ՄԱՆԿԱՎԱՐԺ ԿԱԴՐԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը առաջիկայում փոփոխություններ է կատարելու «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ, հնարավորություն կընձեռվի միջին որակավորում ունեցող ուսուցիչներին, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ եւ սովորողների հետ կրթական եւ դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայիս օրենքով այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում ուսուցչի որակավորմանը հասանելիք պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը: Ի դեպ, նրանք մինչ այդ կարող էին ստանալ բարձրագույն կրթություն համապատասխան որակավորմամբ` ապահովելով օրենքով սահմանված պահանջը: ՀՀ կառավարությունն առաջարկում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել եւ ժամկետը երկարաձգել մինչեւ 2028 թվականը:
Այս նախագծով գործող կառավարությունն անուղղակի խոստովանում է, որ կրթական համակարգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Բանն այն է, որ Հայաստանում չկան բավարար թվով մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող մասնագետ ուսուցիչներ: Ավելին` բարձրագույն կրթությամբ ուսուցիչների խնդիր կա հատկապես մարզերում: Անգամ կան գյուղական շատ դպրոցներ, որտեղ մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող մասնագետների համալրման խնդիր կա:
Ու ստիպված դպրոցներում աշխատանքի են վերցնում թերի բարձրագույն կրթություն ունեցողներին` օրենքում բացառություններ անելով: Նշենք, որ գյուղական դպրոցներ կան, որտեղ համապատասխան ուսուցչի բացակայության պատճառով որոշ առարկաներ ուղղակի չեն դասավանդվում: Իսկ կան առարկաներ, որոնք դասավանդվում են ոչ մասնագետների կողմից: Օրինակ` կենսաբանություն առարկան կարող է դասավանդել մաթեմատիկայի մասնագետը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսված է, որ դպրոցներում այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում ուսուցչի որակավորմանը, կարող են աշխատել մինչեւ հաջորդ տարվա օգոստոսի 20-ը: Բայց այս տարիների ընթացքում այդ մարդիկ մասնագիտական բարձրագույն կրթություն ձեռք չեն բերել: Չնայած պաշտոնապես այդ մասին չի հայտարարվում, բայց հիմնական պատճառն այն է, որ դրա համար ուսուցիչները ստիպված պետք է հեռակա ուսուցում անցնեն: Այսինքն` նրանք պետք է սովորելու նպատակով որոշակի ծախսեր կատարեին, ինչը հատկապես հեռավոր գյուղական համայնքների ուսուցիչների համար լրացուցիչ սոցիալական բեռ է, եւ նրանք պարզապես հրաժարվել են այդ անել: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ եկող տարվա օգոստոսի 20-ից հետո ուսուցիչների մի մասը մնալու է առանց աշխատանքի, իսկ դպրոցներն` առանց ուսուցչի:
Ի դեպ, տվյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին կից հիմնավորումների մեջ կան նաեւ թվային տվյալներ` թե քանի ուսուցիչ ունի բարձրագույն, քանիսը` միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն: Ըստ այդմ, եթե 2010-2011 ուս. տարում ուսուցիչների թիվը կազմել է 40 հազար 376, ապա 2016-2017 թվականներին նվազել է` դառնալով 38 հազար 273: Նկատենք, որ ուսուցիչների թիվը տարեցտարի նվազել է: Նվազում արձանագրվել է նաեւ բարձրագույն կրթությամբ ուսուցիչների դեպքում: Այնուամենայնիվ, եթե կառավարությունը պատրաստ լինի օրենքը ամբողջությամբ կիրառել, ապա օգոստոսի 20-ից թվով 3574 ուսուցիչ դուրս է մնալու համակարգից:
Գաղտնիք չէ, որ թերի բարձրագույն ուսուցմամբ վերը նշված ուսուցիչները հիմնականում հեռավոր գյուղերի դպրոցներում են աշխատում: Որակյալ ուսուցչական կադրերի պակասի խնդիրը նոր չէ: Սակայն վերջին տարիներին արտագաղթի մեծ տեմպերի հետեւանքով այն ավելի է սրվել:
Իսկ այն փաստը, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքի վերը նշված դրույթի գործունեությունը հետաձգել մինչեւ 2028 թվականը, թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ կառավարությունը հույս չունի, որ կադրերի պակասի խնդիրը մոտ ապագայում կարող է լուծվել: Այսինքն` համոզված են, որ նույնիսկ այսօրվա աշակերտները, երբ բարձրագույն կրթություն ստանան, միեւնույն է` չեն ցանկանա գնալ հեռավոր գյուղեր եւ մանկավարժ աշխատել: Գյուղերում ծնված եւ մեծացած երիտասարդներն էլ բարձրագույն կրթություն ստանալուց հետո չեն ցանկանա վերադառնալ հայրենի գյուղ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս