Ռուս կնոջ «արկածները» Հայաստանում. բռնաբարության մասին բողոքելուց հետո վերադարձել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին Մոսկվա քաղաքի 36-ամյա բնակչուհի Սոֆյա Ոսկրեսենսկայան Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ օրերս, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի սրահում իրեն բռնաբարել է: Տաքսիստը ռուս կնոջը Բագրատաշենի սահմանային անցակետից Երեւան պետք է տեղափոխեր, սակայն Նոյեմբերյանի ոլորաններում կատարած գործողությունից հետո, նրան երեկոյան թողել է ճանապարհին, անձրեւի տակ:

Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տաքսիստը բռնաբարության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ է, դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը:

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Բռնաբարության գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը: Իրավապահներից տեղեկացա, որ դեպքի կապակցությամբ նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

Սոֆյա Ոսկրեսենսկայան, որը Ֆեյսբուքի իր էջում բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ է հրապարակել որպես զբոսաշրջիկ Հայաստան, Վրաստան եւ այլ երկրներ կատարած իր ճանապարհորդություններից, քննչական գործողություններին մասնակցելուց հետո վերադարձել է Մոսկվա:




Լրահոս