ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ախալքալաքում

Երեկ Ախալքալաքի կենտրոնում էին հավաքվել քաղաքի երիտասարդները, որոնք պահանջում էին ոստիկանությունից, որ Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո իրենց չտանեն հարցաքննության: Բողոքի ակցիան ուղղված էր ոստիկանության գործողությունների դեմ, բայց նրանք հավաքվել էին վարչության շենքի դիմաց: Հավաքվածներին մոտեցել են Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին եւ օմբուդսմենի գրասենյակի այլ աշխատակիցներ: Նրանք հետաքրքրվել են՝ արդյո՞ք փաստաբան ունեն եւ կարո՞ղ են դիմում գրել օմբուդսմենի գրասենյակին: Հետո հավաքվածները գնացել են վարչության շենք՝ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին հանդիպելու: Վերջինս լսել է բողոքը եւ ասել, որ առաջին անգամ է նման բան լսում: Ապա ավելացրել է՝ իրեն մի փոքր ուշ մոտենան:

 

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում որպես ինժեներ եւ հիմա առաջարկ ունեմ այլ ձեռնարկությունում համատեղ աշխատելու: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք կարող եմ համատեղել իմ աշխատանքը «Գազպրոմ»-ի աշխատանքի հետ՝ բնականաբար, չթերանալով ինժեներական իմ աշխատանքում:

Արտակ Հարությունյան (38 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտակ Հարությունյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների համատեղությամբ աշխատանքը հնարավոր է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ որպես գործատուի եւ աշխատողի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների պահպանմամբ:

Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես երեւում է՝ «Գազպրոմ Արմենիա»-ն չի ներկայացրել, թե ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ինչ է թելադրում համատեղությամբ աշխատողների համար:
Տեղեկացնում ենք, որ համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միեւնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է: Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ: Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ: Նշենք նաեւ, որ համատեղ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

 

 

 

ՀԱՐՑ. Հայրս ավանդ է ունեցել իր անունով, սակայն մահացել է: Խնդրում եմ ասեք՝ ես որպես նրա ժառանգորդ, կարող եմ ստանալ նրան հասանելիք գումարը: Ընդհանրապես, երեխաները իրավունք ունե՞ն ստանալու իրենց ծնողների ավանդը: Եթե այո, ապա ո՞ր դեպքում, եթե ոչ, ապա ո՞ր դեպքում:

Մարգարյան Գերասիմ (Բաշինջաղյան, 7-րդ փողոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի՝ ավանդատուի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ կամ ավանդատուի մահով:
Նույն կարգի 20-րդ կետի համաձայն՝ փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Գերասիմ Մարգարյանը մահացած հոր անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը չի կարող ստանալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը դրամական օգնություն է սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին, որը հաշվարկվում է «2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով:




Լրահոս