կուրծք չի տա, հիմա էս մարդկանց գործն է, արեցին, պրծան, իրենց չի հետաքրքրում՝ այդ տուժողը ինչերի հանդիպեց, ինչքան ճակատագրերի խեղում եղավ: Աղմկահարույց գործ էր, ավարտեցին, փակեցին, իբր բերեցին, մարդկանց դատեցին, վերջացավ, սա քաղաքական հնչեղություն էր ստանում, որ նման բանդիտներ կան եւ նման բաներ էին անում:
-Ըստ Ձեզ՝ այդ տղանե՞րն էին իրական հանցագործները:
-Չեմ կարող ասել՝ ով է, բայց այդ տղաներից մեկին բերեցին մեր տուն, ինքը մատնանշեց, որ մեր խոհանոցի այսինչ տեղից վերցրել է 3 միլիոն դրամ, դրա մասին մենք էլ չգիտեինք: Մեր գլխավոր հաշվապահն այդ գումարը բերել, դրել էր, որպեսզի բանկ տանի: Այսինքն՝ հաշվապահը եկավ, ապացուցեց, որ իրենք են: Բոլորը եղել են դիմակներով, ու ես ոչ մեկին չեմ ճանաչում, ո՛չ դատարան եմ գնացել, ո՛չ էլ գնացել, ասել եմ՝ սա է կամ նա: Անմեղության կանխավարկած կա, եթե դրանք էին, բռնել էին, գոնե մի փոքր բան թող վերադարձնեին: Դրանց սիրտը դարբինը չի սարքել, որ մի բան հետ չտային` կա՛մ մի նկար, կա՛մ մի հատ զարդ գոնե հետ կտային, չէ՞, եթե իրենք էին:
-Ըստ Ձեզ՝ իրավապահների թերի աշխատա՞նքն էր, որ բերեցին, ինչ-որ մարդկանց դատեցին, սակայն տուժողների հիմնական հարցը չլուծվեց:
-Նախ՝ մի տեղ, չեմ ցանկանում ասել մի երկրում, ամեն ամիս նման մի քանի դեպք է լինում, բայց մինչեւ դանակը չի հասնում ոսկորին, մեկին չեն բռնում, գործը բացահայտում: Եթե հիշում եք՝ այն ժամանակ ամեն ամիս ասում էին՝ մտան այսինչի տունը, ջարդեցին, ծեծեցին ու տարան: Տենց պետություն լինում է, որ իրար հետեւից նման բաներ լինեն: Այդ ժամանակ այդպիսի աղմկահարույց գործեր կային, փակեցին, մոռացան՝ ով է տուժողը, ինչի է հանդիպել, այդ մարդիկ գնացին կալանավայր, մենք էլ մի գիշերում, մի առավոտ արթնացանք. ո՛չ շոր ունեինք, ո՛չ մի բան, անգամ շորերն էին տարել, վերջ, դրանով իրենք իրենց քաղաքական հարցերը լուծեցին:
-Ի՞նչ քաղաքական հարցերի մասին է:
-Ես Ձեզ ասում եմ, որ ամեն օր նման դեպքի մասին ես լսում, եւ անցնում է 7-8 ամիս, մեկ տարի, նոր ինչ-որ բան են անում, բռնում են: Այսինքն՝ այն ժամանակ չեն էլ ուզեցել բռնել այդ մարդկանց, քանի որ այսօրվա դարում ամեն ինչ շատ հեշտ բացահայտվում է, ամեն ինչ լսվում է: Իրանք բոլորին գիտեն՝ ովքեր ինչով են զբաղվում, եւ այն մարդկանց, ովքեր համարվեցին ռազբոյ անող, բոլորը 5-6 անգամ նման դեպքի համար դատված մարդիկ են: Եթե պետությունը գիտի՝ նման մարդիկ ռազբոյի համար կամ այդ կալանավայրի փախուստի համար տարբեր անգամներ դատվել են, բայց այդ մարդիկ հիմա դրսում են, ապա բաժիններ չկան, որ դրանցով են զբաղվում, թե դրանք ինչ գործունեությամբ էին զբաղվում, լավ էլ գիտեին: Մեր տան գողությունից հետո բոլորը սկսեցին կողպեքներ առնել, չգիտեմ, ինչեր առնել, իրենց տները փակել, փոխարեն մեր գողոնը բերեին, տային:
-Ձեր կյանքում ի՞նչ փոխվեց:
-Ոչ մի բան, մեր տան դռները չեն փակվել: Չնայած, ճիշտ են ասում՝ տան դուռը փակ պահի, հարեւանին գող մի ասա, հիմա էլ չի փակվում, եթե ցուրտ չի: Եթե այն ժամանակ այդքան բան ունեինք, չէինք փակում, հիմա էլ ոչ մի բան չունենք, մեր դռները բաց են: Ուզում եմ ասել՝ պետք է հանգիստ քնես մի տեղ, որտեղ ժողովուրդը փողեր է հավաքում, հարկեր է տալիս, որ այդքան մեծ մարմիններ պահի, որ հանգիստ քնի: Ոչ թե դու պետք է հարկերը տաս, գան, մի օր էլ ունեցածդ տանեն, գլուխդ էլ կտրեն: Ես բավարարվել եմ մի բանով, որ հրաշքով փրկվել եմ, քանի որ մեր տանից փախնելուց առաջ եկան, կապեցին բերանս, օդ չկար, շնչեի, եթե կինս չլիներ, ես չէի լինի, կինս փրկեց ինձ: Փառք Աստծո, ուզում էի ասել՝ փառք կառավարությանը, մեկ էլ մտածեցի, թե ինչ եմ ասում, Փառք Աստծո:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԳՈՏԻՆ ԻՆՔՆ Է ՀԱՆԵԼ
Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են. «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել…: Հետ գալուց… անցումային կետում հասկանում եմ՝ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ՝ անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս»,- պատմել էր Միքայելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից պարզել՝ իրենց չի՞ վիրավորում նման վերաբերմունքը:
