«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ԻՆ ԿՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԵՆ ՆՎԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 1 մլրդ 279 մլն 169 հազար դրամ, կամ նույնն է, թե 2 մլն 665 հազար դոլար արժողությամբ գույքը անորոշ ժամկետով եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Խոսքը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների բնական գազի մատակարարման ամբողջ ցանցի մասին է:

Տեղեկացնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՀՀ կառավարությունների միջեւ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել էր Իրանի կողմից Հայաստանի զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր: Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ իրանական գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության միջեւ կնքվել էր ծրագրի իրականացման պայմանագիր: Ինչի արդյունքում Իրանի կառավարությունը համաձայնել էր հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն դոլարի դրամաշնորհ Հայաստանում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի` Մեղրիի եւ Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
Փաստորեն, նախ չգիտես ինչու` ծրագիրը տարիներով ձգվեց, եւ միայն վեց տարի անց հնարավոր եղավ այն իրագործել: Ներկայումս Մեղրի եւ Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ցանցի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1 մլրդ 279 մլն 169 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված այդ գույքը անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
Պաշտոնական փաստաթղթերից այդպես էլ պարզ չի դառնում, թե ծրագրի իրագործման նման ձգձգումի մեղավորն ո՞վ է եղել: Ի վերջո, տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, որ ծրագրի իրագործմանը ռուսական «Գազպրոմ»-ն է խոչընդոտում: Այդ ծրագրով ամրագրվում էր, որ Իրանը ոչ միայն կարող է Հայաստանին գազ մատակարարել, այլ նաեւ պատրաստ է գազաֆիկացման նպատակով գումարներ ներդնել, ինչը ռուսական «Գազպրոմ»-ի հայաստանյան դուստր ձեռնարկությունը հրաժարվում է անել: «Հայռուսգազարդից» «Գազպրոմ Արմենիա» անվանափոխված ձեռնարկությունը վաղուց հրաժարվում է նոր տարածքներ գազաֆիկացնել:
Փաստացի Հայաստանի բնակավայրերի գազաֆիկացումը տեղի է ունենում դրամաշնորհային կամ բյուջետային միջոցների հաշվին: Այսինքն` բնական գազի սպառման ցանցը կառուցվում է Հայաստանի կառավարության միջոցներով: Բայց արդեն չորս տարի այդ գույքը անհատույց տրվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն էլ այդ գազատարների շահագործման արդյունքում եկամուտներ է ստանում: Ստացվում է` ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներից ֆինանսավորում է, որպեսզի «Գազպրոմ Արմենիա»-ն էլ ավելի շատ եկամուտներ ստանա:
Մինչդեռ մինչեւ «Հայռուսգազարդի»` ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսը ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին վաճառելը, նման դեպքերում այլ մոտեցում էր կիրառվում: «Հայռուսգազարդին» տրված գազատարների արժեքի չափով բարձրացվում էր ՀՀ կառավարության բաժնեմասի անվանական արժեքը: Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագրով ՀՀ սեփականությունը հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը 150 միլիոն դոլարի դիմաց տրվեց ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին: Մինչ այս գործարքը, երբ ՀՀ կառավարությունը պետական միջոցների հաշվին Հայաստանի բնակավայրերը գազաֆիկացնում էր, դա նույնն էր, թե բաժնետերը իր բիզնեսի ընդլայնման համար ներդրում է կատարում: Իսկ այժմ ստացվում է, որ Հայաստանը միջոցներ է ծախսում, որպեսզի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտները ավելանան, ու շարունակի Հայաստանի բնակչությանը բարձր սակագնով գազ մատակարարել:
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ չնայած գազատարն անցնում է Լեհվազ գյուղի տարածքով, այդ բնակավայրը չի գազաֆիկացվել: Իսկ Մեղրիի տարածքից գազաֆիկացվել է մոտ 90, Ագարակինը՝ 50 տոկոսը:
«Գումարն այդքան է բավարարել: Իրանական դրամաշնորհը այդքանն է բավարարել: Օրինակ` Լեհվազը, որի միջով անցնում է գազամուղը, գյուղը գազաֆիկացված չէ: Այս գյուղն ամենամեծն է: Հիմա փնտրում ենք ֆինանսավորման աղբյուրներ… բոլորը տեղյակ են… սպասում ենք: Մենք ամեն օր անհամբեր սպասում ենք, թե երբ կսկսեն գազի մատակարարումը: Տեխնիկական մի քանի գործողություն է մնացել, որոնք հնարավոր է երկու-երեք օրվա ընթացքում ավարտել»,- ասաց Զաքարյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿՐԿՆԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ` ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի 25 հազար 628 շահառու բժշկական ծառայություններ են ստացել պետության կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության միջոցով: Ի դեպ, նրանցից միայն 1742-ին մատուցվել է վիրահատական ծառայություն, այդ թվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սրտի վիրահատություններ։
Յուրաքանչյուր դեպքի նկատմամբ հսկողություն են իրականացնում նախարարության պետական առողջապահական գործակալությունը եւ համապատասխան ապահովագրական ընկերությունը։ Այդպիսով ապահովվում է պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների` ժամանակին եւ պատշաճ մատուցումը: Շահառուները նախարարության թեժ գիծ են դիմում հիմնականում տեղեկատվություն ստանալու համար. բժշկական ի՞նչ ծառայություններ են տրամադրվում պայմանագրի շրջանակներում, ո՞ր հիվանդություններն են հանդիսանում բացառություն, ի՞նչ հիմունքներով են իրականացվում հատուկ եւ դժվարամատչելի հետազոտությունները եւ այլն։ Առողջապահության նախարարության պաշտոնական էջում ստեղծված «Սոցիալական փաթեթ» դարանում` «Սոցիալական փաթեթ», կարելի է գտնել այս ծրագրին վերաբերող շատ հարցերի պատասխաններ։ Շահառուների իրազեկումը բարձրացնելու նպատակով պարբերաբար կներկայացվի թեժ գծին տրվող հարցերի պատասխանները։




Լրահոս