Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները ոչ միայն տարեցտարի են թանկանում, այլեւ օր օրի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մեր հանրապետությունում սպառողական շուկայում անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ ալկոհոլային խմիչքի եւ սննդամթերքի 3.6 տոկոս թանկացումով:
Բայց պաշտոնական տվյալներով` դեկտեմբերին հիմնական գնաճը արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում` 5.5 տոկոս: Ըստ այդմ, թանկացել է ալկոհոլային խմիչքը, ծխախոտը` 4 տոկոսով: Միայն բանջարեղենի եւ մրգի շուկայում անցած դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, թանկացումը կազմել է 25.1 տոկոս: Մսամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել` 1.3 տոկոսի չափով: ՀՀ բոլոր քաղաքներում անցած տարեվերջին նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4-3.8 տոկոսով: Բայց Եղեգնաձոր քաղաքում մսամթերքը ավելի թանկ գնով է վաճառվել:
Անդրադառնանք առաջին անհրաժեշտության սննդատեսակներից կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներին, որտեղ եւս թանկացումներ են արձանագրվել: Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձուն թանկացել է 19.4 տոկոսով: Իսկ ահա կաթնամթերքի շուկայում դեկտեմբերին արձանագրված գնաճը կազմել է 2.6 տոկոս: Նկատենք, որ հանրապետության բոլոր քաղաքներում անցած տարեվերջին նոյեմբերի համեմատ կաթնամթերքի, պանրի եւ ձվի գները բարձրացել են 1.5-4.3 տոկոսով: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապան քաղաքում: Բայց Երեւանում կաթնամթերքը, պանիրը եւ ձուն թանկացել են 2.4 տոկոսով: Բայց տարիների կտրվածքով Հայաստանի կաթնամթերքի շուկայում թանկացումների չափը հսկայական ծավալների է հասնում: Վերջին տարիների գների տեղաշարժը ներկայացված է աղյուսակում.
Ի դեպ, նշենք, որ 2014 թվականի վերջին եւ 2015 թվականի սկզբին դոլարի եւ եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրանացավ, ինչի արդյունքում ներքին շուկայում թանկացումներ գրանցվեցին: Սա է պատճառը, որ 2015 թվականի հունվարին նշված ապրանքատեսակների գները փոքր-ինչ բարձր են եղել, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում:
Սակայն «Չանախ» կաթնամերքի արտադրության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով կաթնամթերքի տարիների ընթացքում արձանագրված թանկացումներին, հավաստիացրեց, որ վերջին չորս տարիների ընթացքում իրենք իրենց արտադրանքի գները փոփոխության չեն ենթարկել. «Մենք չենք թանկացրել մեր արտադրանքը: Ես սա ասում եմ Ձեզ որպես արտադրության պատասխանատու: Մենք փորձել ենք անել հնարավորինս, որպեսզի չթանկացնենք մեր արտադրանքը»:
Բայց ՀՀ Շիրակի մարզում գործող «Իգիթ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունից կաթնամթերքի գների` վերջին տարիների աստիճանական բարձրացումը հիմնավորեցին Հայաստանում տեղի ունեցող ընդհանուր ապրանքների թանկացումով: «Այնպես չէ որ միայն կաթնամթերքի գներն են բարձրացել, ամեն ինչ համատարած թանկացել է ու շարունակում է թանկանալ: Հարկեր կան, տրանսպորտային միջոցների վառելիքն է թանկացել, հումքի գներն են բարձրանում: Դա է պատճառը, որ ամեն ինչ տարեցտարի թանկանում է: Հետո` Հայաստանում կյանքն այլեւս առաջվանը չէ»,- ասաց ընկերության աշխատակիցը:
Իսկ ահա թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքերով` վերջին տարիներին ձվի թանկացումը պայմանավորված է այդ արտադրության ոլորտում կիրառվող լրացուցիչ ծառայությունների գների բարձրացումով: «Օրինակ` վերջին տարիներին մի քանի անգամ թանկացել են հավկիթի համար նախատեսված փչակները, պլաստմասե տուփերը: Էներգակիրների մասին ավելորդ է անգամ խոսել: Չէ՞ որ տարիների ընթացքում դրանց գները եւս բարձրացել են: Բացի այս` թանկացել է նաեւ թռչնակերի ներկրումը»,- պարզաբանեց մասնագետը:
Բայց այս տարվա հունվարի 1-ից լայնածավալ թանկացումների մեկնարկն արդեն տրված է: Եւ, բնականաբար, 2018-ի հունվարին վերոնշյալ ապրանքատեսակների գները փոփոխություն են կրել ու ավելի թանկացել: Օրինակ` հավկիթի 15 հատանոց տուփը այսօր վաճառվում է մոտ 960 դրամով, որը տարիներ առաջ ուներ 930 դրամ գինը: Միայն թթվասերի 90 գրամանոց տուփը տարիներ առաջ վաճառվում էր 100 դրամով, իսկ հիմա այն արժի 140 դրամ:
Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից այլեւս չի գործում ԵԱՏՄ անդամակցելուց հետո ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը, ինչը նույնպես լրացուցիչ գնաճային ճնշում է առաջացնում: Կարճ ասած` առաջիկայում Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսելու, միայն դրանք պայմանավորված են լինելու ոչ թե միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, այլ սահմանված է լինելու օրենքով:
Սյունէ Համբարձումյան