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյան
-Պարո՛ն Ֆարմանյան, վատ չե՞ք զգում, որ նման բան է տեղի ունեցել:
-Անկեղծ ասած՝ ես մեծ կարեւորւթյուն չէի տա, որովհետեւ կան իրավիճակներ մեր կյանքում: Մի քիչ փիլիսոփայորեն պատասխանեմ, մեր եկեղեցում, հազար ներողություն, երբ մարդը ավարտում է իր երկրային կյանքը, այդ վայրերում բոլորը հավասար են: Հիմա անվտանգության ապահովման տեսանկյունից աշխարհում գործում են կանոններ: Ես անկեղծորեն մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ դիվանագիտական խողովակներով միշտ հնարավոր է, պետության առաջին դեմքերի հետ կապված հատուկ ընթացակարգեր կան: Այսինքն՝ սրան մեծ նշանակություն պետք չի տալ:
-Ձեր գոտին հանել են:
-Անհարմարությունները շրջանցելու համար: Այդ դեպքում ինչու դա չի կիրառվել, հարցրեք իրենց, բայց ես դրանից մեծ բան չէի սարքի: Ի վերջո, չգիտեմ, եթե խոսքը Ազգային ժողովի նախագահի մասին է, որ գոտին հանի, դրանից ի՞նչ է լինելու:
-Երկրի երկրորդ դեմքի մասին է խոսքը:
-Դրանո՞վ է չափվում պետության արժանապատվությունը: Ես տարբեր օդանավակայաններում տեսել եմ հայտնի քաղաքական գործիչների, որոնք նույնն ընթացակարգով անցել են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյան
-Պարո՛ն Մինասյան, վատ չե՞ք զգում, որ Բաբլոյանին խուզարկել են օդանավակայանում:
-Խուզարկե՞լ են, ո՞վ է այդ բառը օգտագործել, Դուք սխալվում եք:
-Հրապարակավ հայտարարվել է:
-Դուք սխալվում եք, նման բառ որեւէ մեկը չի ասել, առաջին անգամ Դուք եք օգտագործում այդ բառը:
-Լավ, գոտին էլ չե՞ն հանել:
-Գոտին ինքն է հանել, որեւէ մեկը չի հանել, ընթացակարգ կա, դա պետք է դառնա քննարկման առարկա, քանի որ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերվի:
-Պատրաստվո՞ւմ եք քայլերի:
-Ազգային ժողովը դրան կանդրադառնա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆԱ
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստում գործով տուժող, Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունն ավարտված համարելու քննարկման ժամանակ կարծիք է հայտնել նաեւ Փառանձեմ Մեյթիխանյանը: «Ես կարող էի սկեսուրիս դատարան չբերել… բայց ընտանիքով խնդրեցինք, ամեն ինչ արեցինք, որ մի քանի անգամ՝ նիստերի ընթացքում, վերապրի այդ ողբերգությունը, որպեսզի ամբաստանյալների հարազատներն ականջալուր լինեն, թե ինչ է կատարվել: Հիմա զգում եմ, որ սխալ եմ արել»,-ասել է նա՝ պնդելով, որ Է. Աբրահամյանն առողջական վատ վիճակի պատճառով այլեւս չի կարող ներկայանալ նիստերի: Ամբաստանյալների պաշտպանները նրա պնդման հետ չեն համաձայնել: Վաչագան Քոսյանը նշել է. «Փառանձեմ Մեյթիխանյանը մոռանում է, որ մենք դատարանում ենք: Ի՞նչ է նշանակում՝ «…ես կարող էի նրան չբերել դատարան»: Փ. Մեյթիխանյանը ղեկավարել է նախաքննությունը, հիմա էլ դատաքննությո՞ւնն է ուզում ղեկավարել»:

 

 

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա ձորակը: Պարզվել է, որ «FORD ESCAPE» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլ. սյանը: 1979թ. ծնված Հ. Մ.-ը եւ 1990թ. ծնված Գ. Ա.-ը դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ա.-ինը՝ ծանր: Վարորդն ու ուղեւորը զինվորականներ են: Վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել: Նշենք, որ վթարի ենթարկված զինծառայողներից մեկը մայոր է, մյուսը` կապիտան: Վանաձորի ԲԿ հոսպիտալացված կապիտանի վիճակը կայուն ծանր է, մայորինը` բավարար:

 

 

 

32-35 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում նոր կառուցված շենքերը լիովին համապատասխանում են ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին, սակայն հին շենքերը ամրացնելու համար բավականին խոշոր չափի ներդրումներ են անհրաժեշտ: Ըստ նրա՝ նոր կառուցվող շենքերի որակը բավականին բարձր է: «Ինչ վերաբերում է հին շենքերի ամրակայման եւ ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու խնդրին, ապա դրա համար անհրաժեշտ է մոտ 32-35 միլիարդ դոլարի ներդրում, իսկ Երեւանի համար` 12-15 միլիարդ դոլար»,- նշել է նա:




Լրահոս